Իմ նեղության մեջ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն, և նա լսեց իմ աղաչանքները դժոխքի խորքից
Հովնանի հիշատակը, որը կատարվում է Առաջավորաց Պահոց Ուրբաթ օրը՝ Սբ. Հովնան մարգարեի տոնը չէ, որը նշվում է տանսերկու մարգարեների հետ՝ Վարդավառի շաբաթվա ընթացքում, այլ պարզապես Հովնանի մարգարեի՝ Նինվե գնալու և նինվեացիների ապաշխարության հիշատակի օրն է, իբրև օրինակ ապաշխարության, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը նորահավատ հայերի առջև դրեց, երբ վիրապից դուրս գալով՝ առաջին պահքն ու ապաշխարությունը նվիրեց նրանց և որի տարեդարձն է Առաջավոր շաբաթապահքը, և նույն նույն պահքի Ուրբաթ օրը կատարում են Հովնանու նինվեացիներին ապաշխարության կոչելու հիշատակությունը:
Սուրբ Գրքում Հովնանի մարգարեության մեջ պատմում է հետևյալը: Աստված խոսեց Հովնանի հետ և ասաց.
-Վե՛ր կաց և գնա՛ Նինվե մեծ քաղաք և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության համբավը հասավ ինձ:
Սակայն Հովնանը ցանկացավ փախչել Տիրոջից, բարձրացավ մի նավ, որը Թարսիս էր գնում: Տերը հողմ բարձրացրեց ծովում: Նավը խորտակման մեջ էր: Նավաստիները խիստ վախեցան և սկսեցին կանչել Աստծուն, սակայն Հովնանը քնած էր նավի մի խորշում: Նավապետը մոտեցավ նրան և ասաց.
-Ի՛նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տեր Աստծուն, թերևս մեզ փրկի, և մենք կորստյան չմատնվենք:
Նավի վրա գտնվողները վիճակ գցեցին, որպեսզի իմանան, թե ում պատճառով է այդ փոթորիկը, և վիճակն ընկավ Հովնանի վրա և Հովնանը պատմեց, թե ինչն է չարիքի պատճառը: Հովնանն ասաց, որ իրեն ծովը գցեն.
-Գցեցե՛ք և ծովը կխաղաղվի, իմ պատճառով է այս փոթորիկը մեզ վրա հասել:
Մարդիկ ջանում էին նավը ափ հանել, բայց չէին կարողանում: Ծովն ավելի էր ալեկոծվում: Հովնանին ծովը գցեցին, և ծովը դադարեց ալեկոծվել:
Տերը կետ ձկանը հրամայեց կուլ տալ Հովնանին: Երեք օր Հովնանը մնաց կետի փորի մեջ: Հովնան աղոթում էր Աստծուն և աղաչում, որ ների իր անհնազանդությունը:
-Իմ նեղության մեջ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն, և նա լսեց իմ աղաչանքները դժոխքի խորքից: Տե՛ր, լսիր իմ ձայնը, ինձ գցեցիր ծովի խորքերը և ջրի հոսանքները պաշարեցին ինձ: Քո կոհակներն ու ալիքները թափվեցին ինձ վրա, և ես մտածեցի, թե մերժված եմ Քո ներկայությունից: Արդյո՞ք նորից պիտի տեսնեմ Քո Սուրբ Տաճարը: Ջրերը թափվեցին ինձ վրա շունչս կտրելու աստիճան: Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ…Երբ հոգիս տկարացավ, Քեզ դիմեցի Տեր իմ Աստված, մտաբերեցի Տիրոջը: Եվ թո՛ղ իմ աղոթքները հասնեն Քո Սուրբ Տաճարը…
Ես օրհնության և խոստովանանքի ձայնով քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, և կարժանանամ Տիրոջ փրկությանը:
Տերը հրամայեց, և ձուկը Հովնանին ցամաք նետեց:
Տերը երկրորդ անգամ խոսեց Հովնանի հետ և ասաց.
-Ելի՛ր, գնա՛Նինվե մեծ քաղաք և այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տվեցի քեզ:
Հովնանը գնաց Նինվե և երբ մի օրվա ճանապարհ անցավ, ասաց.
-Եւս երեք օր, և Նինվեն պիտի կործանվի:
Մարդիկ հավատացին Աստծո պատգամին: Լուրը հասավ նինվեացի թագավորին, վերջինս որոշեց ապաշխարել և ժողովուրդն էլ՝ իր հետ: Նա ասաց.
-Ով գիտի, թերևս Աստված իր միտքը փոխի և ետ կանգնի իր խիստ բարկությունից, և կորստյան չմատնվենք:
Աստված տեսնելով, որ բոլորը հետ են կանգնել չար գործերից, ներեց նրանց:
Հովնանը տխրեց և ջղայնացավ: Աղոթեց Աստծուն և ասաց.
-Ես փախա Թարսիս, որովհետև գիտեի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող:
Հովնանը դուրս եկավ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց և Աստծո հրամանով մի դդում բարձրացավ Հովնանի գլխի վրա՝ հովանի դառնալով, զովացնելով նրան: Եվ երբ հաջորդ օրն առավոտյան Տերը հրամայեց որդին և որդը կերավ դդմենին: Հովնանը շատ տխրեց:
Տերն ասաց.
-Դու տխրում ես դդմենու համար՝ անգամ երբ ոչ մի ջանք չես թափել, չես սնել այն, իսկ ես պիտի չխնայեի՞ Նինվե մեծ քաղաքը, որտեղ ապրում են այդքան մարդիկ և կենդանիներ:
Խորհրդածություն
Տեր Հիսուս Քրիստոս հրեաներին ասում է. «Ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս էլ Մարդու Որդին՝ երկրի ընդերքում երեք օր ու երեք գիշեր», Մտթ. 12, 40: Եվ Հովնան մարգարեի նշանն է տալիս հրեա առաջնորդներին՝ որպեսզի Հովնանի ապաշխարության մասին հիշելով՝ հասկանային, որ իրե՛նք էլ պետք է դարձի գան, քանի որ Հովնանի նման փախել էին Աստծո ներկայությունից, չէին կատարում Աստծո պատգամները, «չար ու շնացող» մի ազգ էին դարձել: Նրանց չապաշխարելու պատճառով Տեր Հիսուս Քրիստոսը նրանց բոլորի փոխարեն, Հովնանի նման, կամովին իջնելու էր երկրի ընդերքը՝ դժոխք, որպեզի բոլորի փոխարեն ապաշխարություն անի և Իր Հորը մատուցի իր աղոթքն ու զոհաբերությունը՝ որպես փրկագին և ներում շատերի համար: Հովնանի աղոթքը Հիսուսի Գեթսեմանիի աղոթքն է հիշեցնում. «Հա՜յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ, քո՛ կամքը թող լինի», Մտթ. 26, 42 («…Քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի…», Հվն. 2, 10):
Հովնանը հասկացավ, որ պետք է ի՛նքը զոհվի, որպեզի բոլորը փրկվեն. Հիսուսը Գեթսեմանիում ևս մեկ անգամ գիտակցեց, որ ի՛նքը խաչ է բարձրանալու, որպեսզի փրկի ամբողջ մարդկությանը: Հիսուս իր վրա վերցրեց բոլոր մարդկանց մեղքերը և ապաշխարեց ի սպառ՝ բոլորի փոխարեն՝ բաժակը խմելով մինչև վերջ, ցմրուր: Հովնանը ապաշխարեց և գնաց-քարոզեց նինվեացիներին, և նրանք դարձի եկան, որովհետև նախ ի՛նքը՝ Հովնանն էր դարձի եկել: Հիսուսն ապաշխարեց բոլորի փոխարեն, որպեսզի բոլորը իր մահը տեսնելով՝ ապաշխարեն: Հիսուսն ուզում էր, որ Հովնանին հիշելով և Իրեն լսելով՝ հրեա առաջնորդները ապաշխարեն և իրենց կյանքո՛վ՝ ճշմարտապես, քարոզեն Տիրոջ Խոսքը:
Բայց հրեաները չէին տեսնում, որ Հիսուսը Հովնանից մեծ էր և շատ ավելի մեծ գործ էր անելու, քան Հովնանն արեց նինվեացիների համար: Ի՛նքը՝ Աստված, եկել էր Իր ժողովրդին դարձի բերելու՝ Իր կյանքը դնելով՝ որպես մորթվող ոչխար, որ «անմռունչ կանգնած է իրեն խուզողի առաջ», Ես. 53, 7:
Այս ի սպառ սերը, զոհաբերությունը ամեն վայրկյան մեր սրտում ունենալով՝ պետք է մեր սրտերը մշտապես մաքրենք ամեն տեսակ չար մտքերից, չար կամքից, նախանձից, փառասիրությունից, իշխանասիրությունից, եսակենտրոնությունից, որոնցով սնվում են և մեր մեջ հաստատվում են դևերը: Բայց հարկ է զգույշ լինել. երբ այս դևերին Աստծո օգնությամբ հալածենք մեր հոգիներից, պետք է անհապաղ նրանց փոխարեն միշտ լցվենք Աստծո ներկայությամբ, աստվածային շնորհով, որը հնարավոր է լիառատ ունենալ Խոստովանության և Սուրբ Հաղորդության խորհուրդները՝ որպես դեղ, կանոնավոր ընդունելով: Այլապես, եթե մաքրվենք դևերից ու դատարկ թողնենք մեր հոգիները, կշարունակենք մեղքի մեջ ընկնել և հալածված դևը իր յոթ այլ՝ ավելի սարսափելի ընկերների հետ կբնակվի մեր հոգիներում և կլինի ավելի վատ քան առաջ էր, ինչպես զգուշացնում է Տերը:
Սրբուհի Տիրամա՜յր, ճզմի՜ր մեր հոգիներում օձերի գլուխները և լցրու՜ աղավնակերպ Սուրբ Հոգու լիառատ ներկայությամբ, ինչպես որ Դու «լի ես շնորհօք». ամեն:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան
Կազմեց՝ Աննա Գալստյանը