
Միասնական աշխատանք՝ աղոթական մթնոլորտում
2026թ. հոկտեմբերի 2-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն իր մասնակցությունն է բերել «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը, որը արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպվում է «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության կողմից՝ պետական հովանավորությամբ և ՀՀ Վարչապետի մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական էջից, Աղոթքի այս երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին ներկա են եղել նաև Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և արտերկրից, պետական այրեր, դիվանագիտական, գործարար ոլորտի ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը (RAPB) միջազգային, անկախ և քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված երկօրյա միջոցառում է, որը նվիրված է աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային։ Միջոցառումը նաև հարթակ է տարբեր քաղաքական, ազգային, դավանաբանական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության և համագործակցության համար։
Աղոթքի նախաճաշը հանդիսավորապես բացվել է Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի աղոթքով և օրհնությամբ:
Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը:
Վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։ «Այսօրվա ՀՀ-ն մեր քրիստոնեական էության արտահայտությունն է, մեր Ավետյաց Երկիրն է։ Մենք խոսում ենք մեր երկրի հոգևոր կյանքի մասին, բայց պետք է առերեսվենք մի քանի կարևոր փաստերի»,-ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ առաջին փաստն այն է, որ հայ ժողովուրդը շուրջ 70 տարի ապրել է ԽՍՀՄ-ում, որն աթեիստական պետություն էր և որտեղ «հավատացյալ» բառն ունեցել է բացասական ընկալում. ովքեր ապավինում էին Աստծուն, մերժվում էին պետության կողմից, հավատացյալները ԽՍՀՄ-ում մարգինալացված էին ու մեկուսացված՝ գտնվելով հասարակության հետնախորշում։ «Անկախացումից հետո այս միտումը գուցե մեղմացել է, բայց ամբողջությամբ չի փոխվել։ Այսօր էլ «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ իմաստ, որովհետև կան հավատացյալներ և կան մյուս քաղաքացիները։ Իմ համոզմունքն այն է, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն, որովհետև մեր պետությունը մեր Ավետյաց Երկիրն է, մեր լեզուն մեր ինքնության հենասյունն է։ Այսօր մեր եկեղեցիներում և այլ վայրերում կա հոգևոր ակտիվ կյանք, բայց խնդիրն այն է, որ հոգևոր կյանքը եկեղեցական կյանքն է, եկեղեցու ներսում է հիմնականում, սակայն շատ կարևոր է, որ այդ հոգևոր կյանքը դուրս գա եկեղեցուց և մտնի փողոց, տներ, շուկա, ՏԻՄ-եր, կառավարություն, օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններ։ Մարդն, ամենայն հավանականությամբ, կլինի շատ ավելի բարեվարք, եթե հավատում է Աստծուն։ Մարդը պակաս խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ, եթե հավատում է Աստծուն»,- ասել է պրն. Փաշինյանը։ Նա իր խոսքն ամփոփել է 29 -րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։
Աղբյուրներ՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայք և Արմենպրես գործակալություն
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
3 հոկտեմբերի, 2026թ.




