• «Ու՞ր ես Ադամ». հարցնում է Աստված յուրաքանչյուրիս

    «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, եւ ամաչեցի, որովհետեւ մերկ էի եւ թաքնուեցի»», Ծննդ. 3, 9-10


    Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է «Արտաքսումն Ադամայ ի դրախտէն», այսինքն՝ մարդու արտաքսումը դրախտից, որ տեղի ունեցավ մեր նախածնողների՝ Ադամի և Եվայի մեղքի պատճառով, որն էր անհնազանդությունը Աստծո կամքին: Եկե՛ք մտածենք այս պատմության շուրջ, որ կարդում ենք Ծննդոց գրքի 3-րդ գլխում:

     

    Աստված դրախտի պարտեզում, ի թիվս այլ ծառերի, տնկեց երկու առանձնահատուկ ծառ: Դրանցից մեկը կենաց ծառն էր, այսինքն կյանք տվող ծառը՝ որպես կյանքի աղբյուր, ինքնին կյանքի՝ հավիտենական կյանքի աղբյուր, որովհետև այդ ժամանակ դեռևս մեղքի հետևանքով մահը աշխարհ չէր մտել: Կենաց ծառը մարդուն միշտ հիշեցնում էր Աստծո հետ միասին հավիտենական կյանք ունենալու երանության մասին: Պարտեզում Աստված տնկեց նաև բարու և չարի գիտության ծառը: Սա ոչ թե մարդուն գայթակղելու կամ փորձելու համար էր, որովհետև Աստված մարդուն չի փորձում (Յկբ. 1, 13), այլ մարդու ազատության միակ սահմանափակումը կամ մարդու ազատության միակ հնարավոր կորուստը, մի սահման, որը հատելը կնշանակեր կորցնել այն ամբողջ երջանկությունը, որի մեջ ապրում էր մարդ արարածը: Իսկ այդ երջանկությունը հիմնված էր երեք կարևոր սկզբունքների վրա: Առաջինը Աստծո կամքի հետ մարդու կամքի լիակատար ներդաշնակությունն էր: Դա նշանակում էր նաև մարդու լիակատար ներդաշնակությունն ինքն իր հետ, մերձավորի հետ և ամբողջ արարչագործության հետ: Այդ ներդաշնակությունը հիմնված էր աստվածային կամքի առաջ մարդու անվերապահ և գիտակից հնազանդության վրա, որ երկրորդ սկզբունքն է: Հենց այս հնազանդության մեջ էր մարդը լիարժեք ազատ, այսինքն՝ մարդը իր ազատությունը լիովին կարող է ապրել և վայելել՝ միայն ու միայն Աստծուն հնազանդվելով: Ազատությունն էլ երրորդ առանցքային սկզբունքն էր: Դրախտում մարդ արարածն իր ազատությունը չէր օգտագործում նաև չար գործերի համար, ինչպես եղավ մեղսագործությունից հետո, այլ այդ ազատությունը իր ամբողջ անսահմանափակությամբ և անասելի ներուժով (քանի որ մարդը մասնակից էր աստվածային ազատության մեջ), օգտագործվում էր միայն ու միայն բարին գործելու համար, Աստծուն, մերձավորին ու արարչագործությունը առավել շատ սիրելու համար, երկրին տեր կանգնելու և պահպանելու համար, մշակելու և երկրի բարիքներով Աստծուն գոհություն մատուցելու համար: Եվ այս ամենի պատճառը այն էր, որ մարդը չգիտեր, թե ինչ է չարը:

     

    Աստված պատվիրել էր չուտել չարի և բարու գիտության ծառից՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել մահվան. «Բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ դրանից ուտէք, մահկանացու կը դառնաք», 2, 17: Այսինքն, չարի մասին գիտությունն արդեն իսկ նշանակում էր մեռնել, կորցնել այդ ամենը, ինչ մարդն ուներ դրախտում: Մարդ արարածը թեև ստեղծված էր Աստծո պատկերով և նմանությամբ՝ այսինքն բանական էր ու ազատ և ուներ հավիտենական կյանքի փափագը, բայց թույլ էր և ենթակա՝ չարով գայթակղվելու, կարող էր խաբվել սատանայից, ինչպես եղավ: Աստված մարդուն ուզում էր պաշտպանել չարից, բայց և ուզում էր, որ մարդը պատասխանատվությամբ մոտենա իր ազատությանը, որը շնորհված էր իրեն որպես մի նվեր:

     

    Երբ սատանան օձի տեսքով մոտեցավ կնոջը, իր հարցով առիթ տվեց կնոջը մտածելու Աստծո պատվիրանի մասին, Աստծո խոսքերին քննադատաբար մոտենալու առիթ տվեց: Կինը սկսեց մտածել և ասաց Աստծո խոսքերը, թե երբ այդ ծառից ուտեն, կմեռնեն: Սատանան ասաց. «Չէք մահանա, որովհետեւ Աստուած գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինեք աստուածների նման՝ կիմանաք բարին ու չարը», Ծննդ. 3, 5: «Կը լինէք աստուածների նման», սա՛ է այն բանալի խոսքը, որով հասկանում ենք, թե ինչո՛վ գայթակղվեցին առաջին կինը և տղամարդը, այսինքն՝ լինել աստվածներ կամ Աստծո նման, նշանակում է լինել սեփական կյանքի տերը, լինել արարիչ, լինել հեղինակ սեփական ինքնության և նույնիսկ տիեզերքի, ունենալ անսահմանափակ իշխանություն, զորություն, լինել ամենակարող, այլևս կախում չունենալ ոչ ոքից. այսպես էր առաջին կինը պատկերացնում աստվածների պես լինելը, այսինքն միայն ինքնիշխանությունն ու ազատությունը՝ առանց սիրո և խոնարհության, առանց անձնվիրության, առանց հոգատարության, առանց պատասխանատվության:

     

    Ցավոք, այսպես է մարդկությունը, մեծ մասամբ, ընկալել իշխանությունը պատմության ընթացքում և այսօր: Այսինքն այսօր էլ Աստծո պատվիրանները արհամարհելը ենթադրում է ունենալ այդպիսի իշխանություն, բայց առանց սիրո: Այսօր էլ մարդ արարածը թեև սիրում է կոչվել քրիստոնյա, բայց չի սիրում հնազանդվել Աստծուն, այլ գերադասում է իր սեփական օրենքներն ու կյանքի սկզբունքները, որոնք հաճախ թելադրվում են այն նույն հնագույն օձի կողմից՝ ամենագեղեցիկ և ակնահաճո ձևերով, նույնիսկ շատ ավելի գեղեցիկ, քան դրախտի արգելված ծառի պտուղն էր, որ գերեց Եվային: Եվան իր որոշումը կամ անկումը կիսեց Ադամի հետ, Ադամը վստահեց Եվային, նրանց միջև առաջ եկավ մի նոր միություն, որն արդեն այն նույն միությունը չէր, որը հիմնված Աստծո կամքի հանդեպ հնազանդության վրա: Այսինքն, մարդկային ընտանիքի այն առաջնային ձևը, որտեղ տղամարդու և կնոջ միությունը հիմնված էր Աստծո և ամբողջ արարչագործության հետ իրենց միության կամ, ավելի ճիշտ կլինի ասել, հաղորդության, վրա, այլևս կորսված էր: Մարդկային առաջին ընտանիքը նախընտրեց ի՛ր միությունը՝ անկախ Աստծուց և արարչագործությունից, նախընտրեց ոչ թե իր միության մեջ արտացոլել Աստծո և արարչագործության միությունը, որը մարդկային ամուսնական զույգի առաջնային առաքելությունն է, այլ կառուցել սեփական միությունը՝ հիմնվելով իր գիտելիքների վրա: Իսկ այսպիսի միությունը, որը հիմնված է բացառապես մարդկային պատկերացումների վրա, չի կարող լիարժեք սիրո և նոր կյանքի օրրան լինել, վաղ թե ուժ կազմաքանդվում է կամ այլափոխվում պարզապես համակեցության, ինչը մարդկությունը տեսել է, և այսօր առավել մեծ ինտենսիվությամբ և ողբերգականությամբ ենք տեսնում. «ընտանիք» հասկացության ընկալումն ինքնին այլափոխված է, որովհետև մարդը վերջնականորեն վճռել է լինել ինքն իր տերը, ինքն իրեն աստված է հռչակում:

     

    Միմյանց հետ, Աստծո և բնության հետ անարատ ներդաշնակության կորստյան հետևանքը եղավ այն, որ Ադամն ու Եվան ձեռք բերեցին մի կեղեքող «նվեր»՝ ամոթը: «Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են» (Ծննդ. 3, 7): Նրանք մերկացել էին իրենց շնորհներից, իրենց երջանկությունից, հավիտենական կյանքից, Աստծո ներկայությունից և իրենք մարմիններն հանկարծ սկսեցին ընկալել որպես Աստծուց և ընդհանուր ներդաշնակությունից զատ մի երևույթ՝ իրենց այլևս անկառավարելի ցանկություններով, որոնց համար համար ամաչում էին: Այսպիսով, նրանք իրենց երջանկությունը փոխարինեցին ամոթի մշտական զգացմամբ, հոգևոր և բարոյական մերկությամբ, սատանայի և իրենց սեփական «ես»-ի հարձակումների առաջ բացարձակ անպաշտպանությամբ: Նրանք դարձան խոցելի և օգնության մշտական կարիքի մեջ, հոգևոր աղքատության մեջ, որը հետագայում իրենց սերունդները ջանում էին լցնել ոչ թե Աստծո ներկայությամբ, այլ դեպի մեղք տանող ցանկություններով, նյութական հարստությամբ, առավել մեծ իշխանասիրությամբ և փառամոլությամբ, որոնց վերջում, սակայն, մարդկությանը, սպասում էր նույն մերկությունը:

     

    Մարդը սկսեց թաքնվել Աստծուց՝ իր մերկության պատճառով. «Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց. «Ու՞ր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, եւ ամաչեցի, որովհետեւ մերկ էի եւ թաքնուեցի»», Ծննդ. 3, 9-10:

     

    Մարդկության ամբողջ պատմության ընթացքում Աստված միշտ Ի՛նքն է փնտրում մարդուն և տալիս է այդ նույն հարցը. «Ու՞ր ես»: Իսկ մենք հաճախ թաքնվում ենք Աստծուց` Ադամի նման, փախչում ենք հեռու և թաքնվում մեր առօրյա գործերի, մեղքերի, եսասիրության, անտարբերության հարմարավետ ծառերի ետևում, որոնք, սակայն, չեն կարող մեզ թաքցնել Աստծո ամենատես աչքից և Աստծո ամենագութ, զոհաբերվող և ամեն ինչ ներող սիրուց:

    Աստված Ադամին ու Եվային արտաքսեց դրախտից, բայց երբեք չլքեց նրանց մենակ, այլ միշտ հոգ տարավ իր հայրական սիրով բայց և խստությամբ՝ մինչև ժամանակների լրումը, երբ Իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի մարդուն վերադարձնի կորուսյալ դրախտը, Աստծո սիրասուն գիրկը, որպեսզի մարդն այլևս չամաչի ինքն իրենից, իր մարմնից, այլ իր կյանքը, իր մարմինը դարձնի միջոց՝ ոչ թե ինքնահաստատման, ինքնամեկուսացման, ինքնափառաբանման համար, այլ միայն ու միայն Աստծուն փառաբանելու համար, որպեսզի մարդս Քրիստոսի միջոցով վերականգնի իր նախնական անմեղությունն ու ներդաշնակությունը ինքն իր հետ, իր արարչի, իր ընկերոջ և բոլոր արարածների հետ: Ներդաշնակությունը կորավ մարդու մեղքով, մարդու շնորհի՛վ էլ պետք է վերականգնվի: Ամբողջ տիեզե՛րքն է սպասում մեզանից յուրաքանչյուրի ապաշխարությանը, անկեղծ զղջմանը, առ Աստված անձնվեր սիրուն և հավատքի զորացմանը: Մեզնից յուրաքանչյուրն այսօր և հիմա մեծ առաքելություն ունի անելու՝ ամբողջ տիեզերքը դարձյալ Աստծո առաջ հնազանդության մեջ դնելու տերունական առաքելության մեջ, որ առաջ է տանում մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

     

    Իմ և քո, բոլորի այդ առաքելությունը սկսվում է Աստծո կամքի առաջ լիակատար հնազանդությունից, ինքներս մեզ խոնարհեցնելուց, «ես»-ի մեկուսացվածությունից ազատագրվելուց և Աստծո, մերձավորի, արարչագործության առջև բացվելուց: Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ արգելված պտուղը չէ՛ մեր կյանքի սնունդը, այլ՝ «Աստծո ամեն խոսք, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Երբ աշակերտները Հիսուսին հարցրեցին, թե արդյոք ինչ որ բան կերել է, Հիսուս պատասխանեց. «Իմ կերակուրը այն է, որ կատարեմ կամքը նրաով ինձ ուղարկել է», Յվհ. 4, 34: Այդ կերակուրը մեզ համար ոչ այլ ինչ է՝ քան Աստծո մարմնացյալ Խոսքը՝ Սուրբ Հաղորդությունը: Միայն սա՛ պետք է լինի մեզ համար գրավիչ և գեղեցիկ կերակուրը և ոչ թե արգելված պտուղները, որոնք սատանայից են:

     

    Բոլորս այսօր ճշմարիտ ապաշխարության և պահեցողության համար կարիքն ունենք նոր կնոջ՝ Սուրբ Կույս Մարիամի օգնությանը, որ ջախջախում է օձի գլուխը, որ մարդկությանը և տիեզեքի համար նոր մարդու ճշմարիտ օրինակ է: Նա Եվայի հակապատկերն է իր սրբությամբ և հնազանդությամբ:

    Սուրբ Կու՛յս, աղոթի՜ր մեր սրբության և հնազանդության համար այսօր և միշտ. ամեն:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    9 մարտի, 2019թ.

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments