• Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի և Աննայի և յուղաբեր կանանց հիշատակության տոնը

    Որ զօրհնութիւն նախաստեղծիցն աստուածազոյգ արուաց եւ իգաց. պայծառացեալ վայելչապէս ծաղկեցուցեր այսօր ի Յովակիմ եւ ի յԱննա. աղաչանօք սոցա խնայեա՛ ի մեզ:
    Շար. Օրհնություն ԱԿ Ի գիշերի


    Աստվածամօր Վերափոխման իննօրյա տոնական շրջանին հաջորդում է Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի և Աննայի և յուղաբեր կանանց հիշատակության տոնը, որ կատարվում է երեքշաբթի:

     

    Հովակիմը և Աննան Աստծո կողմից գերագույն պատվով փառավորվեցին՝ բոլոր նախահայրերից ու նախամայրերից ավելի, քանի որ ընտրվեցին լինելու ծնողն Աստվածորդու ծնողի, և իրական նախահայր և նախամայր տիեզերքի Փրկչի:

    Ինչպես որ Մարիամը կենաց ծառը եղավ, այնպես էլ Հովակիմն ու Աննան՝ կյանքի ծառի արմատները: Մարիամն եղավ տունկ օրհնության, և նրա ծնողները՝ արմատ օրհնության: Եվ եթե պտղից է ճանաչվում ծառը, ուրեմն Քրիստոսից՝ Մարիամին, և Մարիամից՝ Հովակիմին և Աննային պետք է ճանաչենք աներկբայորեն:

     

    Ս. Հովակիմը, Ս. Աստվածածնի հայրը Հիսուս Քրիստոսի, թեպետ իր երկրի հարուստներից կամ ականավորներից չէր, սակայն ծագումով Իսրայելի տան արքայական զարմից էր, Հուդայի ցեղից և Դավթի ազգից: Ըստ ոմանց, նա սերում է Սողոմոնի որդիներից, որոնց հաջորդեցին Հուդայի թագավորները, և խնամիությամբ միացած է Նաթանի՝ Սողոմոնի եղբոր տանը: Կամ ըստ ուրիշների՝ ուղիղ գծով սերում էր Դավթի որդի Նաթանից՝ ումից աստվածահայր Sուրբ Հովսեփն էր:

     

    Ըստ եբրայական ավանդության, որ Եպիփանոսի խոսքերից մեջբերում են Մովսես Խորենացին և Հովհան Դամասկացին, Սբ. Հովակիմը որդին էր Բարեա Պանթեռն կոչեցյալի՝ Ղևիի որդու: Սա այն Ղևին է, որին հիշատակում է սուրբ Ղուկասն ասելով. «Յովսէփի, Յակոբի, Հեղիի, Մատաթիայի, Ղեւիի, Մեղքէի»: Ըստ Խորենացու՝ Հեղին հորեղբորորդին է Սբ. Հովակիմի, և միանգամայն օրինական հայրը Սբ. Հովսեփի, որի բնական հայրն էր Հակոբը՝ համամայր եղբայրը Հեղիի: Իսկ ոմանք նույնիսկ համահայր եղբայրներ են ընդունում Հովակիմին և Հովսեփին:

     

    Ոմանք կարծում էին, որ Ս. Աննան Հուդայի տնից Մարթայի դուստրը չէր, այլ դուստրը Ղևտացի Մարթան քահանայի, որը բնակվում էր Բեթղեհեմում: Մարթան քահանան, ասում են, ունեցավ երեք դուստր, և այս երեք քույրերի դուստրերն էին Եղիսաբեթը, Մարիամը՝ Տիրոջ մայրը, և Սողոմեն:

    Համենայն դեպս, հին թե նոր վարդապետներն ու մեկնաբանները տարբեր տեսակետներ և կարծիքներ ունեն Հովակիմի և Աննայի ծագման մասին: Բայց ընդհանուր կարծիքն այն է, թե նրանք թագավորական սերնդից էին, և ազգակցություն ունեին քահանայական տոհմի հետ:

    Աստված ուզեց, որ նախ անզավակ մնան Հովակիմը և Աննան, որպեսզի ծերության և ամլության մեջ հրաշք գործեր նրանց զավակ պարգևելով, ում սահմանված էր ծնելու իր Միածնին:

    Հովակիմը տխրում էր Աննայի ամլության համար, և Աննան՝ նրանից ավելի: Բայց նրանց տրտմությունն ավելի մեծացավ, երբ փոխանակ մխիթարություն գտնելու բարեկամներից և քահանաներից, նախատինքներ էին ստանում:

    Ասում են, թե երբ Հովակիմը երբեմն տաճար էր գնում իր ոչխարներից զոհ մատուցելու համար, Իսաքար անունով մի քահանա նրան ամաչեցնելով ասում էր, թե պետք չէ, որ զոհ մատուցի Աստծուն, քանի որ զավակ չունի Իսրայելի մեջ:

    Հովակիմի հոգին խոցվեց, և քանի որ Աստծո երկյուղածն էր, թախծագին սրտով հեռանալով Երուսաղեմից, չդարձավ Նազարեթ՝ իր տունը, և չտեսնվեց իր կնոջ՝ Աննայի հետ, այլ գնաց անապատ և այնտեղ իր խորանը կանգնեցրեց, պահք պահեց (ըստ ոմանց 40 օր) և խոստացավ իր տուն չդառնալ, չուտել և չխմել, մինչև որ իր Տեր Աստվածն իրեն չայցելի: Աղոթքը պետք է դառնար իրեն կերակուր, և արցունքները՝ ըմպելիք:

    Իսկ Աննան՝ նրա բարեպաշտ կողակիցը, իմանալով ամուսնու հապաղումի պատճառը, ողբում էր իր այրիությունն ու անզավակությունը, հագավ սուգի հագուստ, իջավ իր տան պարտեզն ու դափնու ծառի տակ աղոթքի նստեց ու ասաց.

    – Աստված մեր հայրերի, հիշիր իմ տառապանքները, և օրհնիր ինձ, ինչպես օրհնեցիր մեր արդար հայր Աբրահամին՝ Սառայի միջոցով, և նրան տվեցիր մի զավակ՝ Իսահակին:

    Այդ նույն ժամին Աստծո հրեշտակը երևաց Աննային և ասաց.

    – Աննա՛, Աննա՛, լսեց Աստված քո աղոթքը: Եվ ահա պիտի հղիանաս և պիտի ծնես մի մանուկ, և նրա անունը պետք է տարածվի համայն երկրի վրա:

    Եվ Աննան ասաց.

    – Կենդանի է իմ Տեր Աստվածը: Եթե զավակ ծնեմ, նրան Աստծուն պետք է ընծայեմ՝ Սամուելի մոր՝ Աննայի նման: Եվ իմ զավակն էլ Աստծո տաճարի պաշտոնյա պիտի լինի իր կյանքի բոլոր օրերին:

    Աստծո հրեշտակը նրա ամուսնու մոտ էլ իջավ և ասաց նրան.

    – Հովակիմ, Աստված լսեց քո աղոթքը: Գնա՛ տունդ, և քո կինը՝ Աննան, պետք է հղիանա, և ձեզ ու ամբողջ երկրին ցնծություն պետք է լինի:

    Հովակիմն ասաց իր հովիվներին.

    – Բերե՛ք ինձ տասը որոջ (էգ գառնուկ) անդրանիկներ և անբիծ. նրանք ընծա պետք է լինեն հանուն իմ Տեր Աստծո: Եվ ասաց.

    – Բերե՛ք ինձ զվարակներ (եզ, հորթ…) փափուկ և գեղեցիկ, քահանաների և ծերերի համար: Նույնպես և նոխազներ (արու այծեր)՝ ժողովրդի համար:

    Երբ լրացան օրերը, շնորհանուն Աննան ծնեց իր մանկանը՝ շնորհալի դստերը, և անունը կոչեց Մարիամ (Մէյրէմ), որ տարբեր ձևերով է ստուգաբանվում տարբեր լեզուներում՝ բարձրություն, տիրուհի, լուսապայծառ, աստղ ծովի, և այլն:

    Երբ մանուկը մեկ տարեկան եղավ, Հովակիմը մեծ ընդունելություն կազմակերպեց Նազարեթի կամ Երուսաղեմի իր տան մեջ: Կանչեց քահանաներին, դպիրներին, ծերերին և ժողովրդից շատերին, և բոլորի առջև մանուկին մատուցեց քահանայապետին: Եվ նա օրհնեց մանուկին ու ասաց.

    – Տեր Աստված, օրհնե այս մանուկը, և տուր նրան շնորհք, որ անվանի լինի հավիտյան՝ ամբողջ ազգի մեջ:

    Երբ մանուկը երեք տարեկան եղավ, այն հասակը՝ երբ Սամուելը Աստծո տանն ընծայվեց, Հովակիմը և Աննան Մարիամին տարան Տիրոջ տաճարը և ընծայեցին Աստծուն՝ ըստ իրենց ուխտի: Նրան Աստծո պաշտամունքի մեջ դրեցին ուրիշ կույսերի հետ, որոնք բնակվում էին տաճարի կուսաստանի մեջ, ըստ ավանդության, Փանուելի դուստր Աննա մարգարեի դաստիարակության տակ:

    Բայց քանի որ կույսի տարիքը բավարար չէր ուրիշների հետ բնակվելու համար, քահանայապետը ծնողներին ասաց, որ տանեն տուն և անբծությամբ պահեն, և երբ յոթը տարեկան լինի՝ բերեն և դնեն նույն կուսանոցի մեջ:

    Այնուհետև Մարիամը որպես հողեղեն սերովբե յոթ տարի ևս ապրեց կույսերի հետ, և ապա, ըստ Աստծո տնօրինության, նշանվեց Հովսեփ արդարի հետ, և տասնհինգ տարեկանում ծնեց անարատ կուսությամբ աշխարհի Փրկիչ Հիսուսին՝ Աստծո Որդուն:

    Իսկ Աստվածածնի ծնողները՝ Հովակիմը և Աննան, խոր ծերության առ Աստված կանչվեցին:

    Կարծիք կա, թե Հովակիմը Աննայից առաջ վախճանվեց, և Աննան արժանի եղավ տեսնելու իր թոռին՝ Հիսուս Քրիստոս Աստվածորդուն, և Փրկչի մանկության օրերին վախճանվեց ու թաղվեց իր ամուսնու գերեզմանում՝ Գեթսեմանիի ձորում:

    Նրանց շիրիմի տեղը մինչև այսօր էլ համարվում է այն աստիճանների վրա, որտեղից իջնում են Սբ. Աստվածածնի գերեզմանը:

    Բայց երկուսի նշխարներն էլ, հին ժամանակներից ի վեր, վերցվեցին գերեզմանից, փոխադրվեցին արևմուտք և սփռվեցին շատ տեղեր: Այս սրբերի նշխարների վրա բազմաթիվ հրաշքներ են կատարվում, երբ հավատքով են կանչվում նրանց անունները:

    Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի հիշատակությանը օրը հիշատակվում են նաև յուղաբեր կանայք:

     

    Յուղաբեր կանայք

     

    Քրիստոսի խաչելությունից հետո կանանց դերը մեծ եղավ Նրա խոսքը քարոզելու, Տիրոջ եկեղեցու հիմնադրման և բարեզարդման գործում: Իրենց բնական կոչմամբ լինելով ընտանեկան օջախի կրակը պահպանողներ՝ կանայք եղան նաև Քրիստոսի լույսը մարդկանց սրտերի մեջ պահպանողները: Եվ այդ ճանապարհին բազում կանայք նահատակվեցին հանուն այդ լույսի և սրբացան:

    Քրիստոսին հետևող կանայք ծնվել ու մեծացել են աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Գալիլիայում: Մագդաղիան փառաբանվեց նրանով, որ այնտեղ է ծնվել ամենահայտնի կանանցից մեկը՝ Մարիամը, անվանված՝ Մագդաղենացի: Եվս երկու յուղաբեր կանանց ծննդավայրը կարելի է որոշել մեծ հավանականությամբ՝ համարելով Նազարեթը. դրանք են արդարակյաց Հովսեփ Նշանածի դուստրեր Սաղոմեն ու Մարիամը: Քուզայի կինը՝ Հովհաննան, Շուշանն ու Հակոբոսի և Հովսեի մայր Մարիամը, ամենից հավանականն է, որ գալիլիացի կանայք են: Եվ միայն Ղազարոսի քույրեր Մարթան ու Մարիամն են ծնվել Հրեաստանում, Երուսաղեմի մոտ:

    Յուղաբեր կանանց մասին առաջին հիշատակությունը մենք գտնում ենք Ղուկասի Ավետարանում. «Դրանից հետո Հիսուսը շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում Աստծու արքայությունը: Եվ նրա հետ էին Տասներկուսը և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթը դև էր դուրս եկել, Հովհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքից մատակարարում էին նրան» (Ղուկ. Ը, 1-3): Այսպիսով, սուրբ ավետարանիչ Ղուկասը հիշատակում է երեք անուն ու վերապահություն է անում, որ դեռ «շատ ուրիշները» կային:

    Ավետարանի այդ տեքստից մենք կարող ենք հետևություն անել, որ Քրիստոսին հետևող կանայք եղել են ոչ թե պարզապես «ժողովրդի բազմության», ամբոխի մասը, որ հրաշալի բուժման ծարավից շրջապատում ու նեղում էր Քրիստոսին: Ոչ, այդ կանայք եղել են, ինչպես ավետարանիչն է ասում՝ «ոմանք», որ հետևում էին Քրիստոսին ու ծառայում Նրան: Այսինքն նրանք ոչ միայն լսում էին Քրիստոսի խրատները, այլ նաև ծառայում էին Նրան: Ավետարանիչ Ղուկասի նշումը, որ յուղաբեր կանայք ծառայում էին Քրիստոսին «իրենց ստացվածքով», խոսում է այն մասին, որ այդ կանայք ունևոր ընտանիքներից են եղել: Այսինքն, ըստ էության, յուղաբեր կանայք իրենց դրամը նվիրաբերում էին առաքելական համայնքը պահելու համար:

    Բացի վերը թվարկած յուղաբեր կանանց երեք անունից, Ավետարանում մենք հանդիպում ենք նաև ուրիշ անունների. Սաղոմե, Մարիամ Կղեովպաս, Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամ: Մեկնիչներից ոմանք վերջին երկուսին նույն անձն են համարում: Բնական է, յուղաբեր կանայք ավելի շատ են եղել, քան մեզ հասած անունները: Այդ մասին խոսում են ավետարանիչները՝ հիշատակելով շատ ուրիշ կանանց մասին:

    Քրիստոսի Հարության մասին պատմող ավետարանական տեքստերի մանրազնին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հարության գիշերվա պատմություններն ավետարանիչներին հասել են դեպքերի անմիջական ականատես տարբեր կանանցից: Ըստ կարծիքների, առաքյալ ավետարանիչ Հովհաննես Աստվածաբանը գրել է Մարիամ Մագդաղենացու խոսքերից, առաքյալ ավետարանիչ Մատթեոսը գրել է Ամենասուրբ Աստվածածնի խոսքերից, առաքյալ ավետարանիչ Մարկոսը գրել է Հակոբոսի մայր Մարիամի խոսքերից, առաքյալ ավետարանիչ Ղուկասը գրել է Քուզայի կին Հովհաննայի խոսքերից:

    Ըստ ավանդության, յուղաբեր կանայք ապրում էին Երուսաղեմում, տարբեր տներում. իբրև մոտիկ ազգականներ՝ Սաղոմեն ու Մարիամ Կղեովպասն Աստվածամոր հետ ապրում էին Հովհաննես Աստվածաբանի տանը: Նրանց հետ ապրում էր նաև Մարիամ Մագդաղենացին: Մյուս՝ Մարկոս առաքյալին պատկանող տանը, ապրում էին Հովհաննան ու գալիլիացի մյուս կանայք: Առաքյալների հետ այդ նույն տանն էր ապրում նաև Պետրոսը:

    Շաբաթ օրվա երեկոյան, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը (որոշ մեկնիչներ «մյուս Մարիամ» ասելով հասկանում են Աստվածամորը) եկան գերեզմանը տեսնելու (տե՛ս Մատթ. ԻԸ, 1):

    Մարիամը, այսինքն՝ Աստվածամայրը, գիշերը գերեզմանի մոտ աղոթում էր: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ Հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, գերեզմանի դռնից վեմը մի կողմ գլորեց ու վրան նստեց: Նրա տեսքը փայլակի էր նման, իսկ նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին ու մեռելների պես եղան (տե՛ս Մատթ. ԻԸ, 2–4):

    Մարիամ Մագդաղենացին, խունկ առնելուց հետո, նորից շտապեց գերեզման: Առաջ անցնելով այնտեղ գնացող գալիլիացի կանանցից, նա գերեզմանին հասնում է շաբաթվա առաջին օրվա վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ու տեսնում է վեմը գերեզմանից մի կողմ գլորված:  Այդ ժամանակ, երբ Մարիամ Մագդաղենացին վազեց Պետրոսի ու Հովհաննեսի մոտ, գալիլիացի կանայք, որ գնում էին նրա հետևից, բերելով իրենց պատրաստած խունկերը, մոտեցան գերեզմանին: Նոր էր ծագում շաբաթվա առաջին օրվա լուսաբացը: Եվ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Տեր Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանից, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ: Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետնին խոնարհեցին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարություն առավ: Հիշեցե՛ք, ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. ասում էր, թե պետք է, որ Մարդու Որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»: Եվ նրանք հիշեցին Նրա խոսքերը: Եվ վերադարձան ու պատմեցին այս ամենը Տասնմեկին և բոլոր մյուսներին (Ղուկ. ԻԴ, 1-9):

     

    Այդ ընթացքում Պետրոսն ու Հովհաննեսը Մարիամ Մագդաղենացու հետ գերեզման էին շտապում: Երկուսով միասին էին վազում, բայց մյուս աշակերտն առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման հասավ: Եվ կռանալով՝ տեսավ, որ կտավներն այնտեղ էին, բայց ներս չմտավ: Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս. մտավ գերեզմանը և տեսավ, որ կտավներն այնտեղ էին, և վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված՝ մի կողմ էր դրված: Այդ ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի առաջ էր հասել գերեզման. տեսավ ու հավատաց. քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե՝ մեռելներից պետք է հարություն առնի: Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը (Հովհ. Ի, 3-10):

     

    Բայց Մարիամը (Մագդաղենացին) կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում,  և մինչդեռ լաց էր լինում, կռացավ դեպի գերեզմանը և տեսավ երկու հրեշտակներ՝ սպիտակների մեջ, այնուհետև նրան հայտնվեց Ինքը՝ Փրկիչը, ու ասաց, որ հայտնի աշակերտներին Իր Հարության մասին (Հովհ. Ի, 11-18):

     

    Եվ ահա, երբ գալիս է այդ պահը, Մարիամ Մագդաղենացին նրանց բոլորին, «որ Հիսուսի հետ էին» և դեռ սգում ու լաց էին լինում, հայտնում է, որ տեսել է Տիրոջն ու հաղորդում է այն խոսքերը, որոնք Նա ասաց իրեն: Բայց նրանք լսելով, որ Նա կենդանի է, և Մարիամը տեսել է Նրան, չհավատացին (Մրկ. ԺԶ, 9-11):

     

    Այսպիսին է եղել Հարության օրը և այդպիսին էին յուղաբեր կանանց գործողությունները, այդպիսին էին նրանց տպավորությունները, և այդպես է ստեղծվել նրանց պատմությունները, որոնք հաղորդում են ավետարանիչները:

     

    Աղբյուրներ՝      Վարք Սրբոց,

    Հոգևոր ընթերցումներ, Յուղաբեր Կանայք, հեղինակ՝ Նիկոլայ Ավագ Քահանա Ագաֆոնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2010:

     

    Պատրաստեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց