
Պատրաստություն՝ քահանայական սրբազան ծառայության
2026թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Երևանի Առաջնորդարանում տեղի ունեցան հոգևոր կրթության օրեր` Առաջնորդության ճեմարանականների համար: Մասնակցեցին 8 ճեմարանականներ` եղբ. Իշխան Պողոսյանը, եղբ. Վարդան Հայկյանը, եղբ. Էմմանուել Մուրադյանը, եղբ. Սիմավոն Մկրտչյանը, եղբ. Ջո Միսսիսյանը, եղբ. Հովհաննես Մանուկյանը և եղբ. Ռաֆայել Աստոյանը: Հոգևոր կրթության չորս ամբողջական օրերի ընթացքում խորհրդածության և հոգևոր վարժանքների թեմաները տարբեր էին և ընտրված ըստ Առաջնորդության մերօրյա առաքելության մարտահրավերների տրամաբանության:
1.Առաջին օրվա թեման Եկեղեցու սոցիալական վարդապետությունն էր և դրա գործնական կիրառության ձևերը Առաջնորդության առաքելության մեջ` ներառյալ «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության գործունեությունը: Սոցիալական վարդապետության հիմնական սկզբունքների մասին բանախոսեց Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը: Իր ներածական խոսքում նա բացատրեց, թե «Սոցիալական վարդապետությունը պարզապես տեսություն չէ. դա Եկեղեցու կենդանի հավատքի արտահայտությունն է հասարակության մեջ»: Նա կենտրոնացավ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնական սկզբունքների բացատրության վրա, որոնք են`
1.մարդկային անհատի արժանապատվության հարգանքն ու պաշտպանությունը,
2.համընդհանուր բարիքը,
3.համերաշխությունը,
4.փոխօգնությունը կամ առավել միմյանց զորացնելը` ինքնուրույն գործելու հմտությունները զարգացնելու նպատակով (subsidiarity),
5.մասնակցությունը:
Հ. Ներսեսը ուշադրություն հրավիրեց մարդկային կարողությունները զարգացնելու անհրաժեշտության վրա և այն համեմատեց պասսիվ աջակցության հետ: Մինչ պասսիվ նյութական աջակցությունը մարդուն վիրավում է և կախվածության մեջ գցում, կարողությունների զարգացումն օգնում է դառնալ ինքնուրույն և սեփական ուժերով բարելավել իր կյանքի որակը: Եկեղեցու սոցիալական առաքելության հիմնական ուղղությունը պետք է լինի հենց այս բաղադրիչը:
«Հայկական Կարիտասի»` որպես Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելության դրսևորման մասին, ճեմարանականների հետ զրուցեց նույն կազմակերպության Ծրագրերի ղեկավար տկն. Անահիտ Գևորգյանը, ով 29 տարվա աշխատանքային փորձառություն ունի Կարիտասում: Նա բացատրեց, թե ինչ է Կարիտաս միջազգային կազմակերպությունն ընդհանրապես, երբ է հիմնադրվել, ինչ առաքելություն է կատարում` մասնավոր անդրադարձ կատարելով «Հայկական Կարիտաս ԲՀԿ»-ի հիմնադրմանը և գործունեությանը Հայաստանում: Հայկական Կարիտասը տարաբնույթ սոցիալական ծրագրեր է իրականացնում Հայաստանի հինգ մարզերում և Երևանում: Տկն. Գևորգյանը պատմեց 1995թ. Գյումրիում կենտրական գրասենյակի հիմնադրման մասին, որն իրականություն դարձավ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանավորությամբ, ԱՄՆ CRS կազմակերպության և մի խումբ հայ կամավորականների ու աշխատակիցների ջանքերով: Տկն. Գևորգյանը նաև խոսեց Կարիտասի համար հիմնարար փաստաթղթերի և սկզբունքների մասին, որոնք պապական շրջաբերական նամակներն են, Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքը և Կարիտասի միջազգային ընտանիքի համար համընդհանուր կանոններն ու քաղաքականությունները:
2․Երկրորդ օրվա խորհրդածության թեման էր` սինոդականությունը Հայ Կաթողիկէ Եկեղեցում. ներկայացրեց Առաջնորդ Հոր կողմից հրավիրված Սուրբ Աթոռի Ավետարանման Վերատեսչության «Պրոպագանդա Ֆիդե» պատմական արխիվի հետազոտող-արխիվավար և Սրբադասման գործերի գերատեսչության աղերսարկու (պոստուլատոր) դոկտոր տկն. Վալենտինա Կարախանյանը: Նրա բացատրությամբ, սինոդականությունը միայն ուսմունք կամ տեսական գաղափար չէ, այլ` Եկեղեցու կյանքի փորձառություն, որը հիմնված է համատեղ ճանապարհի, եկեղեցական հաղորդության և բոլոր անդամների մասնակցության վրա։ Այս սկզբունքը կարևորում է ծխական համայնքներից, ընտանիքներից ու թեմերից եկող ձայները լսելի դարձնելու անհրաժեշտությունը, որպեսզի որոշումները չլինեն լոկ «վերևից պարտադրված»։ Այս իմաստով երբեմն նկատելի է նուրբ բախում` եկեղեցական ավանդական վերևից ներքև աստիճանակարգության և հավատացյալների հորիզոնական մասնակցության աճման գաղափարի միջև: Վերջինս առավել ցայտուն է արտահայտվում արևելյան և հայկական միջավայրում, որտեղ պատմականորեն արմատացած է ուղղահայաց ղեկավարման մոդելը: Տկն. Կարախանյանի համոզմամբ, որպեսզի Կաթողիկէ Եկեղեցու բարձրագույն իշխանության կողմից որդեգրված սինոդականության սկզբունքը դառնա իրականություն մանավանդ հայ իրականության մեջ, անհրաժեշտ են մտածելակերպի արմատական փոփոխություններ, որոնք արդեն սկսվել են:
3․Երրորդ օրվա խորհրդածության թեման էր` «Ինքնուրույն աշխատանք, արհեստական բանականություն և հոգևոր կյանք», որը ներկայացրեց Արժ. Տ. Հայկ Քհն. Շահինյանը, ով Տորոնտոյի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետն է և այս օրերին գտնվում է Հայաստանում: Նա խոսեց նախ ճեմարանականի և արդեն ձեռնադրված հոգևորականի անձնական աճման կարևորության մասին, որին կարելի է հասնել ինքնուրույն աշխատանքի միջոցով: Միայն այսպես կարելի է ունենալ նախաձեռնող, պատասխանատու հոգևոր առաջնորդներ, որոնք ունեն խնդիրներին ճիշտ արձագանքելու և լուծումներ գտնելու կարողություններ: Նա որպես օրինակ բերեց աստվածաշնչյան Նեեմիայի կերպարը, ով նախաձեռնեց Երուսաղեմի ավերված պարիսպների վերականգնումը: Տ. Հայկը խոսեց նաև արհեստական բանականության գործիքները հոգևոր ծառայության մեջ կիրառելու մասին, որի հիմքում պետք է լինի մարդկային արժանապատվության պաշտպանությունը և նոր տեխոնոլոգիաները կառավարելու դրդապատճառը և նպատակը հստակեցնելը. «Հարցը գործիքին «այո» կամ «ոչ» ասելը չէ, այլ այն, թե ո՞ր քաղաքն ես կառուցում դրանով` մի նոր Բաբելո՞ն, թե՞ այն քաղաքը, որտեղ Աստված և մարդկությունը բնակվում են միասին)», ասաց Տ. Հայկը:
4․Չորրորդ օրվա բանախոսությունը քահանայական կոչումը ավելի խորությամբ հասկանալու և վերագնահատելու մասին էր, որ վարեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը: Սրբազանը խոսեց հայ կաթողիկէ եկեղեցականների հոգևոր, մտավոր և կազմակերպչական ճանապարհի մասին` վերլուծելով նրանց գործունեության արդյունավետությունն ու մարտահրավերները կյանքի տարբեր փուլերում։ Քահանայի կյանքում երիտասարդական սկզբնական խանդավառությունն ու բարձր արտադրողականությունը կարող են նվազել տարիքի հետ մեկտեղ, դրան կարող է գումարվել նաև նյութական և ֆինանսական մտահոգությունը: Հարկավոր է ճիշտ հարաբերակցություն կառուցել հոգևորի և նյութականի միջև` միշտ առաջնայությունը տալով հոգևոր ծառայությանը. «Եկեղեցական առաքելությունը չի կարող նմանեցվել ֆինանսական կամ բորսայական ռիսկային ներդրումների․ չափից շատ նյութականացումը վնասում է հոգևոր կոչմանը: Քահանայի իսկական հաջողությունը նյութական կուտակումների կամ բորսայական «հնարքների» մեջ չէ, այլ` անբասիր ծառայության, հոգևոր արժեքների պահպանման և ժողովրդին նվիրվելու կարողության մեջ», շեշտեց Սրբազանը։
Ճեմարանականներին նաև հնարավորություն տրվեց իրենց հարցերն ուղղելու Սրբազանին և ստանալու պատասխաններ` թեմական, միաբանական ծառայության տարբերությունների, Առաջնորդության ներկայիս մարտահրավերների պայմաններում իրենց սպասվող քահանայական ծառայության առանձնահատկությունների մասին:
Բանախոսություններն ու քննարկումներն ուղեկցվում էին ամենօրյա Սուրբ Պատարագով, ժամերգությունների և Վարդարանի աղոթքով:
Ճեմարանականներն իրենց աստվածաբանական ուսումը ներկայումս ստանում են Հռոմում և Վարշավայում, ոմանք արդեն ավարտել են ուսումը կամ մագիստրատուրայի և լիչենցայի ավարտական տարում են, աշխատում են ավարտաճառերի վրա:
Հոդվածի պատրաստությանն օգնեց` եղբ. Սիմավոն Մկրտչյան
Գրեց` Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց





