
Նախապատրաստություն քահանայական ծառայության
2026թ. օգոստոսի 21-ին Ջավախքի Ախալքալակի շրջանի Բավրա գյուղում երկու ճեմարանականների` եղբ. Հովհաննես (Ֆարիդ) Մանուկյանին և եղբ. Ջո Միսսիսյանին շնորհվեցին քահանայական փոքր կարգեր և կիսասարկավագության աստիճան` ձեռամբ Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի, Սուրբ Պատարագի ընթացքում և առընթերակայությամբ Բավրայի ժողովրդապետ Արժ. Տ. Ռուբեն Քհն. Միսսիսյանի, Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի: Ճեմարանականների թեկնածությունները ներկայացրեց կամ խարտավիլակության առաքելությունը կատարեց Հեշտիայի ժողովրդապետ և Բավրայի նախկին ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնյանը: Արարողությանը ներկա էր նաև Մխիթարյան միաբան Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը: Արարողությանը սպասավորում էին նաև ճեմարանականներ եղբ. Էմմանուել Մուարդյանը, եղբ. Արտյոմ Հովհաննիսյանը, եղբ. Վարդան Հայկյանը և եղբ. Սիմավոն Մկրտչյանը:
Սուրբ Պատարագի Ճաշու ընթերցումներից անմիջապես հետո Տ. Անտոնը երկու թեկնածուներին ներկայացրեց Սրբազան Հորը, և բեմի սրբազան մասում կատարվեց նախ քահանայական փոքր կարգերի` Ավելածուի, Դռնապանի, Ընթերցողի, Երդմնեցուցչի և Ջահընկալի, ապա և` Կիսասարկավագի կամ, որ նույնն է, Դպրի աստիճանի շնորհումը, որոնք սկսվում են հավատքի դավանության արտասանությամբ և հարցումներով, ապա` Սուրբ Հոգու հատուկ շնորհների տվչությամբ ու հոգեպարար աղոթքներով և ուղեկցվում են այդ աստիճանների հատուկ գործառույթների հետ կապված պարագաների շնորհմամբ` ավել, ճաշոց, Ավետարան, ջահ: Այս փոքր աստիճանները անձին նախպատրաստում են ընդունելու հոգևոր հիմնական աստիճանները` սարկավագություն և քահանայություն:
Առաջնորդ Հայրն իր քարոզում գնահատանքով խոսեց երկու նվիրյալ երիտասարդների անցած հավատքի, աստվածային կոչման և կրթական ճանապարհի մասին, որի նպատակն է քահանայության հասնելը, Աստծո կանչին հետևելը: Սրբազանը նրանց համար խնդրեց համայնքի հավատացյալների ջերմեռանդ աղոթքները` միաժամանակ վստահեցնելով, որ Ինքն էլ իր հայրական աղոթքների և հոգատար հովանու ներքո է պահում երկու կիսասարկավագ ճեմարանականներին, որպեսզի հասնեն քահանայական ձեռնադրության` Աստծո կամքով և առաջնորդությամբ` իրենց տարեկից և ուսումնակից մյուս հոգևոր եղբայրների հետ միասին, որ այժմ սովորում են աշխարհի տարբեր համալսարաններում և պատրաստվում են համալրելու Առաջնորդության հայ կաթողիկէ հոգևորականների շարքերը:
Ստորև ներկայացնում եմ եղբ. Հովհաննես Մանուկյանի և եղբ. Ջո Միսսիսյանի մասին տեղեկություններ` ներկայացված իրենց կողմից:
ԵՂԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ
«Ես՝ Ֆարիդ Մանուկյանս Եղբ. Հովհաննես ծնվել եմ 1999թ. դեկտեմբերի 11-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում։
Սկզբնական կրթությունս ստացել եմ Բավրայի միջնակարգ դպրոցում (2006–2016թթ.)։
2016 թվականին տեղափոխվել եմ Հայաստան և ընդունվել Երևանի Մխիթարյան Միաբանության ճեմարան, որտեղ ուսանել եմ մինչև 2018 թվականը՝ ստանալով նախնական հոգևոր և ընդհանուր կրթություն։
2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. հոկտեմբեր ամիսը ճեմարանում անցել եմ նախապատրաստական ուսումնառություն՝ անհրաժեշտ լեզվական և ակադեմիական պատրաստություն ստանալով Իտալիայում հետագա կրթությունս շարունակելու համար։
2019 թ. հոկտեմբերի 24-ին տեղափոխվել եմ Իտալիա՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության մայրավանք, որտեղ շարունակել եմ հոգևոր կազմավորումս և կրթությունս։ Այդ ընթացքում ուսանել եմ նաև Վենետիկի Պատրիարքական ճեմարանում (Seminario Patriarcale di Venezia, 2021–2022 թթ)։
2022–2025 թվականներին ուսանել եմ Սբ. Անսելմո քահանայապետական համալսարանում (Pontificio Ateneo Sant’Anselmo), որտեղ թվականին ստացել եմ փիլիսոփայության բակալավրի աստիճան։
Մայրավանքի նորընծաների մեծավորի օրհնությամբ և համաձայնությամբ 2024 թվականին տեղափոխվել եմ Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան՝ Մխիթարյան կրոնավորական միաբանությունից անցնելով Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ թեմի ենթակայության ներքո։
2025 թվականի սեպտեմբերից ուսանում եմ Հռոմի Գրիգորյան համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ Ներկայումս շարունակում եմ ուսումս երկրորդ կուրսում՝ նպատակ ունենալով ավարտել աստվածաբանության ամբողջական կրթական ծրագիրը և շարունակել հոգևոր ու հովվական կազմավորումս։
7 հուլիսի 2026 թ.
Հռոմ
Եղբ Հովհաննես (Ֆարիդ) Մանուկյան
ԵՂԲ. ՋՈ ՄԻՍՍԻՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ
«Ծնած եմ 22 Ապրիլ 2001-ին, ՊԷյրութ –Լիբանան: Նախնական կրթութիւնս մինչեւ 9-րդ դասարան հաճախած եմ Թրիփոլիի Ազգային Նուպարեան-Խրիմեան վարժարանը, ապա Քուրայի (Mont la Salle) բարձրագոյն վարժարանը եւ ի վերջոյ 2020-ին աւարտած եմ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան գրական բաժանմունքը` ստանալով պէտական պաքալորիան: Կը տիրապէտէմ Հայերէն, Անգլերէն, Արաբերէն, Ֆրանսերէն եւ Իտալերէն Լեզուները։
2020-ի Օգոստոսին ընդունուած եմ Մխիթարեան կրթահամալիր Երեւան:
2021-ի Օգոստոսին փոխադրուեցայ Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգեւոր Ճեմարան:
2023-ի Փետրուարին ընթացք առաւ իմ փիլիսոփայական ուսումս Գրիգորեան համալսարանէն ներս: Այս տարի աւարտեցի փիլիսոփայական պաքալորիատս եւ սկսայ աստուածաբանութիւն՝ Գրիգորեան համալսարանէն ներս։ Նաեւ փափաքեցայ անձնական հետաքրքրութեանս համար յաճախել նաեւ Անճելիքում համալսարանը եւ հետեւիլ որոշ նիւթերու՝ Կաթողիկէ սոցիալական ուսմունք եւ Կրօնք ու քաղաքականութիւն։
Ինչ կը վերաբերի հոգեւոր կեանքիս մասին իմ մասնակցութիւնս կը բերեմ ճեմարանի տրամադրած բոլոր աղօթքներուն, ունիմ իմ հոգեւոր հայրս, որ կը տեսնուինք ամիսը մէկ անգամ ան ինծի կու տայ Աւետարանէն ընթերցումներ, հոգեւոր պարտականութիւններ․․.
2023-2026 տարեշրջանին իմ պաշտօնս էր` Եկեղեցւոյ լուսարար եւ մարզանքի պատասխանատու:
Փոքր տարիքէս հաճախած եմ Եկեղեցի, ուստի շատ ուրախ կը գտնուէի որ ամէն շաբաթ տարբեր սպասաւորութիւններ կը կատարէի, ըլլայ բուրվառակիր, քշոցակիր կամ մոմակիր։
Մեծ ազդեդութիւն ունի նաեւ վրաս իմ անցուցած մէկ տարիս Քուրայի (Mont la Salle) դպրոցս, ուր ծանոթացայ բաւականին խելացի մարդկանց, որոնք կ՛ուսուցանէին կրօնի դասեր եւ ինձ հետաքրքրող հարցումներուս կը պատասխանէին շատ հետաքրքիր տարբերակներով, այդ ինձ քաջալերեց աւելի մտածել իմ այս կոչմանս մասին։
Աստուծոյ հրամանով կը փափագիմ դառնալ կուսակրօն քահանայ»։
22 օգոստոսի, 2026թ.
Պատրաստեց` Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց





