• ՀՀ Սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը «Համայնքային երիտասարդական օրեր II» միջոցառման մասնակիցներին

    Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը բացահայտի ի Վերուստ իրեն տրված շնորհը և այդ կերպ օգտակար դառնա Հայրենիքին:


     

    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և

    Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Երիտասարդաց խմբի նախագահ

    Գերհարգելի՛ Հայր Գառնիկ ծայրագույն վարդապետ Հովսեփյան,

    Հոգևո՛ր հայրեր,

    Սիրելի՛ աշխարհասփյուռ հայրենակիցներ,

     

    Ի սրտե շնորհավորում և իմ ողջույնի ջերմ խոսքերն եմ հղում ձեզ ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Աղաջանյան» կենտրոնում կայանալիք «Համայնքային երիտասարդական օրեր 2018» հանդիպման կազմակերպման և անցկացման առթիվ: Այն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Երիտասարդաց խմբի նախագահ Գերհարգելի Հայր Գառնիկ ծայրագույն վարդապետ Հովսեփյանի և նրա գլխավորած թիմի աշխատանքի արդյունքն է:

     

    Հիրավի, խորհրդանշական է, որ հանդիպումը կրում է «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար» աստվածաշնչյան խորագիրը: Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը բացահայտի ի Վերուստ իրեն տրված շնորհը և այդ կերպ օգտակար դառնա Հայրենիքին:

     

    Լիահույս եմ, որ այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա երիտասարդության կյանքում, քանի որ Հայրենիքում և արտերկրում բնակվող երիտասարդներին հնարավորություն է տալիս փոխադարձ ծանոթության, գիտելիքների և փորձի փոխանակման համար:

     

    Գնահատելի է, որ այս միջոցառմանը մասնակցում են 18-30 տարեկան հայ երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Լիբանանից, Իտալիայից և Լեհաստանից: Այս տեսակետից երիտասարդական այս հանդիպումը նոր կամուրջներ ստեղծելու և ամրապնդելու կարևոր հարթակ է:

    Ցանկանում եմ, որ այս հանդիպումից հետո յուրաքանչյուր մասնակից երիտասարդ, երբ վերադառնա իր բնակության երկիր, Հայրենիքից ստացած նոր էներգիայով ու կենսառիթմով համայնքում անմիջապես անցնի հայապահպանության և հայրենադարձության կարևոր գործի կյանքի կոչման առաքելությանը:  Այսուհետ բոլորիս, հատկապես երիտասարդների ջանքերը անհրաժեշտ է մեկտեղել և նվիրել այս գաղափարին առհավետ. աշխարհի բոլոր ծագերում վեր հանել հայրենազրկված մեր հայրենակիցների՝ ազգային ինքնության պահպանմանը սպառնացող մարտահրավերները և հաղթահարել դրանք:

    Այսօր արդեն միասին պետք է մեր բոլորի գործունեության հիմքում դնենք անառարկելի մի հրամայական. եթե ոչ դուք, ապա ձեր զավակները պետք է հասակ առնեն Հայաստանում:

    Յուրաքանչյուրդ կրում եք Հայաստանը, նախևառաջ, ձեր մեջ, ապա նաև՝ ձեր համայնքներում, բայց այլևս «Հայաստանը» պետք է ապրեք Հայաստանում, Հայաստանը պետք է ապրեցնեք՝ ապրելով Հայաստանում, Հայաստանն այսօրվանից սպասում է ձեզ:

    Սիրելի՛ երիտասարդ մասնակիցներ,

    Մաղթում եմ ձեզ արդյունաշատ հանդիպումներ, բովանդակալից քննարկումներ, աշխատանքային և հանգստի հետաքրքիր ու հագեցած օրակարգ Հայրենիքում:

     

    Հարգանքով՝

    ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

     

     

Օրացույց

Օրացույց