• Պետրոս Նահապետյանի թանգարանի ստեղծման պատմությունը՝ իր թոռան հուշերում

    Ներկան կառուցվում է անցյալի միջոցով, անցյալի պահպանմամբ…


    Օրեր առաջ Փանիկ գյուղում, ներկայությամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, եկեղեցուն կից վերաբացվեց Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարանը: Մեր խնդրանքով Պետրոս Նահապետյանի թոռը՝ Գաբրիել Նահապետյանը, մեզ համար շարադրեց թանգարանի ստեղծման պատմությունը, ըստ իր պապի գրառումների և հիշողությունների:

     

    Այսպես ստեղծվեց պապիս՝ Պետրոս Նահապետյանի թանգարանը

     

    Փանիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ և դպրոցի տնօրեն Միշա Ղալթաղչյանի աջակցությամբ 1967թ մարտի 15-ին դպրոցի շենքում բացվեց պատմության թանգարան։  Աստիճանաբար անհետացող պատմամշակութային արժեքավոր իրերը, գտածոները անհայտությունից փրկելու մտահոգությունը Պետրոս Նահապետյանի մոտ ծնեց պատմա-հայրենագիտական թանգարան ստեղծելու միտքը։ Եվ երևի պատահական չէր ընտրված թանգարանի բացման օրը, քանզի Պետրոս Նահապետյանի համար այդ օրը հիշարժան էր նրանով, որ 1921թ․ նույն օրը Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Թալեաթ փաշային։ Նահապետյանը դպրոցի աշակերտներին հայտնեց, որ դպրոցում հավաքվելու է հազվագյուտ հին զենքեր, ամաններ, փաստաթղթեր, գրքեր՝ թանգարան ստեղծելու համար։ Մի հայտարարություն էլ փակցվեց գյուղի աչքի ընկնող տեղում, որպեսզի համագյուղացիները ևս մասնակցություն ունենային թանգարանի ստեղծմանը։ Եվ հաջորդ օրն իսկ աշակերտներից և համագյուղացիներից շատերը շտապում էին Պ․ Նահապետյանի մոտ՝ իրենց հետ տանելով բազում իրեր։ Մի քանի ուսուցիչներից հանձնաժողով ստեղծվեց, որը զբաղվում էր ցուցանմուշների տարիքի (այն ցուցանմուշներինը, որոնց տարիքը անհայտ էր) մոտավոր  ճշգրտմամբ և այդ արդյունքները զետեղվում էին գույքամատյանում, որտեղ հավաքվեց տեղեկատվություն՝ նվիրատուի և ցուցանմուշի մասին։

    Պետրոս Նահապետյանը շրջելով տնե-տուն, գյուղի հին, անվանի ընտանիքներից հավաքում է հին կարպետների, գորգերի, թաղիքի, խուրջինի, ջվալի, ջեջիմի մնացորդներ։ Եվ նույնիսկ որոշ գյուղացիներ ծիծաղելով  նրա այս նախաձեռնության վրա ասել են․ «Վարժապետը քուրջ է հավաքում»։ Պարզվում է, որ գյուղում մեծ քանակությամբ ձեռագործ աշխատանքներ են եղել, որոնք անփութության և նրանց արժեքի չիմացության պատճառով ոչնչացել  էին։  Բայց այնուամենայնիվ, հաջողվեց որոշ նմուշներ փրկել։ Թանգարանի ցուցանմուշների բազայի հարստացմանը մեծ չափով նպաստեց 8-10-րդ դասարանների մի խումբ աշակերտներից կազմված պատանի հնագետների խմբակը։ Նրանց օգնությամբ պեղումներ էին իրականացվում գյուղի հյուսիսային կողմում գտնվող «Մարկոսյանների խարաբա» կոչվող վայրում, ինչպես նաև Սպանդարյան գյուղում (այստեղ առկա են ուրարտական շրջանի հնավայրեր)։ Այս խմբակը ունեցել է «Պատանի հնագետ» թերթը, որտեղ լուսաբանվել են խմբակի կողմից իրականացված աշխատանքները: Բայց կառավարական որոշման համաձայն պեղումները դադարեցվել են։ Ցուցանմուշների առատանալու արդյունքում թանգարանը տեղափոխվեց դպրոցի ավելի մեծ սենյակ։

     

    Թանգարանը ունեցել է ազգագրության, զենքերի, զարդերի, ամանների, հին դրամների, գյուղատնտեսական գործիքների, հին ձեռագրեր, տպագիր գրքերի, հացի բաժիններ։ Այս բաժիններից հացինն էր, որ յուրօրինակություն էր հաղորդում նորաբաց թանգարանին։ Այդ բաժնում անհրաժեշտ մեկնաբանություններով ցուցադրված են եղել հացի ստեղծման, ստացման ձևերն ու եղանակները, հաց թխելու բոլոր պարագաները, ինչպես նաև հացազգիների այն տեսակները, որնցից հաց էին թխել։ Առկա է եղել նաև ջրաղացի մակետը, որը հնարավորություն է տվել ցուցադրել ալյուրի ստացման եղանակը նախասովետական գյուղում։ Ստեղծման պահին թանգարանը եզակի է եղել ողջ Խորհրդային Միության տարածքում։ Թանգարանի մասին հիշատակություն կա  Արթիկի շրջկոմ Ալբերտ Հովհաննիսյանի «Հաց հանապազօրյա»  գրքում։ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով «Երևան» ստուդիայում Ա․ Հովհաննիսյանի սցենարով նկարահանվում է   «Հաց հանապազօրյա» կինոնկարը, որի որոշ կադրեր նկարահանվել են Փանիկի դպրոցի թանգարանում։

     

    Թանգարանի համբավը տարածվելով դուրս է եկել շրջանային մակարդակից և ճանաչում գտել նաև հանրապետությունում։ Թանգարանը բազում հյուրեր է ընդունել ոչ միայն հանրապետությունից, այլև արտերկրից՝ Գերմանիայից, Չիլիից, Վիետնամից, Ղազախստանից և այլ երկրներից։ 1981թ թանգարան է այցելել նաև Հայաստանի կենտկոմի պատվիրակությունը։ Թանգարանը ունեցել է նաև այցելուների մատյան, որի առաջի էջին իր տպավորություններն է գրել գրող Նաիրի Զարյանը։

     

    Թանգարանի հիմնադրման վերաբերյալ Պետրոս Նահապետյանը գրել է հետևյալը. «Թանգարանի հիմնադրումը նպաստեց աշակերտների գեղագիտական ճաշակի զարգացմանը, բարձրացրեց նրանց ազգային ոգին և հպարտությունը, նրանց մեջ դաստիարակեց հայրենասիրության և ժողովրդասիրության վեհ զգացում։ Միևնույն ժամանակ բարձրացրեց աշակերտների ու գյուղի բնակիչների պարտքի ու  պատասխանատվության զգացումը՝ աչքի լույսի պես պահել ու պահպանել մեր ժողովրդի հոգևոր լույսից ծնված սուրբ մասունք դարձած հուշարձանները»։

     

    1988թ երկրաշարժի պատճառով թանգարանը դադարեց գործող լինելուց։ Թանգարանի ցուցանմուշները անուշադրության մատվեցին, իսկ որոշներն էլ կորան։ Չնայած այս ամենին 30 տարի անց  Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ, Հ․ Գառնիկ Վրդ. Հովսեփյանի և համայնքապետ Վարդան Մակեյանի աջակցությամբ, Անուշ Գարսանցյանի ֆինանսական օժանդակությամբ վերաբացվեց թանգարանը։  Փանիկի հասարակությունը գիտենալով, որ թանգարանը հանդիսանում է ազգային հիշողությունը վառ պահող հաստատություններից մեկը, վստահաբար կանի ամեն ինչ այն պահպանելու, զարգացնելու և հաջորդ սերունդներին փոխանցելու իր նախնյաց ձեռքբերումները․

    «․․․որովհետև ներկան կառուցվում է անցյալի միջոցով, անցյալի պահպանմամբ, ինչպես նաև նրա վերակերտումը պետք է խարսխվի ներկայում»[1]:

     

    [1] Հ․Մարության «Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում» Ե․, «Նորավանք». ԳԿՀ, 2006 էջ 34

     

    Գաբրիել Նահապետյան

    ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մագիստրանտ 

Օրացույց

Օրացույց