• Սուրբ Ծնունդը Անարատ Յղութեան հայ քոյրերի Գիւմրիի տանը

    Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ


    2017թ. դեկտեմբերի 23-ին Անարատ Յղութեան հայ քոյրերի Գիւմրիի տանը տեղի ունեցաւ Սուրբ Ծննդեան արդէն աւանդական դարձած հանդիսաւոր միջոցառումը՝ թատերական բեմադրութիւնը՝ Տիրամայր Հայաստանի երգչախմբի երգեցողութեան ուղեկցութեամբ: Երգչախմբի գեղարուեստական ղեկավարն է մաեստրո Ռոբերտ Մլքէեանը:

     

    Միջոցառմանը ներկայ էին Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհէեանը, Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանը, Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը, Տ. Նարեկ Քհնյ. Թադեւոսեանը, Տ. Յովսէփ Քհնյ. Գալստեանը, տեղական իշխանութիւնների ներկայացուցիչներ՝ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսեանը, մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրաւունքների պաշտպանութեան բաժնի պատասխանատու Լիլիթ Գորգինեանը եւ այլ հիւրեր, կենտրոնի սաների ծնողները, Աշոցքի եւ Տաշիրի հայ կաթողիկէ համայնքների երեխաներ եւ պատանիներ:

     

    Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Անարատ Յղութեան հայ քոյրերի Հայաստանի մեծաւորուհի Ք. Ռեբեկան եւ հրաւիրեց Հ. Մաշտոց Զահթերեանին՝ օրհնութեան խօսք ասելու:

     

    «Այսօր եկել ենք լսելու այս մանուկների բերանով հնչող Աւետիսը, Յիսուսի ծննդեան բարի լուրը, որ իրականացաւ մեր փրկութեան համար: Աստուած մարդ դարձաւ, որպէսզի մեզ ազատի մեղքից եւ մեր առջեւ կրկին բացի դէպի երկինք տանող ճանապարհը: Ուստի այս միջոցառման աւարտին մեզ հետ տանենք այս ուրախութիւնը եւ դառնանք Քրիստոսի մարմնացման վկայ առաքեալներ: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս».ասաց Հայր Մաշտոցն իր խօսքում:

     

    Տիրամայր Հայաստանի երգչախմբի երգերի, շարականների հնչիւնների ներքոյ կենտրոնի սաները ներկայացրեցին Յիսուսի ծննդեան բեմադրութիւնը՝ թատրոնի դերասանուհի Նառա Սանթոեանի ղեկավարութեամբ: Ամէն տարի բեմադրութեան սցենարի մէջ մի նոր բան է աւելացւում եւ հարստացւում իմաստով:

    Բեմադրութիւնից յետոյ խօսք առաւ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհէեանը եւ արտայայտեց իր հիացմունքը երեխաների՝ Սուրբ Ծննդեան խորհրդի խոր ապրումով, հուզումով եւ աւետարանական պատումը ներկայացնելու հմտութեամբ:

     

    Քույրերի տանը Սուրբ Ծննդեանը եւ Ամանորն նուիրուած եւս մէկ միջոցառում կազմակերպուեց դեկտեմբերի 26-ին, որտեղ դարձեալ ելոյթ ունեցաւ Տիրամայր Հայաստանի երգչախումբը, երեխաներին ուրախացրեցին Ձմեռ Պապիկն ու ծաղրածուները, եղաւ հիւրասիրութիւն:

Օրացույց

Օրացույց