Իմացե՛ք, որ կենդանի է իմ Աստվածը
Տիեզերահռչակ մեծ զորավար և Քրիստոսի վկա Սբ. Գէորգը (անունը նշանակում է՝ երկրագործ), ծնվել է 3-րդ դարում, Կապադովկիայի Մաժակ քաղաքի մոտ (այժմ՝ Կեսարիա), ապրել է Դիոկղետանիոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք:
Մանկությունը անցկացրել է Պաղեստինում: Ընդգրկվել է զինվորական ասպարեզ և դարձել հազարապետ, երբ դեռ երեսուն տարեկան էլ չկար:
Դիոկղետիանոս չարաբարոյ կայսրը՝ իր տեղակալի Մագնենտիոսի խորհրդով, մի խիստ հրովարտակ է հանում ընդդեմ քրիստոնյաների, որ այն քրիստոնյաները, ովքեր հանձն չէին հառնում զոհաբերություն կատարելու աստվածների համար, պետք է մեռնեին չարաչար մահով:
Եվսեբիոս Կեսարացին ակնարկելով այս հրովարտակը՝ գրում է.
-Երբ Նիկոմիդիայում հրովարտակ ելավ ընդդեմ քրիստոնյաների, մեկը (Ս. Գէորգը) աստվածային նախանձով վառված՝ պատռեց այդ հրովարտակը: Եվ այդ մեկը, ով հայտնի էր իր սխրագործություներով, սպասում էր, որ իր այս համարձակության համար չարաչար տանջանքների կարժանանար:
Սակայն Ս. Գէորգը ոչ միայն չվախեցավ, այլ նաև քաջալերեց մյուս քրիստոնյաներին՝ ասելով.
-Մի՛ վախեցեք նրանցից ովքեր կարող են մարմինը մեռցնել, բայց ոչ՝ հոգին: Հիշեցե՛ք տերունական ճշմարիտ ավետիսը թե՝ «Ով ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ նրանց պետք է ուրանամ Աստծո առջև»:
Ս. Գէորգը ամբողջ ավագանու ներկայությամբ ասում է.
-Ես քրիստոնյա եմ, ո՛վ թագավոր և կանգնած եմ ձեր առջև: Ասացեք ո՞ր հանցանքների համար եք ուզում կորստյան մատնել արդար քրիստոնյաներին: Միթե՞ հանցանք է պաշտել կենդանի Աստծուն: Մենք խոստովանում ենք ամենասուրբ Երրորդությունը՝ Հայր, Որդի ու Սուրբ Հոգի, որ ամեն ինչ ստեղծեց: Եւ մենք մահից հետո հավիտենական կյանքի հույս ունենք: Իսկ դուք՝ հեթանոսներդ, միաստվածությունը բազմաստվածության եք վերածում՝ տարբեր առասպելներ հորինելով: Այդ ամենը սատանայի գործն է, որ իր հետևորդներին դեպի կորուստ է տանում:
Մագնենտիոսը զարմացած հարցրեց Ս. Գէորգին.
-Ո՞վ ես դու, որ այդքան հանդգնությամբ ես խոսում:
Քաջ նահատակը պատասխանեց.
-Իմ առաջին անունը քրիստոնյա է, բայց մարդիկ ինձ Գէորգ են կոչում, որովհետև Աստված ուզում է, որ պտղաբերեմ իր այգու մեջ:
Դիոկղետիանոս կայսրը, որ քաջ ճանաչում էր առաքինի զորավարին ասաց.
-Գէո՛րգ, մենք գիտենք, որ դու իմաստուն ու քաջ ես: Բայց իմացի,ր, որ քո այդ համարձակությամբ քեզ կկործանես: Եթե ուզում ես մեծ պատվի արժանանալ, ապա արի ու զոհ մատուցիր աստվածներին:
Գէորգը պատասխանեց.
-Քո խոստումներով չես կարող իմ բարեպաշտությունը խախտել: Երանի դու էլ ճանաչեիր ճշմարիտ Աստծուն և երկնքի թագավորությանը արժանանայիր, որովհետև քո իշխանությունը ժամանակավոր է:
Դրանից հետո թագավորը հրամայեց հրապարակում կախել նրան ու աղիքները հանել:
Երբ կատարեցին թագավորի հրամանը, արյունը ցայտեց սրբի մարմնի շուրջը, բայց գեղարդի կապարը ծալվեց:
Այս տեսնելով՝ Դիոկղետիանոսը հրամայեց, որ նրան բանտ նետեն: Սատանայի խորհրդով թագավորն ու իր խորհրդակիցները շինել տվեցին մի մեծ անիվ, որը ամեն կողմից սրերով էր պատված: Երբ նրան մեքենայի տակ դրեցին մարմինը չարաչար հոշոտվեց:
Եվ ահա երկինքը որոտաց և երկնքից մի ձայն ասաց.
-Քաջալերվի՛ր Գէորգ, որովհետև քո Փրկիչը քեզ պետք է զորացնի:
Եվ Աստծո հրեշտակն իջավ ու ազատեց նրան տանջանքներից:
Այնտեղ գտնվողները ասում էին.
-Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը:
Ս. Գէորգը Դիոկղետիանոսին ու Մագնենտոսին գտավ տաճարի մեջ աստվածներին զոհ մատոցելիս և ասաց նրանց.
-Ահավասիկ ես այստեղ եմ: Իմացե՛ք, որ կենդանի է իմ Աստվածը:
Թագավորն ասաց.
-Միթե՞ դու Գէորգն ես, թե նրա ստվերն ես:
Մագնենտոսն ասաց.
-Գէորգին է նման:
Ս. Գէորգն ասաց.
_Այո ես եմ, Հիսուս Քրիստոսի ծառա Գէորգը: Ետ դարձե՛ք ձեր մոլորությունից և ճանաչեցե՛ք ճշմարիտ Աստծուն:
Մի քանի զորականներ դարձի եկան և ասացին.
-Մեծ է քրիստոնյաների Աստվածը: Նա է միակ ճշմարիտ Աստվածը և Նրանից բացի այլ Աստված չկա:
Թագավորը հրամայեց նրանց բոլորին կոտորել: Զորականները կառափնարան գնալիս միաբերան ասում էին.
-Տեր Հիսուս, ընդունիր մեզ քեզ խոստովանողների խմբի մեջ և արժանացրու մեզ երկնքի արքայության պսակին:
Եվ այսպես նահատակվեցան սրբերը:
Աղեքսանդրիա թագուհին ևս դարձավ քրիստոնյա:
Թագավորը սա իմանալով՝ հրամայում է Գէորգին թաղել կրի անշեջ գուբի մեջ մինչև որ մարմինը խաչեն և այրեն:
Կատարեցին հրամանը և երեք օր հետո մարմինը ողջ առողջ դուրս հանեցին կրի մեջից:
Աղեքսանդրիա թագուհին սա լսելով՝ առավել ևս ամրապնդվեց իր հավատքի մեջ և իր պատճառով դարձի եկան նաև մյուս զորականները:
Թագավորը կանչում է Ս. Գէորգին ու հարցնում.
-Ասա՛՝ ո՞վ կենդանացրեց քեզ:
-Եթե լսեք, դարձյալ չեք հավատա: Սակայն իմացի՛ր, որ ինձ տանջանքներից փրկեց Հիսուս Քրիստոսը՝ Աստծո որդին:
Թագավորը հարվածել տվեց սրբի բերանն ու մտրակեց ամբողջ մարմինը:
Ապա Մագնենտիոսի խորհրդով թագավորը կանչել տվեց անվանի կախարդ Աթանասիոսին և նրան պատրաստել տվեց երկու դեղ: Առաջին դեղը խմելուց հետո նրա միտքը պետք է փոխվեր ու նա թագավորին պետք է հնազանդվեր: Իսկ երկրորդ դեղը խմելուց հետո պետք է մահանար: Ս. Գէորգը երկուսն էլ խմեց, սակայն նրա հետ ոչինչ տեղի չունեցավ: Սա տեսնելով՝ Աթանասիոսը ևս դարձի եկավ: Թագավորը սպանեց կախարդին, իսկ Գէորգին նորից բանտ ուղարկեց:
Մագնենտիոսն ասաց, որ քրիստոնյաները հավատարիմ մարդիկ են և նրանց կարելի է շահել միայն սիրաշահելով:
Թագավորը սիրաշահելով՝ ասաց Ս. Գէորգին.
-Եթե ինձ հնազանդվես ու անմահ աստվածներիս զոհ մատուցես, ապա մեծ անուն ու պատիվ կշահես:
Ս. Գէորգն ասաց, որ այս անգամ կլսի նրան.
-Ու՞ր են աստվածներդ, տար ինձ նրանց մոտ:
Երբ կռատուն տուն մտան, կայսրը տարավ Գէորգին, որ զոհի աստվածներին: Ս. Գէորգը կուռքին ասաց.
-Ինձ ասե՛ք՝ իրական աստվա՞ծ եք:
Դևի ոգին, որ կուռքի մեջ էր ասաց.
-Ո՛չ, մենք աստվածներ չենք: Աստված մեկն է, որ ստեղծեց երկինք ու երկիրը: Մենք սատանաների վերածված ապստամբ հրեշտակներ ենք:
Ս. Գէորգն ասաց.
-Ուրեմն ինչպե՞ս եք համարձակվում մնալ այստեղ, Աստծո ծառայի ներկայությամբ:
Եվ ահա դևերը խույս տվեցին տաճարից, և կուռքերը մեծադղորդ գետնին ընկան ու խորտակվեցին:
Քրմերը սա տեսնելով՝ ասացին.
-Թագավո՛ր, տա՛ր այս կախարդին, որ կործանեց բոլոր կուռքերը:
Դու ինձ խոստացար Ապոլոնին զոհ մատուցել, ինչու՞ այս արարքը գործեցիր:
Աղեքսանդրիա թագուհին ասաց.
-Ճշմարիտ է Գէորգի Աստվածը, որ նմանն հրաշքներ է գործում:
Թագավորը զայրանում է և թագուհուն՝ Գէորգի հետ միասին դատապարտում մահվան:
Թագուհի Աղեքսանդրիան Աստծուն աղոթելով՝ իր սուրբ հոգին ավանդեց: Իսկ Ս. Գէորգը աղոթեց Աստծուն, որ հեթանոսները ճանաչեն ճշմարիտ լույսը ու դառնան Աստծուն: Ապա ասաց զինվորներին.
-Կատարե՛ք ձեր թագավորի հրամանը: Եվ իսկույն կտրեցին նրա գլուխը Քրիստոսի 303 թվին:
Ս. Գէորգի մարմինը տարան Պաղեստին՝ Դիոսպոլիս քաղաք կամ Ռամլե ավան: Այնտեղ ասորիների եկեղեցում նրա նշխարները ցուցադրվում էին մինչև 13-րդ դարը: Այնտեղ կա նաև Ս. Գէորգին նվիրված մի եկեղեցի:
Աղբյուր՝ Վարք Սրբոց
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը