• Ի սպառ սեր՝ վասն յուրայինների. նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի անցած հոգևոր ճանապարհը

    «Տեսությունս՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, նայում է Ընդհանրական Հայ Եկեղեցուն».
    Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան


    Հոգևոր մեծ բերկրանքով և սրբազան պարտականության զգացումով եմ գրում այս տողերը՝ մի անձի մասին, ում ձեռքերից ընդունեցի քահանայական ձեռնադրությունս, մի անձի, ով դրեց հիմքը իմ նոր կյանքի՝ քահանայական առաքելության կնիքով և կյանքի առավել լայն հոգևոր և բարոյական տեսլականով, մի անձի, ով եղավ և է՛ ինձ համար օրինակ՝ քաջ, համբերատար, հեզ, հեռատես, լայնախոհ և միշտ հավասարակշռված, անձնվեր, քրիստոսակիր և քրիստոսանման հովվի. Արհիապատիվ Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյան, ում այլևս Աստծո կամքով և ընտրությամբ կոչելու ենք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց:

     

    Սկսենք նրա կենսագրական հանգրվաններից: Ռաֆայել Մինասյանի ճանապարհին 24 թիվը միշտ մեկնարկային է եղել՝ 24 հոկտեմբերի, 1946թ.՝ իր ծննդյան օրը, 24 հունիսի 1973թ.՝ քահանայական ձեռնադրությունը Բեյրութում, 24 հունիսի 2011թ.՝ Ն. Ս. Բենեդիկտոս 16-րդ Սրբազան Քահանայապետի կոնդակով Հ. Ռաֆայել Վրդ. Մինասյանն անվանվեց Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Կապադովկիական Կեսարիայի Հայոց, Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց:

     

    Բայց նախքան եպիսկոպոսությունը Ռաֆայել Մինասյանը երկար ու բեղուն հոգևոր ճանապարհ է անցել: 1958թ. մտել է Զմմառի Պատրիարքական Միաբանություն ընծայարան, 1966-ին ուղարկվել Հռոմի Լևոնյան հայկական վարժարան և սովորել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության ուսման վկայականներ: Ապա ուսումը շարունակել է Հռոմի Սալեզյան համալսարանում` մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ: Այս մասնագիտացումը Ռաֆայելին հետագայում մեծապես օգնեց մարդկանց հետ պարզ, ջերմ հարաբերություններ զարգացնելու, նաև ազդեցիկ անձանց հետ ճիշտ բանակցելու, օգտակար կապեր հաստատելու համար: 1973-ին կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո մինչև 1980 թվականը Հ. Ռաֆայելը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: 1978թ. նշանակվել է Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցական ատյանի քարտուղար, ապա՝ եկեղեցական դատավոր՝ մինչև 1989 թվականը:   1980 – 1984թթ. Հ. Ռաֆայելը ծիսագիտություն է դասավանդել Բեյրութի Քասլիք Սուրբ Հոգի համալսարանում:  1983 – 1986թթ. եղել է Լիբանանի Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ: Նրա ջանքերով կառուցվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցին:   1986 – 1988թթ. եղել է պատրիարքական քարտուղար:   1988 – 1990 թթ. դարձյալ անվանվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ` միաժամանակ վարելով նորակառույց պատրիարքական վարժարանի տնօրենի պաշտոնը:   1990-1991թթ. Հ. Ռաֆայելը նշանակվել է ծառայության՝ որպես ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ժողովրդապետի օգնական, իսկ 1992-ից՝ որպես ժողովրդապետ և պաշտոնավարել միչև 2006-ը: Վարդապետը մշտապես ակտիվ գործունեություն էր ծավալում ոչ միայն հոգևոր կյանքի զարգացման, այլև հայապահպանության գերխնդիրներ լուծելու նպատակով հայ գործիչներին միավորելու ուղղությամբ:  Հայր Ռաֆայելը գլխավոր հիմնադիր անդամներից մեկն է «Armenian Alliance» բարեգործական հիմնադրամի, որի հովանավորությամբ իրականանում են բազմաթիվ մարդասիրական և բարեգործական ծրագրեր նաև Հայաստանում: Գլենդելում Հ. Ռաֆայել Մինասյանը ձեռնարկեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցումը, որի օծումը տեղի ունեցավ 2001թ.:  2005-ի սեպտեմբերին Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը Հ. Ռաֆայել Վրդ. Մինասյանին անվանեց պատրիարքական Փոխանորդ Երուսաղեմի և Ամմանի Փոխանորդության:

     

    Մեծ է նրա ավանդը նաև հայ կաթողիկէ լրատվամիջոցների զարգացման մեջ, որը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է: 2005-ին Հ. Ռաֆայելը Իտալիայում հիմնեց «Տելէ Փաչէ Արմենիա»՝ “Telepace Armenia”, հեռուստահաղորդումը, որտեղ վարեց հոգևոր հաղորդումների մի գեղեցիկ և հարուստ շարք:

     

    Տիրոջ հավատարիմ այս մշակի ուսերին ծանրացավ մի առավել մեծ, բայց քաղցր լուծ, երբ 2011թ. հունիսի 24-ին անվանվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ և հուլիսի 16 – ին Բեյրութում ձեռանդրվեց եպիսկոպոս՝ արքության պատվով՝ ձեռամբ Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի:   Նույն թվականի օգոստոսի 7 –ին Շիրակի մարզի Արևիկ գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հ. Ռաֆայել Արքեպս Մինասյանի Գահակալության արարողությունը:  Սա եղավ սկիզբը նրա առաքելության՝ մի բարդ տարածքում, որն իր վրա կրում է հետխորհրդային տարածքին բնորոշ տասնամյակների անաստվածության պետական քարոզչության հետևանքները:

     

    Ռաֆայել Սրբազանը շարունակեց իր նախորդների դժվարին ճանապարհը՝ զորացած աստվածառաք շնորհներով և ծառայեց անխոնջ մշակի նման՝ պատրաստ ինքն իրեն մատելու որպես ցորենի հատիկ՝ «մինչև վերջին շունչս՝ ժողովրդիս համար», ինչպես մի անգամ ինքն էլ ասաց իր հարցազրույցներից մեկում՝ փաստելով, որ ամբողջ կյանքում միշտ ծառայության է նշանակվել բարդ և տկար համայնքներում: Ռաֆայել Սրբազանն այս պաշտոնում անցած տասը տարիների ընթացքում լինելով անընդհատ շարժման և վազքի մեջ, կառուցեց, ավարտին հասցրեց կամ նորոգեց Տաշիրի, Նորաշենի, Բավրայի, Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցին, Ղազանչիի Սուրբ Հովսեփ եկեղեցիները, հաստատեց իր հոգևոր հոտը՝ հավատքի մեջ՝ ինչպես Սուրբ Պողոսը, օգնեց բազում կարիքավոր ընտանիքների, հիվանդների, ուսանողների, իր հարկի տակ ապաստան տվեց տասնյակ սիրիահայ և արցախահայ փախստական ընտանիքների, որակական նոր հարթության վրա տեղափոխեց Հայկական Կարիտասի բարեգործական աշխատանքը և դիմագիծը՝ ավելացնելով սոցիալական ծրագրերի և շահառուների թիվը, աշխարհագրական հասցեականությունը՝ երբեք խտրություն չդնելով կաթողիկէի, առաքելականի, նույնիսկ աթեիստի միջև, որովհետև իր համար յուրաքանչյուր հայ քույր կամ եղբայր է՝ ի Քրիստոս և նույն ժողովրդի զավակ: Այս միասնականության տեսլականը նրա առաքելության գլխավոր նպատակն է, որ նաև արտացոլված է իր տարբերանշանի վրա՝ «ծառայում եմ միության հոգով»՝ unitatem spiritus servare` միություն՝ ամբողջ հայ ազգի և Հայ Եկեղեցու՝ Կաթողիկէ՝ Ընդհանրական Եկեղեցու մեջ: Ռաֆայել Սրբազանը հնարավոր ամեն ինչ արել է Հայ Կաթողիկէ և Հայ Առաքելական Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների խորացման, մեկ Հայ Ընդհանրական Եկեղեցի ունենալու երջանիկ օրը վայելելու կանխատեսումով, որն իր սրտում արդեն հաստատուն իրականություն է.

     

    «Տեսությունս ի հեճուկս դժվարությունների նայում է Ընդհանրական Հայ Եկեղեցուն: Մենք դարեր ի վեր մեզանից ամեն մեկը ուզեց ներկայանալ այն ուժով, որ ինքն ունի, բայց ես ուզում եմ ներկայանալ այն ուժով, որ բոլորս ունենք միասին և դրա համար կարծում եմ, որ որպես հայ կաթողիկէ՝ մի մասնիկն եմ Ընդհանրական Հայ Եկեղեցու» (Ձայն խաղաղության հաղորդում, հարցազրույց՝ 02.09.2012թ.):

     

    Հ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը այն կերպարներից է, որոնց մասին մշտապես խոսում է Ֆրանցիսկոս Քահանայապետը՝ մարդիկ, ովքեր քաջություն ունեն լողալու հոսանքին հակառակ, դեմ հանդիման նյութական, հոգեբանական դժվարությունների, քննադատության, զրպարտությունների, երբեմն թաքուն ծաղրանքի, շահամոլության, եսակենտրոնության, չհասկացվածության, դավաճանության և կեղծավորության, բարությունը շահագործելուն: Այս ամենին Ռաֆայել Մինասյանը պատասխանում է միայն լուռ, համբերատար, սպունգի նման իր մեջ վերցնող սիրով, աննկուն բարեգործությամբ, անխտրական բարի վերաբերմունքով՝ իր բոլոր հոգևոր զավակների հանդեպ: Ի՞նչ է սա, եթե ոչ Հիսուս Քրիստոսի խոսքերի ապրումը, թե «ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը»: Նրա խոնարհությունը, իր եսի մասին խոսել չսիրելու սովորությունը երևում է նրա ամեն մի շարժուձևում: Ես, համենայնդեպս, ինքս ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայնելու Ռաֆայել Մինասյան անձի մասին այն ամենը, ինչին ինքը կգերադասեր չանդրադառնալ բնավ՝ բոլորակերպ նվիրում Քրիստոսի ծառայությանը, սիրո, եղբայրության, միության կառուցմանը՝ հալվելով մի պարզ մոմի պես: Չնայած իր բազմազբաղությանը, Ռաֆայել Սրբազանը մշտապես ժամանակ է գտնում համբերությամբ և սիրով լսելու իր կարիքն ունեցող ցանկացած մեկին, նույնիսկ, երբ այդ մեկը բազմիցս շահագործել է իր անհատնում բարությունը: Չնայած իր առջև ծառացող բազում խնդիրներին՝ Հայաստանից մինչև Ռուսաստան և Ուկրաինա, կարողանում էր դրանց լուծումը գտնել աղոթքով, Սուրբ Զոհի Սեղանի առջև ծնրադիր, ամեն առավոտյան աղոթելով Վարդարանը իր սիրելի Մայրիկի՝ Սուրբ Կոյս Մարիամի, որին նվիրված երաժշտական ստեղծագործություններ է մշակել նաև երաժշտական տաղանդով օժտված այս արվեստասերը: Նրա սենյակում միշտ դրված է նաև բացված և լարված ջութակը, որից հաճախ են հնչում հոգեպարար մեղեդիներ, որ նաև նրա հոգու յուրահատուկ երգի հնչյուններն են:

    Այսպիսին է Ռաֆայել Մինասյանը՝ քրիստոնյան, բարի հովիվը և ուշադիր հայրը, որի  օրինակը, առանց երբևէ ինքն իրեն պարտադրելու, հուշում է ինձ իմ քահանայական ծառայության ճանապարհին միշտ կանգ առնել և ինքս ինձ ուղղել հետևյալ հարցը. արդյո՞ք ես ճիշտ ճանապարհով եմ գնում:

    Այս գրությունս ավարտում եմ՝ այն աղոթախառն վստահությամբ, որ մի քանի տարի անց Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի մասին առավել հարուստ փաստեր կունենամ գրելու և մեր հոգիները կլցվեն անասելի բերկրանքով և հպարտությամբ: Դարեր շարունակ նեղություններ, հալածանքներ, զրկանքներ կրած Հայ Կաթողիկէ Եկեղեցին և հայ ժողովուրդը այսօր առավել քան երբևէ այնքա՜ն կարիքն ունեն ժրաջան, առաքելական ոգով համակված, գործունյա և քաջ Հայրապետի:

    Տերն Ամենակալ թող շնորհի՜ մեր Հայրապետին երկար և լուսավոր առաքելական օրեր. Ամեն:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    23 սեպտեմբերի, 2021թ.

Օրացույց

Օրացույց