
Շարունակելով վերջին 15 տարիների ավանդույթը
2026թ. օգոստոսի 6-ին և 7-ին Մեծավանի Սուրբ Հովհաննես Հայ Կաթողիկէ եկեղեցու բակում անցկացվեց երեխաների բակային ճամբարը, որին մասնակցեցին շուրջ 130 երեխա՝ տարբեր տարիքային խմբերից։
Ճամբարը կազմակերպվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանավորությամբ, Մեծավանի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց թևի ակտիվ մասնակցությամբ և, իհարկե, մեր սիրելի երեխաների անմիջական ու ոգևորիչ ներկայությամբ։
Այս երկու օրերը երեխաների համար դարձան իսկական տոն՝ լի խաղերով, երգով, պարով, ընկերությամբ, նոր ծանոթություններով և անմոռանալի հիշողություններով։ Բազմադարյան մեր սուրբ վանքի բակը կրկին լցվեց մանկական անկեղծ ծիծաղով, ուրախությամբ և կյանքով։ Ճամբարի անբաժանելի և կարևոր մասը հոգևոր դաստիարակությունն էր։ Քրիստոնեական վարդապետության դասերը անցկացրեց տեղի հոգևոր հովիվ Հայր Ներսես Ծայրագույն Վարդապետ Գալստյանը։ Պետք է խոստովանեմ, որ հիացած էի երեխաների հավատքի անկեղծ արտահայտությամբ, հետաքրքրվածությամբ և հոգևոր թեմաների նկատմամբ նրանց բաց սրտով վերաբերմունքով։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ նմանատիպ բակային ճամբարները վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի կազմակերպվել են մեր համայնքներում, և այդ ընթացքում ավելի քան 400 երեխա հնարավորություն է ունեցել մասնակցելու, միասին ուրախանալու, սովորելու և ապրելու գեղեցիկ ու իմաստալից օրեր։ Փառք Աստծո, այս գեղեցիկ ավանդույթը շարունակվում է նաև այսօր։
Առանձնահատուկ հուզիչ է տեսնել, թե ինչպես են տարիներ առաջ ճամբարին մասնակցած երեխաները, որոնք այսօր արդեն չափահաս են, սիրով ու կարոտով հիշում իրենց մանկության այդ լուսավոր ամառային օրերը։ Սա լավագույն վկայությունն է, որ նման նախաձեռնությունները խոր հետք են թողնում երեխաների սրտերում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին, երիտասարդներին, կամավորներին, ծնողներին և հատկապես մեր սիրելի երեխաներին, որոնք իրենց ժպիտներով լցրին մեր եկեղեցու բակը։
Աստծո օրհնությամբ շարունակում ենք մեր առաքելությունը։
Հաջորդ կանգառը՝ Նորաշենի երեխաների բակային ճամբարն է։ Սիրով սպասում ենք նոր հանդիպման, նոր ժպիտների և նոր օրհնված հիշողությունների։
Հայր Ներսես Ծայրագույն Վարդապետ Գալստյան
10 օգոստոսի 2026թ.





