«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի», Մտթ. 18:2-4
2018թ. օգոստոսի 5-8-ը Ջավախքի Բավրա հայ կաթողիկէ համայնքում կազմակերպվեց բակային ճամբար՝ գյուղի 10-13 տարեկան 43 երեխաների համար՝ ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի նախաձեռնությամբ: Ջոկատավարները գյուղի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներն են:
Ճամբարային օրակարգը սկսվում էր առավոտյան աղոթքով՝ եկեղեցում, ապա ճամբարականները մեկնում էին ճամբարի վայր՝ գյուղի մոտ գտնվող, անտառածածկ գեղեցիկ մի վայր, որտեղ նրանց համար կազմակերպվում էին քրիստոնեականի դասեր, ապա՝ ճաշ, խաղեր, ուրախ ժամանց և երեկոյան վերադառնում էին տուն:
Բավրայի երեխաների համար բակային ճամբարը լավ հնարավորություն է ամառային հանգիստ անցկացնելու նաև տեղում: Նրանցից շատերը ակտիվորեն մասնակցում են նաև Աղաջանյան կենտրոնում կազմակերպվող ճամբարներին: