«Միշտ կան դռներ, որոնք փակ չեն»
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ.
ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐՈՎ ԴԵՊԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Հեղինակներ՝ Sergio Centofanti and Հայր Bernd Hagenkord
Ինչո՞ւ է Վատիկանը երկխոսության մեջ մտնում Չինաստանի իշխանությունների հետ: Չնայած կրոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված վարչակարգի կողմից պատճառված դժվարություններին ու տառապանքներին՝ Չինաստանում կաթողիկեները հավատարիմ են մնացել Քրիստոսին և Եկեղեցուն: Այսպիսով, ինչի՞ կարող է հասցնել այսպիսի երկխոսությունը:
Եկեղեցու կյանքում երկխոսությունը առաջնային է: Եկեղեցու գործելակերպի առումով սա կարևոր տարր է՝ ինչպես իր իսկ կառույցի ներսում, այնպես էլ աշխարհի հետ իր փոխհարաբերություններում: Երկխոսել՝ նշանակում է կապի մեջ լինել հասարակության, կրոնների ու մշակույթների հետ: Վատիկանի երկրորդ ժողովը երկխոսությունը համարում է հովվական գործունեության մի ձև՝ ոչ միայն Եկեղեցու անդամների շրջանում, այլև՝ ոչ քրիստոնյաների, պետական իշխանությունների և բարի կամքի տեր բոլոր մարդկանց հանդեպ: «Եկեղեցին՝ Ժամանակակից Աշխարհում՝ “Gaudium et Spes (Ուրախություն և հույս)”» հովվական սահմանադրությունն արձանագրում է. «Բոլոր մարդիկ՝ հավատացյալներն ու անհավատները, պետք է նպաստեն այս աշխարհի պատշաճ կառուցմանը, որտեղ ապրում են միասին. ինչն, իհարկե, հնարավոր չէ՝ առանց անկեղծ և խելամիտ երկխոսության», 21:
Պողոս VI Պապը համանման մի բան է ասել իր “Ecclesiam Suam” շրջաբերական նամակում. «Եկեղեցին պետք է երկխոսության մեջ մտնի այն աշխարհի հետ, որտեղ գտնվում է: Եկեղեցին խոսք է: Եկեղեցին ուղերձ է», 67: Կաթողիկե Եկեղեցին «պետք է պատրաստ լինի երկխոսություն պահել իր շրջանակից ներս և դուրս գտնվող բոլոր բարի կամքի տեր մարդկանց հետ», 97:
Երկխոսությունը մարդկանց, հաստատությունների և համայնքների միջև հեշտացնում է փոխըմբռնումը, որն էլ կարող է վերածվել բարեկամության: Ամեն դեպքում, երկխոսությունը սնվում է վստահությունից: Փոխադարձ վստահությունը պտուղն է բազմաթիվ փոքր քայլերի, ժեստերի ու հանդիպումների, որոնք տեղի են ունենում տարբեր առիթներով, հաճախ՝ անաղմուկ և շատ զգուշորեն: Ինչպես ասել է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը 2017թ. մայիսի 13-ին՝ «Միշտ կան դռներ, որոնք փակ չեն»:
Սուրբ Աթոռի և Չինաստանի միջև երկխոսության ընթացիկ դրությունը ձեռք է բերվել շնորհիվ նախորդ պապերի ձեռնարկած փոքր քայլերի՝ նրանցից յուրաքանչյուրը մի նոր ճանապարհ է բացել, մի նոր աղյուս ավելացրել շենքին՝ ներշնչելով հուսալի մտքեր և գործողություններ. սկսած Պողոս VI Պապի զգույշ դիվանագիտությունից մինչև Բենեդիկտոս XVI և Հովհաննես Պողոս II-ի հստակ ցուցումները՝ խրախուսելով ակտիվ երկխոսություն Չինաստանի իշխանությունների հետ: Բոլորովին վերջերս, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի անհատականության, ուսուցչի հեղինակության և վարվելակերպի շնորհիվ է, որ արագացել է երկխոսության և հանդիպման գործընթացը բազմաթիվ մարդկանց և ազգերի միջև, ներառյալ՝ Չինաստանի:
Կաթողիկե Եկեղեցու երկխոսության ընտրությունն ըստ էության վերջը չէ: Սա «փոխզիջում չէ ամեն գնով», որն ավարտվում է կարևոր սկզբունքներ վաճառելով՝ քաղաքական կամ դիվանագիտական առավելություններ ձեռք բերելու նպատակով: Չինաստանի դեպքում, դա կնշանակեր մոռանալ այն տառապանքները, որոնք կրել է կաթողիկե համայնքը: Եկեղեցու համար երկխոսությունը միշտ պետք է կենդանանա ճշմարտության և արդարության որոնմամբ՝ նպատակ ունենալով հետամուտ լինել մարդու անձի լիակատար բարօրությանը և հարգել հիմնարար իրավունքները: Անհրաժեշտ է հիշել, որ Եկեղեցու առաքելությունը, նույնիսկ Չինաստանում, երկրի կառուցվածքը կամ կառավարությունը փոխելը կամ էլ պետական իշխանությանը կամ ղեկավարությանը բացարկ հայտարարելը չէ: Եթե Եկեղեցին իր առաքելությունը վերածեր բացառապես քաղաքական ճակատամարտի, ապա կդավաճաներ իր իսկական բնույթին և կդառնար պարզապես մեկ այլ քաղաքական դերակատար ի թիվս շատերի՝ հրաժարվելով իր ամենավեհ կոչումից և իր գործունեությունը դարձնելով լոկ ժամանակավոր առանձնահատկություն:
Անկեղծ ու ազնիվ երկխոսությունը Եկեղեցուն թույլ է տալիս գործել հասարակության ներսից՝ միևնույն ժամանակ պաշտպանել կաթողիկեների օրինական ակնկալիքները և նպաստել համընդհանուր բարօրությանը: Այս համատեքստում, երբ Եկեղեցին քննադատական հայտարարություններ է անում՝ նրա նպատակը ոչ թե բանավեճ հրահրելը կամ դատապարտելն է, այլ՝ կառուցողական ոգի ունեցող ավելի արդար հասարակություն ստեղծելն է: Քննադատությունը վերածվում է հովվական գթության որոշակի գործունեության, քանի որ այն տառապանքի ճիչի արձագանքն է նրանց՝ ովքեր թույլ են և ուժ չունեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար:
Ինչ վերաբերում է Չինաստանին, Սուրբ Աթոռը վստահ է, որ ազնիվ ու հարգալից երկխոսությունը, որքան էլ որ բարդ և ռիսկային դա կարող է լինել, կխրախուսի հավատ ընծայող փոխանակման մթնոլորտ, որը կբարձրացնի փոխըմբռնումը և որին աստիճանաբար կհաջորդի հեռավոր և ոչ հեռու անցյալի տարաձայնությունների հաղթահարումը:
Տարբեր նշաններ վկայում են այն մասին, որ Չինաստանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում միջազգային հարթակում Սուրբ Աթոռի կողմից իրականացվող «մեղմ իշխանությանը»: Չինաստանում պատմությունը շարունակում է իր հունով ընթանալ և նրանք, ովքեր Եկեղեցում հատուկ պատասխանատվություն ունեն՝ պետք է ճիշտ կողմնորոշվելու ընդունակություն դրսևորեն: Ահա թե ինչու, երկխոսությունը, որ ավելի քան քառորդ դար է՝ ինչ Սուրբ Աթոռը նախաձեռնել է Չինաստանի իշխանությունների հետ, իսկական հովվական պարտականություն է դարձել նրանց համար, ովքեր տարված են ժամանակների նշանները մեկնաբանելով և պատմության մեջ Աստծո ներկայությունն ընդունելով:
Սուրբ Աթոռի և Չինաստանի միջև երկխոսության վերաբերյալ մանրամասնորեն մշակված հոդվածների շարքում սա երկրորդն է:
Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը
Աղբյուրը՝ Vatican News