• Զրույց մենության մասին՝ Հայկական Կարիտասի սոցիալական կենտրոնի տարեցների հետ

    Մենություն, մաս Ա


    Այսօր, սիրելինե՛ր, մենք կսկսենք մի զրույց՝ մենության մասին, մի թեմա, որ հատկապես, առաջացած տարիքում, շատ կարևոր է արծարծել: Ձեզանից շատերին, կարծում եմ, մենության զգացումը քաջ ծանոթ է կամ առօրեական մի վիճակ է, որից, գուցե, հրաժարվելը ահավոր բարդ է թվում, հատկապես, երբ դա արդեն սովորության նման մի բան է դարձել: Համենայնդեպս, մենության զգացումը յուրաքանչյուր մարդու մոտ յուրովի է և ունի իր յուրահատուկ պատճառները: Լև Տոլստոյն իր Աննա Կարենինա վեպը սկսում է այսպես. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի» (Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему. Л. Н. Толстой, Анна Каренина, Глава 1): Սա, թերևս, ճշմարիտ է նաև անհատների պարագայում, հետևաբար դժվար է նույն կերպ մոտենալ բոլորի ցավին և դժբախտությանը, մինչդեռ երբ մարդիկ երջանիկ են, նրանց ուրախ դեմքերը նման են իրար: Այդպես էլ միայնակ մարդիկ թեև արտաքուստ նման են միմյանց իրենց մենությամբ, բայց կատարելապես տարբեր են միմյանցից իրենց մենության պատճառներով: Յուրաքանչյուր միայնակ մարդու պատմություն տարբեր է, առավել ևս առաջացած տարիքում ամեն մեկն իր ուսերին շալակած տանում է մի ամբողջ կյանքի պատմություն, տխրությունների, զրկանքների, դժվարությունների մի մեծ բեռ, որը բերել-հանգեցրել է մենության:

     

    Մենք խոսելու ենք նախ երկու տեսակ մենության մասին. մենություն՝ ուղղակի իմաստով, երբ մարդ ապրում է մենակ, առանց հարազատների և այն մենությունը, երբ մարդ ապրում է հարազատների հետ միասին, բայցևայնպես, ինքն իրեն կատարելապես մենակ է զգում այս աշխարհում, մենություն՝ մարդկանց մեջ, սա թերևս ավելի ծանր է:

     

    Առաջին դեպքում՝ երբ առաջացած տարիքում մարդ ապրում է առանց հարազատների կամ կյանքի երկրորդ կեսի, պատճառները կարող են կապված լինել սեփական սխալների կամ բնավորության գծերի հետ, օրինակ՝ ամուսնու կամ կնոջ հետ ապրելու մեջ ձախողում, միմյանց չհասկանալը, որի հետևանքով եղել է բաժանություն, կամ ձախողում զավակների հետ միասին ապրելու, որովհետև զավակների համար անտանելի է իրենց ծնողի հետ միասին ապրելը, որովհետև, գուցե, ծնողն անտանելի բնավորություն ունի կամ, գուցե, զավակներն են մեղավոր կամ, գուցե, եղել է մի գժտություն, որից հետո այլևս շատ դժվար է ետ բերել կորածը: Ավելի ծանր է այն մենությունը, որը հետևանք է զավակի մահվան, այստեղ ցավը, կյանքի լավագույն պտուղը, աստվածատուր նվերը կորցնելու զգացումը անտանելի է դարձնում միայնակ, առանց զավակի շարունակել ապրելը: Ոմանք նույնիսկ ուրախության առիթներին չեն կարողանում վանել իրենց քաղցր և միաժամանակ ծանր հիշողությունները և արցունքները, ինչին որ ականատես ենք եղել նաև ձեր այս կենտրոնում: Հարկավոր է նման դեպքերում հասկանալ միմյանց հոգեկան դժվարությունները և չդատապարտել: Այս մասին հետո առավել մանրամասն կխոսենք:

     

    Թերևս, ավելի թեթև է տանել երկրորդ մենությունը, որի պատճառները այնքան էլ մեզանից կախված չեն, այսինքն՝ օբյեկտիվ են, օրինակ՝ երբ ամուսնացած չլինելը, կամ երբ ամուսինը կամ կինը մահացել են, կամ մարդ հայտնվել է միայնության մեջ՝ առանց որևէ մեկի սխալի, առանց զավակների հետ գժտության, այլ պարզապես ընտանեկան կյանքը այդպես է ստացվել: Մենության զգացման պատճառ կարող է լինել նաև հասարակական կյանքից մեկուսացվածությունը՝ տարիքի կամ մասնագիտության այլևս ոչ կիրառելի լինելու պատճառով, օրինակ երբ թոշակի եք անցնում ոչ ձեր կամքով, կամ ունեք մի մասնագիտություն, որը հին խորհրդային հասարակարգում կիրառելի էր և շատ կարևոր, կար համապատասխան արտադրություն, մասնագիտությունը պահանջված էր, իսկ հիմա նման արտադրություն չկա, արդյունաբերության ձևերը փոխված են և կան մասնագիտություններ, որոնք այլևս հարկավոր չեն: Եղան այնպիսիք, ովքեր կարողացան այս վերջին երեք տասնամյակների ընթացքում վերամասնագիտանալ և աշխատաշուկայում տեղ զբաղեցնել ու աշխատում են անգամ թոշակային տարիքում: Այս պարագայում շատ ավելի հեշտ է հաղթահարել միայնության զգացումը. աշխատանքը օգնում է:

     

    Կա նաև երրորդ տեսակի մի մենություն, որին կուզենայի՝ առավել մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև դա նաև խորքային և հաճախ լրիվությամբ չգիտակցված պատճառն է ամեն տեսակ այլ մենության: Խոսքը առանց հավատքի, առանց Աստծո ներկայության գիտակցության կյանքի մասին է՝ մի կյանք, որտեղ Աստված՝ մարդու գիտակցության մեջ կամ միշտ բացակա է եղել կամ ներկա է եղել շատ մակերեսորեն, ժամանակ առ ժամանակ, հատվածական կերպով, երբ, օրինակ, մարդը զգացել է օգնության կարիք և մի աղոթք է շշնջացել, մոմ է վառել՝ որպես աղոթք, խաչակնքվել է, գուցեև Սուրբ Գիրք է կարդացել, մասնակցել է Սուրբ Պատարագի, բայց Աստծո ներկայության գիտակցությունը չի եղել այնքան ամուր և խորը, որ կարողանա ճշմարտապես մխիթարել միայնության ժամանակ և լրացնի հարազատների բացակայությունը, այլ խոսքով մարդ միայնություն չզգա: Սա մի երևույթ է, որ բնորոշ է շատերին ձեր տարիքում և հասարակական դիրքում, միջավայրում՝ ի նկատի ունենալով ձեր անցած կյանքը սովետական դաստիարակության տարիներին, երբ մարդու կյանքի առանցքն ամենևին էլ Աստված չէր, աղոթքը չէր, այլ՝ մատերիալիստական, փորձարարական, նյութական փորձառությունը, անաստվածությունը, մի խոսքով ամեն ինչ և միայն վերջին տեղում՝ Աստված: Իհարկե, զորեղ հավատքով բացառիկ անձինք միշտ էլ եղել են և կան նաև ձեր մեջ, բայց ընդհանուր պատկերը այլ էր: Եվ այդ պատկերը ձեզանից շատերն այսօր ձեզ հետ բերել եք այս իրականություն, որը ստեղծվել է ձեր կամ ձեզաից չկախված պատճառներով,կամ գուցե երկուսը միասին: Այս իրականության մեջ շատերի համար Աստված առաջին տեղում չէ, սա փաստ է: Հարկ է ընդունել այս փաստը և նաև այն ճշմարտությունը, որ դրանով են պայմանավորված մեր հուսահատությունները, մեր անուժ, վատատես լինելը, ներքին վստահությունը, որ մենք չենք կարող փոխել մենության, մեր լքվածության, անօգտակարության զգացումը:

    Մենք վատատես ենք, որովհետև վստահություն չունենք, որ Աստծո օգնությամբ հնարավոր է փոխել մեր կյանքը կամ իրավիճակի մեր ընկալումը, մեր պատասխանը՝ մեր վիճակին:

     

    Այս ամենի մասին խոսում եմ, որպեսզի մտածենք մեր մենության պատճառների մասին և փորձենք միասին գտնել բալասաններ, դեղատոմսեր, որովհետև այս կենտրոնում մեր առաքելությունն է ձեզ օգնել, որ մենակ չզգաք: Ուզում եմ մտածենք մենության հաղթահարման երկու ճանապարհների մասին:

     

    Այսօր ուզում եմ անդրադառնալ առաջինին՝

     

    մենության մեջ տեսնել հնարավորություն՝ գտնելու Աստծո ներկայությունը սեփական կյանքում:

     

    Այսինքն՝ պետք է առավել խորությամբ մտածենք այն երրորդ տեսակ մենության մասին, որի մասին քիչ առաջ խոսեցի: Իհարկե, հասարակական պայմանները, պատմությունը, պետական գաղափարախոսությունը, դպրոցական դաստիարակությունը մեծապես ազդում և պայմանավորում ենք մարդու վարքագիծը, բայց ընտրություն կատարողը, որոշում կայացնողը միշտ մարդն է՝ իր ներքին անսահման ազատությամբ, մի ազատություն, որն Աստված է պարգևել և որը ոչ ոք չի կարող խլել մարդուց: Երբեք ուշ չէ ընդունել ճիշտ որոշումներ և սեփական հոգու և սրտի մեջ վերագտնել, վերաիմաստավորել Աստծո գոյությունը: Սա շատ կարևոր մի գործ է, մի խնդիր է, որ յուրաքանչյուր մարդ արարած կոչված է կատարելու, որպեսզի միայնակ չզգա աշխարհում, հասկանա իր տեղն արարչագործության մեջ, հասկանա իր արժեքը՝ որպես մարդ, հասկանա Աստծո վիթխարի դերն ու նշանակությունն իր կյանքում: Եթե մարդ մտածում է, որ ինքը մենակ է, լքված է այս կյանքի ծովի մեջ և չկա մեկը, որ մտածի իր մասին, սա խոսում է այն մասին, որ նա հուսահատության մեջ մոռացել է Աստծո մասին՝ որպես արարչագործի, որպես հոգատար Հոր, սիրող ծնողի: Աստված արարել է աշխարհը և շարունակում է արարել այսօր՝ իր մշտական հոգատարությամբ, իր անսահման սիրով արարչագործության և, հատկապես, մարդու հանդեպ, որովհետև մարդը միակն է ամբողջ տիեզերքում, որ ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ: Ի՞նչ է սա նշանակում. այսինքն՝ այն, որ մարդը ստեղծված է ազատ կամքով և բանականությամբ, սրբության, հավիտենական կյանքի ներքին մղումով, որը պետք է մարդուն օգնի նմանվել Աստծուն կատարելապես, միանալ Աստծուն կատարելապես՝ այս կյանքում, ամեն մի պարագայում և դժվարության մեջ զգա Աստծո կարիքը, Աստծո հետ միանալու, Աստծով զորանալու, Աստծո Խոսքով սնվելու կարիքն ու անհրաժեշտությունը: Երբ մարդը ժամանակի մշակույթի, քաղաքական գաղափարախոսության պատճառով կամ ուղղակի իր անտարբերությամբ, հաճույքների կյանք սիրելով Աստծո կողմից իր սրտում դրված այդ մղումը մոռացության է մատնում կամ խեղդում, իր կյանքի միակ մղումը կամ առաջ մղող ուժը դառնում է հենց ինքը, իր ԵՍ-ը, կամ այն միջավայրը, որն իրեն ձևավորել է որպես մարդ: Իսկ երբ այդ միջավայրը փոխվում է, մարդն այլևս հասուն տարիքում չի կարողանում հարմարվել այլ միջավայրի, չի կարողանում մտնել ինքն իր մեջ և վերակենդանացնել աստվածատուր իր մղումը, որն այլևս որևէ իմաստ չունի իր համար, իր անցյալի հիշողությունները, դրանցով պայմանավորված իր աշխարհայացքն ավելի զորեղ են դարձել և հաղթում են, իր կուտակած վիթխարի կենսափորձը հաղթում է, այլ խոսքով իր ունեցած ներկան՝ իր ԵՍ-ը հաղթում է աստվածային պատկերին և մղմանը: Ահա այդ ժամանակ էլ հաղթանակած ԵՍ-ը մնում է միայնակ այս աշխարհում, մնում է առանց Աստծո, մնում է խավարի և սառնության մեջ:

     

    Հետևաբար, պետք է ազատագրել ԵՍ-ը մենության խավարից՝ մեր հոգու և սրտի մեջ վերագտնելով Աստծո աղավաղված պատկերը, բյուրեղացնել այն, հաղորդակցվել Աստծո հետ ներքին խորը և մշտական զրույց սկսել Աստծո հետ մեր սրտում, բարեկամություն հաստատել Տիրոջ հետ: Սա կարող եք անել աղոթքով, Սուրբ Գիրք ընթերցելով, Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի և Ավետարանի մասին խորհրդածելով, Աստվածամոր Վարդարանն աղոթելով, ձեր կյանքը վերլուծելով և ավելի մաքուր, ավելի արդար մի կյանք ապրելով: Երբեք ուշ չէ նոր կյանք սկսել, խոստովանել մեղքերը, որդեգրել նոր սովորություններ՝ հանուն սրբության, հանուն Աստծո: Սա է մեր մենության ճնշող զգացումից ազատվելու կարևոր նախապայմաններից մեկը՝ սկսել ընկերություն Աստծո հետ, սկսել հանդիպում Քրիստոսի անձի հետ՝ հասկանալով, որ Աստծուն հավատալը պարզապես ինչ որ մի բանի հավատալու կամ չհավատալու մակերեսային հարց չէ, այլ ամբողջ կյանքդ Աստծուն վստահելու հարց է: Ուստի հավատալ Աստծուն՝ մեզ համար նշանակում է սիրել, վստահել Աստծուն և Նրան դարձնել մեր կյանքի նպատակը, ամենահավատարիմ ընկերը, որ երբեք մենակ չի թողնում, միշտ մեր կողքին է, ավելին՝ մեր սրտու՛մ է, մեր էության հի՛մքն է և կենսատու աղբյու՛րը: Երբ սովորենք Աստծուն դարձնել մեր կյանքի ամենակարևո՛ր իմաստը, երբեք ֆիզիկական միայնությունը՝ հարազատների, ընկերների, զավակների բացակայությունը կամ կորուստը, չեն կարողանա հուսահատության մեջ թողնել մեզ, որովհետև հուսահատությունը, մենությունը, ըստ էության, դանդաղ ինքնասպանություն է, հեռացում է Աստծուց, որ հավասար է դժոխքի: Իսկ քրիստոնյան ստեղծված է դրախտի համար կամ Աստծո թագավորության մեջ բնակվելու համար, Աստծո հետ հավիտենական բարեկամության և Նրա հետ միության մեջ ապրելու համար, որ միակ երջանկությունն է, որի համար արժե զոհողություն կատարել, որը չի կարելի փոխարինել մարդկային որևէ ընկերությամբ:

     

    Ուրեմն եկե՛ք սկսենք մեր մենությունը հաղթահարել նախ և առաջ ինքներս մեր մեջ գտնելով Աստծո ներկայությունը:

    Հաջորդ հանդիպմանը կշարունակենք այս թեման: Հիմա եկեք աղոթենք Վեցերորդ ժամի Ճաշու աղոթքը՝ հիվանդների համար:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    20 փետրվարի 2019

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments