• «Պետք է ներողություն խնդրենք երիտասարդներից՝ այն աշխարհի համար, որ ստեղծել ենք»

    Ընդհանրական դարձի անհրաժեշտությունը


     

    Երիտասարդության թեմայով անցկացվող Եպիսկոպոսների Սինոդոսի 15-րդ համագումարի հերթական մամլո ասուլիսներից մեկի ժամանակ եպիսկոպոսներից մեկն ասաց, որ «Եկեղեցին պետք է երիտասարդներից ներողություն խնդրի այն աշխարհի համար, որը կառուցել ենք»:

     

    Պետք է ներում խնդրենք

     

    Թուրքիայից Հիսուսյան միաբան եպիսկոպոս Պաոլո Բիզզետին ասաց, թե մտածում է այն աշխարհի մասին, որը կառուցվել է երիտասարդների համար. «Մենք ապրելու համար պիտանի աշխարհ չենք նախապատրաստել երիտասարդների համար, որտեղ նրանք կկարողանան աշխատել, ինքնարտահայտվել և իրենց տաղանդը գործի դնել: Մենք պետք է երիտասարդներից ներում հայցենք այնպիսի մի աշխարհ կառուցելու համար, որը նրանց զրկել է բազմաթիվ հնարավորություններից»:

     

    Եպիսկոպոսը նաև ասել է, թե Սինոդոսի ընթացքում իր համար պարզ դարձավ, որ հսկայական տարբերություն կա աշխարհի բարգավաճող ու հարուստ և աղքատության մեջ գտնվող երկրների Եկեղեցիների միջև: Նա ասաց, որ աղքատ վայրերում չափազանց բարդ է խոսել հավատքի և ընկալման մասին, երբ բազմաթիվ երիտասարդներ ութ կամ տասը տարեկանից սկսած ընտրության հնարավորություն չունեն, քանի որ նրանց փոխարեն ընտրությունն արդեն իսկ կատարված է, հաճախ այն հրեշավոր պայմանների կողմից, որում ապրում են:

     

    Դարձի գալ

     

    «Մենք պետք է փոխվենք, պետք է լրջորեն փոխակերպվենք, որպեսզի կարողանանք դառնալ ավելի լավ Եկեղեցի, – ասաց Հ. Անխել Ֆերնանդեզ Արտիմեն՝ Սուրբ Հովհաննես Բոսկոյի Սալեզյանների ընդհանուր ղեկավարը: Նա ասաց, որ երիտասարդները Եկեղեցուն կոչ են արել լինել խիզախ, վկայություն տալ և ամրապնդել հավատքը: Սա կոչ էր ուղղված բոլոր չափահաս մարդկանց, ոչ միայն հոգևորականությանը:

     

    Ունկնդիրներից մեկը՝ Գվինեայի Կաթոլիկ սքաութների անդամ Հենրիետտ Կամարան, խոսեց իր դավանափոխության մասին: Նա պատմեց, որ սերում է մահմեդական ընտանիքից: Կապ հաստատելով կաթողիկէ սքաութների հետ՝ այս շարժման միջոցով որոշում է կայացրել կրոնափոխ լինել: Նա ասում է, որ մեծ աջակցություն է ստացել նրանց կողմից, ընդունվել է առանց որևէ խտրականության և որ նրա նվիրումը Եկեղեցուն այլ երիտասարդների հետ միասին չափազանց կարևոր փորձառություն է եղել: Նա նաև ասաց, թե նույնիսկ այսօր, մայրն ուրախ չէ, որ դուստրը կրոնափոխ է եղել, սակայն սքաութները մինչ օրս էլ շարունակում են աջակցել նրան:

     

    Որբ լինելու զգացողությունը

     

    Եպիսկոպոս Բիզզետին և Հայր Արտիմեն կարծում են, որ աշխարհում հայրերի ու մայրերի պակաս է զգացվում: Հայր Արտիմեն ասում է, թե հանդիպում է երիտասարդների, ովքեր տառապում են ծնողների բացակայությունից, և, որ նույնիսկ ավանդական ընտանիքներում կյանքի ընթացքն այնպիսին է, որ երեխաները շատ հաճախ չեն զգում այն ներկայությունն ու ուղեկցումը, որի կարիքն ունեն:

     

    Շարունակելով իր խոսքը՝ նա կարծիք հայտնեց, որ թույլ կետը Եկեղեցու տեսլականի մեջ է: Եկեղեցին ներկա է ոչ միայն ժողովրդապետություններում, այլև դպրոցներում, ապաստարաններում և այլ հաստատություններում, և հենց սրանց միջոցով է, որ Եկեղեցին կարող է երիտասարդներին օգնել ու տալ իսկապես հասուն և առողջ մայրեր ու հայրեր:

     

    Տեղական Սինոդոսներ

     

    ԱՄՆ-ից եպիսկոպոս Ֆրանկ Ջ. Կաջջիանոն ասաց, որ Սինոդոսի խնդիրն էր իրավիճակն ուսումնասիրել համաշխարհային հարթության տեսանկյունից, սակայն, այժմ, անհրաժեշտ է այն տեղափոխել դեպի տեղական Եկեղեցիների հարթություն: Սինոդոսն այս ամենով չի ավարտվում, այն պետք է տեղայնացվի: Նրա համար կարևոր հարցն այն է, թե ինչպես կարող է շարունակել այս ամենի իրականացումն իր թեմում: Նա ասաց, որ նպատակ ունի միավորելու իր թեմի երիտասարդներին, որպեսզի նրանք էլ միավորեն իրենց ջանքերն ու առաջընթացի ուղիներ գտնեն: Ըստ նրա՝ թեմական սինոդոսը կամ համագումարը պետք է Սինոդոսի համար հետագա ճանապարհ հարթելու միջոց լինեն:

    Եպիսկոպոս Կաջջիանոն ասաց, որ երիտասարդները բացառիկ ներդրում ունեն Եկեղեցին նորագույն տեխնոլոգիաների միջոցով ներկայացնելու գործում: Երիտասարդները փորձառու են «թվային աշխարհում» և, անհրաժեշտ է, որ վերջինս իսկական առաքելավայրի վերածվի: Ըստ եպիսկոպոսի Սինոդոսին մասնակցած երիտասարդները պատրաստ են ստանձնելու իրենց առաքելությունը, նա հույս հայտնեց, որ նրանք նոր էներգիա և ուժ կհաղորդեն Եկեղեցուն: Երիտասարդն այն մարդն է, ով լավագույնս կարող է մեկ այլ երիտասարդի հաղորդակից դարձնել Ավետարանին:

     

    Մեկնաբանելով երեխաների նկատմամբ իրականացված սեռական բռնության դեպքերը՝ եպիսկոպոս Կաջջիանոն ասաց, որ բռնությունը միևնույն ժամանակ և՛ հանցագործություն է, և՛ մեղք, և որ դրա համար Եկեղեցում ընդհանրապես տեղ չկա: Անհրաժեշտ է վստահեցնել երիտասարդներին, որ մենք պատրաստ ենք վերականգնելու Եկեղեցու հանդեպ հավատն ու վստահությունը: Երբ կոտրվում է վստահությունը՝ շատ դժվար է այն վերականգնել: Սա այն հարցն է, որը եպիսկոպոսները կքննարկեն և ապագայում պետք է որոշակի միջոցներ ձեռնարկեն դրանով զբաղվելու համար:

     

    Vatican News պարբերականից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց