• Թբիլիսիում մեկնարկել է Կարիտաս Եվրոպայի Տարածաշրջանային տարեկան համաժողովը

    Համաժողովի կարգախոսն է՝ «Երիտասարդություն, համերաշխություն, Եվրոպա»


     

    Այսօր՝ 2018 թ. մայիսի 7-ին, Թբիլիսիում մեկնարկել է Կարիտաս Եվրոպայի տարածաշրջանային համաժողովը, որը Կարիտաս Եվրոպայի հիմնական օրինական որոշումներ կայացնող վեհաժողովն է: Համաժողովին մասնակցում են Կարիտաս Եվրոպայի անդամ 39 երկրների կարիտասների մոտ 150 ղեկավար կազմի ներկայացուցիչներ և երիտասարդ կամավորականներ: «Երիտասարդություն, համերաշխություն, Եվրոպա» կարգախոսով այս համաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև մայիսի 9-ը:

     

    Հայաստանից համաժողովին մասնակցում են Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Գործադիր Տնօրեն Պրն. Գագիկ Տարասյանը, և «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը:

     

    Համաժողովի օրակարգը բավական հագեցած է. այն ունի երկու հիմնական բաղադրիչ.

     

    1.վարչական և ֆինանսական կառավարման ընթացակարգեր, որոնց ընթացքում տեղի են ունենալու Կարիտաս Եվրոպայի նոր Նախագահի, Գլխավոր Քարտուղարի, Գործադիր մարմնի անդամների, հաշվապահների ընտրություններ,

    2.երիտասարդ աշխատակիցների և կամավորականների աշխատանքի վերաբերյալ քննարկումներ, աշխատաժողովներ, միջոցառումներ:

     

    Բացման արարողության ընթացքում ելույթ են ունենալու Կարիտաս Եվրոպայի Նախագահ Գերհ. Լուք Վան Լույը, Կարիտաս Վրաստանի Նախագահ Գերհ. Բեննի Բեթ Յադեգարը, Միջազգային Կարիտասի Գլխավոր Քարտուղար Միշել Րոյը, Հռոմի Սուրբ Աթոռի Մարդկային ամբողջական զարգացման վարչության պրեֆեկտ Վսեմ. Կարդինալ Փիթեր Թարքսոնը, ապա՝ Կարիտասի երիտասարդ աշխատակիցներ՝ Վիեննայից և Լյուքսեմբուրգից:

    Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Կարիտաս Եվրոպայի վարչության կազմի նոր թեկնածուների առաջադրումը, որից հետո ժողովականները կմասնակցեն Սուրբ Պատարագի՝ կաթողիկէ ասորա-քաղդեական եկեղեցում:

     

    Մայիսի 8-ին առավոտյան լատինածես Սուրբ Պատարագից հետո տեղի կունենա քննարկոււմ՝ «Երիտասարդ Կարիտասը՝ լսել և տեսնել» խորագրով քննարկում, ապա կլինեն երիտասարդական աշխատաժողովներ: Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա վարչության կանոնադրական ժողովը, որի ընթացքում կքննարկվեն վարչական և ֆինանսական հաշվետվության ընթացիկ հարցեր, որից հետո տեղի կունենան Կարիտաս Եվրոպայի նոր Նախագահի և վարության մյուս անդամների ընտրությունները: Վարչական նիստերին զուգահեռ այլ վայրում և Թբիլիսիի փողոցներում կկազմակերպվեն երիտասարդկան միջոցառումներ՝ նպատակ ունենալով հանրությանը առավել լավ իրազեկել Կարիտասի գործունեության և կամավորականության մասին:

     

    Մայիսի 9-ին տեղի կշարունակվեն երիտասարդկան աշխատաժողովները, տեղի կունենա տոնավաճառ, որի ընթացքում կցուցադրվեն Կարիտասի ազգային կազմակերպությունների երիտասարդների աշխատանքները, ապա ժողովականները կայցելեն Կարիտաս Վրաստանի կենտրոններ և կծանոթանան բարեսիրական տարաբնույթ աշխատանքներին:

     

    Տարածաշրջանային համաժողովը կավարտվի հայածես Սուրբ Պատարագով՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի:

     

    Համաժողովի կազմակերպիչները վստահ են, որ մասնակիցների փորձը և վկայությունները կնպաստեն երիտասարդների մասնակցության զարգացմանը՝ Կարիտաս Եվրոպայի ցանցում, Կաթողիկէ Եկեղեցում և հասարակության մեջ ընդհանրապես:

     

    «Կարիտասը մի մեծ ընտանիք է՝ շատ վճռական ասելիքով: Մեր գործընկերների և կամավորների հետ միասին, մենք կարող ենք օրինակ ծառայել և բարելավել ամենախոցելիների ու ամենաաղքատների վիճակը: Այս աշխատանքում մենք պետք է նաև երիտասարդներին հնարավորություն ընձեռենք արտահայտել իրենց համերաշխությունը և ակտիվ մասնակիցներ դառնալ իրենց հասարակություններում», – ասում է Լյուքսենբուրքի երիտասարդության համերաշխության կամավորների համակարգող և Եվրոպայի Կարիտասի երիտասարդական ցանցի օգնականներից մեկը՝ Փոլ Գալլեսը:

     

    Կարիտասում բազմաթիվ երիտասարդներ արդեն իսկ կամավորներ են, քանի որ նրանք ցանկանում են պարտավորվել ու օգնել իրենց համայնքների կարիքավոր մարդկանց: Իրենց գործողությունների միջոցով նրանք սոցիալական արդարություն և հավասար հնարավորություններ են պահանջում յուրաքանչյուրի համար: Նրանք ուզում են օրինակ ծառայել և օգնել՝ կերտելու ավելի լավ ապագա բոլորի համար:

     

    «Մենք աշակերտներն ենք, իսկ երիտասարդները՝ ուսուցիչները: «Կարիտասի երիտասարդությունը մեծ կարևորություն ունի ողջ Կարիտասի ցանցի համար, ուստի, մենք պետք է աջակցենք ողջ Եվրոպայի տարածքում երիտասարդների ներգրավմանը: «Կարիտասի երիտասարդությունը կկերտի Կարիտասի կերպարը Եկեղեցու և հասարակության մեջ, այսօրվա և վաղվա փոփոխվող Եվրոպայում», ասում է Կարիտաս Եվրապայի նախագահ և Գենտի Եպիսկոպոս Գերհ. Լյուք Վան Լույը:

     

    «Կարիտաս Եվրապան խրախուսում է երիտասարդների մասնակցությունը, որպեսզի նրանք ակտիվորեն ներգրավվեն ձևավորման գործընթացներում, որոնք ուղղակիորեն ներգործում են նրանց վրա: Այսօր հնարավորություն ընձեռելով երիտասարդներին՝ մենք ապահովում ենք վաղվա արդար, ներառական և սոցիալական Եվրոպան».-ասված է Տարածաշրջանային համաժողովի մամլո հաղորդագրության մեջ:

Օրացույց

Օրացույց