Տարբեր երկրներից հավաքված հայ կաթողիկե երիտասարդները նպատակ ունեն ամրապնդել միասնականությունը
Նախ և առաջ թույլ տվեք ողջունել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե երիտասարդներին, Հայ կաթողիկե երիտասարդական միության նախագահ Գերհ. Հայր Գառնիկ Յուսեֆին և բոլոր մասնակիցներին ու հյուրերին:
Թույլ տվեք նաև իմ սրտագին երախտագիտությունը հայտնել այս հրավերի համար: Ինձ համար մեծ պատիվ է այսօր մասնակցել այս առանձնահատուկ միջոցառման բացման արարողությանը, տեսնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիբանանի, Շվեդիայի, Սիրիայի և Իտալիայի հայ կաթողիկե համայնքներից հավաքված ավելի քան 200 մասնակցի, որոնցից քսաներկուսը և Տեր Հովսեփ Պետոյանը ժամանել են Սիրիայից:
Ես կցանկանայի առանձնահատուկ կերպով շեշտել երիտասարդության կարևորությունը մեր ապագան կերտելու գործում՝ չանդրադառնալով նույնիսկ այն փաստին, որ այստեղ՝ այս կարևոր հանդիպման ընթացքում, տարբեր երկրներից հավաքված հայ կաթողիկե երիտասարդները նպատակ ունեն ամրապնդել միասնականությունը և ազգային պատկանելիությունը, ուժեղացնել իրենց՝ Տիեզերական եկեղեցու պատկանելիության գիտակցությունը և հարստացնել Հայաստանի պատմության և մշակույթի մասին իրենց ունեցած գիտելիքները: Այս ամենը թույլ է տալիս ինձ խոսել հայ-սիրիական փոխհարաբերությունների պատմության մասին, որ սկիզբ է առել դարեր առաջ, խորացել հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում, երբ Սիրիայի կառավարությունն ապաստան է տվել և աջակցել է հայերին՝ իրավունք տալով նրանց հիմնել իրենց դպրոցները և եկեղեցիները՝ աջակցելով նրանց պահպանել իրենց ինքնությունը և պատկանելիությունը, որը, ինչպես ես գիտեմ, այս երիտասարդական հավաքի հիմնական թեմաներից մեկն է: Ավելին, սիրիահայերը այս երկար պատմական ժամանակահատվածում ապացուցել են իրենց սերը և պատկանելիությունը Սիրիային, նրանք իրենց մտքում միշտ պահել են այնտեղ մնալու գաղափարը՝ չնայած դժվարություններին և որպես քրիստոնյա ու իրական սիրիական ազգային համայնք՝ Սիրիայից վտարվելու վտանգներին, քանի որ ահաբեկչության հիմնական նպատակներից մեկն ազգային միասնականությունը խաթարելն է:
Օգտվելով այս առիթից՝ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր բարեկամ Հայաստանի կառավարությանը, որը չի վարանում աջակցություն և օգնություն ցուցաբերել Սիրիային՝ ահաբեկչության դեմ պայքարի մեջ, ավելին, հյուրընկալում է սիրիահայ երիտասարդների իրենց մայր հայրենիքում՝ Հայաստանում, երիտասարդների, ովքեր իրենց սիրտը թողել են Սիրիայում:
Թույլ տվեք ևս մեկ անգամ իմ սրտագին երախտագիտությունը հայտնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե երիտասարդներին, ում ջանքերի շնորհիվ իրականություն է դառնում այս երիտասարդական հավաքը: