• Երիտասարդական համայնքային օրեր II միջոցառման ամփոփում

    «Կանչուած ենք լուրջ եւ ծանրակշիռ աշխատանքի…». Ռաֆայել Արքեպս. Մինասյան


    2018թ. հուլիսի 21-28-ը Հայաստանի «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդական համայնքային օրեր II» միջոցառումը: Այս տարի մասնակիցների թիվը շատ ավելին էր, օրերի տևողությունն ավելի երկար և օրակարգն՝ ավելի հարուստ. շուրջ 260 մասնակիցներով՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիբանանից, Սիրիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից, Իտալիայում, Լեհաստանում և Կազախստանում սովորող հայ ճեմարանականներ:

    Բացման արարողությանը մասնակցեցին և երիտասարդներին ողջույնի խոսքերով դիմեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Հայաստանում և Վրաստանում պապական առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս՝ Ժոզե Ավելինո Բեթենկուրը, Միացյալ Նահանգների և Կանադայի կաթողիկէ հայոց Առաջնորդ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանը, Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանը, Հռոմի Սուրբ Աթոռի Կյանքի և ընտանիքի վարչության երիտասարդական ծրագրերի ղեկավար Հայր Ժոաո Շագասը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, «Արևելքի քրիստոնյաներ ՍՕՍ» միավորման ղեկավար Ալեքսանդր Գուդարզին, Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներ:

    Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանն իր ողջույնի խոսքում նշեց.

    «Սիրելի՛ երիտասարդներ, հիշեցե՛ք, որ դուք ապագա առաջնորդներ եք, դուք արդեն իսկ պետք է ինքներդ ձեզ տեսնեք որպես առաջնորդներ և ավելի ջանասիրությամբ աշխատեք ձեզ շրջապատող աշխարհում ավելի մեծ ներդրում ունենալու համար… Խնդրում եմ, սիրե՛ք Աստծուն ամեն ինչից և ձեր անձից առավել, սիրե՛ք նրանց, ում հետ կիսում եք ձեր ամեն օրվա կյանքը, քանի որ սերը ծառայություն և նվիրում է…»:

     

    Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին և ասաց. «Մաքուր սիրով հայրաբար կը մօտենանք Ձեզի՝ այս համախմբման ընթացքին տալու փրկարար հոգեւոր սնունդը, որով ամրացած՝ պիտի կարողանաք դիմակայէլ այս կործանարար ոխերիմ թշնամուն Կանչուած ենք լուրջ եւ ծանրակշիռ աշխատանքի, մանաւանդ, երբ այսօր հստակորեն կը տեսնենք մարդկութեան կենցաղավարութիւնից եւ անհաստատ ընթացքից, թէ այս երեք բանալի բառերը՝ ինքնութիւն, պատկանելիութիւն եւ վկայութիւն, եթէ ոչ լրիւ կորսուած, ապա, վստահ, արժեզրկուած եւ ապականուած են իրենց նախընտիր եւ հարազատ իմաստից։ Այս մտահոգիչ սպառնալիքի պատճառով եւ ինչպես նաեւ Ձեզ՝ Մայր Հայրենիքի եւ Սփիւռքի Հայ Կաթողիկէ Երիտասարդներին միասին համախմբելու եւ իրարու ծանօթանալու նպատակով է, որ ստանձնեցինք այս պատասխանատու հաւաքը կազմակերպել, ինչպես նաեւ փոխանցելու հարուստ փորձառութիւնը եւ միասին մշակելու բաղձալի ապագայի տեսլականները ու համարժեք եւ հաստատուն քայլերը»:

     

    Պապական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթանկուրը երիտասարդներին կոչ արեց ամուռ կառչած մնալ հոգևոր և ազգային արմատներին.

    «Մենք հուսով ենք, որ այս երիտասարդական հավաքը, որտեղ հավաքվել են հայ երիտասարդներ Հայաստանի շրջաններից և Եվրոպայի շատ երկրներից, կարող է օգնել և զորացնել ձեզ նմանվելու այն ականավոր հայերին, ում ես հանդիպել եմ Մենք պետք է ունենանք արմատներ, եթե չունենանք արմատներ, կնմանվենք մի անարմատ ծառի, որ ընկնում է առաջին իսկ քամուց: Սա այն ինքնությունն է, որ ձեր ծնողներն են տվել ձեզ, և որը դուք առաջ եք տանում այս աշխարհում»:

     

    Համայնքային երիտասարդաց օրեր միջոցառման 2-րդ օրը երիտասարդները մինչև երեկո Գյումրիում էին: Նախ մասնակցեցին հայրապետական Սուրբ Պատարագի՝ Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Մայր Եկեղեցում, որ մատուցվեց ձեռամբ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի և ներկայությամբ պապական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Բեթանկուրի, նաև երիտասարդաց օրերին մասնակից սրբազան հայրերի, վարդապետների, քահանաների և, իհարկե, երիտասարդների և Գյումրիի հավատացյալների: Շարականները կատարում էր Տիրամայր Հայաստանի երգչախումբը՝ մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Իր խոսքում պապական նվիրակը ներկաներին փոխանցեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հայրական ողջույնը և պատմեց, թե Քահանայապետը մշտապես ջերմությամբ է հիշում 2016-ին Հայաստան կատարած իր այցելությունն անջնջելի տպավորություններով: Նվիրակը խոսքի վերջում իր պաշտոնական հավատարմագրերը հանձնեց Ռաֆայել Արքեպս. Մինասյանին: Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցավ նաև Հռոմի Լևոնյան հայ վարժարանի ուսանող Արամ Սաադոյին կիսասարկավագության աստիճանի շնորհման և Լեհաստանում ու Կազախստանում սովորող ևս հինգ հայ ճեմարանականների սքեմառության արարողությունները:

     

    Երիտասարդաց համայնքային օրեր II միջոցառման երրորդ օրվա դասախոսությունների շարքը սկսվեց  Հռոմի Սուրբ Աթոռի Ընտանիքի և աշխարհականների հարցերի վարչության երիտասարդության բաժնի ղեկավար Հ. Ժոաո Շագասի ելույթով՝ Ֆրանցիսկոս Պապի ուղերձի վերաբերյալ, որը գրվել է հատուկ 2018-ի երիտասարդության համաշխարհային օրերի համար և որի վերնագիրը վերցված է Ղուկասի ավետարանի տողերից. «Մի վախեցի՛ր Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար»: Հ. Շագասը բավական խորությամբ ներկայացրեց Քահանայապետի գրությունը, որտեղ վերլուծություն կա նաև մերօրյա երիտասարդների մտահոգությունների, վախերի մասին: Այս թեման ամենաշատը հուզեց մասնակիցներին և բազմաթիվ հարցեր տվեցին ու ստացան սպառիչ պատասխաններ: Հայր Շագասից հետո հայ քրիստոնեայի ինքնության թեմայով խոսեց Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը: Երիտասարդների հարցերին պատասխանեց նաև Տ. Գրիգոր ավ. Քհն. Մկրտչյանը՝ առաջարկելով ինքնության շուրջ մտորումները պսակել կյանքի գերնպատակի մասին պրպտումներով: Դասախոսություններից հետո երիտասարդները առանձին խմբերով քննարկեցին օրվա ընթացքում լսած թեմաները և ապա ներկայացրեցին իրենց քննարկումների արդյունքները:

    Չորրորդ օրվա դասախոսություններից առաջինը պատկանելության թեմայով էր՝ բանախոսությամբ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանի: Սրբազան Հայրը բացատրեց երիտասարդներին, թե պատկանելությունը պետք է հասկանալ երկու իմաստներով՝ պատկանելություն ազգին, որ սկսվում է ընտանիքից և պատկանելություն՝ Աստծուն, որ քրիստոնյայի համար սկսվում է Քրիստոսի Եկեղեցուն անդամագրվելուց:

    Միքայել Սրբազանից հետո հայ կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը երիտասարդներին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Հռոմում գումարվելիք եպիսկոպոսական սինոդի նախապատրաստական փաստաթուղթը՝ երիտասարդների և նրանց այսօրվա խնդիրների, ձգտումների, փափագների վերաբերյալ: Դա աշխատանքային շատ կարևոր մի փաստաթուղթ է, որը թարգմանվել և բաժանվել է երիտասարդներին, որպեսզի խորհրդածեն այդտեղ արծարծված կետերի շուրջ և պատասխանեն մի քանի հարցերի: Այդ հարցերը օգնում են երիտասարդին ավելի լավ հասկանալ իր ինքնությունը՝ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում և անխախտ պահել այն արժեքները, որոնց վրա է հիմնված իր «ես» և «մենք»-ը: Հարցարանը լրացնելուց հետո եկավ ժամը խաղերի, որոնք կազմակերպում էր Սիրիայի Գամշլիի ժողովրդապետ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը: Երեկոյան մշակութային միջոցառում էր, որտեղ յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր մի համերգային ներկայացում:

     

    Հինգերորդ օրը երիտասարդները հոգևորականների հետ միասին ուխտագնացություն կատարեցին Հաղպատի և Սանահինի վանքեր:

    Վեցերորդ օրվա բանախոսությունները սկսվեցին սրբության կոչի մասին խորհրդածությամբ, որ առաջնորդված էր Ֆրանցիսկոս Քահանայապետի 2018 թվականի առաքելական նամակով՝ վերնագրված «Ցնծացէ՛ք եւ ուրախ եղե՛ք»: Բանախոս Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի հիմնական շեշտադրությունն այն էր, որ յուրաքանչյուր մարդ կոչված է սրբության:

    Հաջորդ բանախոսներն էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության աշխատակից Մարիաննա Ապրեսյանը և գլխավոր քարտուղար Գերշն. Տ. Եզնիկ Արքեպս. Պետրոսյանը, ովքեր խոսեցին վկայության մասին: Եզնիկ Սրբազանը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից մասնակիցներին նվիրեց նաև Սուրբ Գրքի նոր հրատարակության մի քանի օրինակներ: Ռուսաստանի հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ Հ. Պետրոս ծայրագ. Վրդ. Եսայանն ամբողջացրեց վկայության թեման՝ շեշտադրելով առավելապես կյանքով վկայելու առաջնային անհրաժեշտությունը:

    Բանախոսություններից հետո Ռաֆայել Սրբազանը, ով այդ օրերին միշտ երիտասարդների հետո էր, առանձին հանդիպումներ ունեցավ տարբեր երկրներից եկած խմբերի հետ և ուզեց իմանալ նրանց կարծիքները այս օրերի մասին:

     

    Երիտասարդաց համայնքային միջոցառման 7-րդ օրն ամփոփիչ էր: Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը իր ամփոփիչ ելույթում ուրախությամբ նշեց, որ վստահ է, թե մասնակից երիտասարդներն իրենց համայնքներում կդառնան միջոցառման օրերին ընդունած գիտելիքների, արժեքների տարածողը: Հայր Գառնիկը շնորհակալություն հայտնեց Ռաֆայել Սրբազանին՝ այս միջոցառումը նախաձեռնելու և հովանավորելու համար, ինչպես նաև՝ բոլոր պատասխանատու, բանախոս հոգևորականներին, կազմակերպչական խմբին, կամավորականներին, հովանավորներին և երիտասարդներին:

    Օրվա երկրորդ կեսին Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը երիտասարդներին մեկնաբանություններ տվեց Խոստովանության խորհրդի շուրջ, ապա հոգևորականներն ընդունեցին խոստովանություններ, մինչ մյուսները միասնաբար Վարդարան էին աղոթում և երգում Աստվածամորը նվիրված երգեր, շարականներ:

     

    Երեկոյան համերգային ծրագիրը սկսվեց Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի կարճ շնորհակալական խոսքով: Սրբազան Հայրը հուշանվերներ հանձնեց բոլոր հոգևորականներին, կամավորականներին, կազմակերպիչներին՝ նրանց ներկայացնելով անուն առ անուն և մի փոքր պատմելով նրանց մասին:

     

    Միջոցառումն ավարտվեց գյումրեցի երգիչներ Մուրադ Մալխասյանի, Կարեն Մայիլյանի և երգչուհի Նվարդ Հարությունյանի համերգային ելույթով և ավանդական խարույկի շուրջ պարերով:

     

    Երիտասարդական համայնքային օրեր II միջոցառումը հովանավորեցին Հայ կաթողիկէ առաջնորդարանը, L’Ouvre d’Orient, SOS Chretiens d’Orient, Renovabis, Kirche in Not բարեսիրական կազմակերպությունները, Միացյալ Նահանգների եպիոսկոպոսների խորհրդաժողովը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց