• «Պաշտպանե՛ք ձեր երեխաներին համացանցում՝ ավելորդ հետաքրքրասիրությունից». Ֆրանցիսկոս Պապ

    Խնդրենք Սուրբ Հոգու շնորհները՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու համար


     

    Համաձայն Vatican News գործակալության տեղեկատվության, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն Սանտա Մարթայի տաճարում` 2018-ի ապրիլի 30-ին, իր ամենօրյա առավոտյան Պատարագի ժամանակ շեշտեց, որ ծնողները պետք է պաշտպանեն երեխաներին, հատկապես՝ նրանց, ովքեր տրվել են համացանցային հետաքրքրություններին:

    Նորին Սրբությունը հորդորեց քրիստոնյաներին աղոթել՝ լավ և վատ հետաքրքրությունները զատորոշելու շնորհ գտնելու համար և իրենց սրտերը բացել Սուրբ Հոգու առաջ, ով վստահություն է ներշնչում կյանքում:

     

    Երեխաները,- նկատեց Քահանայապետը,- ունեն առողջ հետաքրքրասիրություն և շատ հարցասեր են:

    Հաշվի առնելով այն փաստը, որ կյանքը լի է հետաքրքրություններով, Սրբազան Քահանայապետը ընդգծեց լավի և վատի միջև տարբերակում կատարելու ունակության կարևորությունը: Երեխաների հարցասիրությունը,- նշեց նա,- առողջ է, քանի որ մեծանալով՝ նրանք նկատում են բաներ, որոնք չեն հասկանում, ուստի՝ բացատրություն են փնտրում: Սա ինքնուրույնություն է զարգացնում:

    Նորին Սրբությունը դատապարտում է բամբասանքը՝ այն համարելով վատ հետաքրքրասիրություն: Ուրիշների կյանքի մեջ «քիթը խոթելն» ավարտվում է մյուսներին արատավորելով՝ թույլ տալով մարդկանց իմանալ այնպիսի բաներ, որոնց իրավունքը չունեն:

    «Այսպիսի վատ հետաքրքրասիրությունը ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում», – ասաց նա, զգուշացնելով՝ – «մենք միշտ կունենանք այդ գայթակղությունը»:

     

    Սրբազան Քահանայապետը նկատում է. երբ մարդիկ համացանցում բազմաթիվ վատ բաներ են գտնում, ապա անհրաժեշտ է օգնել նրանց, որպեսզի այդ հետաքրքրությունների բանտարկյալները չդառնան: Նա քրիստոնյաներին հորդորում է հայցել Սուրբ Հոգու աջակցությունը, որը վստահություն է ներշնչում ընդդեմ այս անառողջ հետաքրքրությունների:

     

    Այնուամենայնիվ, – ընդգծեց նա, – վախենալու ոչինչ չկա, բայց պետք է զգույշ լինել: Սրբազան Քահանայապետն ասաց, որ բազմաթիվ հետաքրքրություններ կան, հատկապես՝ վիրտուալ աշխարհում:

    «Այդ հետաքրքրությունների մեջ կարգապահություն չկա», – զգուշացրեց Ֆրանցիսկոս Պապը:

    Նորին Սրբությունը խորհուրդ տվեց մեծահասակներին օգնել երիտասարդներին ապրել այս աշխարհում, հավաստիանալով, որ իմանալու ցանկությունը նրանց չի դարձնի հետաքրքրասիրության բանտարկյալներ:

    Սուրբ Հոգին վստահություն է ներշնչում:

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ Ավետարանում Առաքյալների հետաքրքրասիրությունն առողջ էր, քանի որ նրանք ցանկանում էին իմանալ՝ ինչ է վիճակված, և Հիսուս պատասխանեց՝ ներշնչելով նրանց վստահություն, որը «երբեք չի խաբում», խոստանալով, որ Սուրբ Հոգին նրանց ամեն ինչ կսովորեցնի և կհիշեցնի այն ամենն՝ ինչ Նա է ասել:

    Սրբազան Քահանայապետը շեշտում է. «Սուրբ Հոգին է, որ վստահություն է բերում մեր կյանք, «բայց ոչ որպես վստահությունների փաթեթ»: Մենք մեր հարցերն ենք ուղղում Սուրբ Հոգուն և նրա առջև բացում մեր սրտերը, որպեսզի նա ճիշտ այս պահի համար մեզ վստահություն պարգևի ու պատասխանի: Սուրբ Հոգին քրիստոնյայի կյանքի ուղեկիցն է:

    Նորին Սրբությունը բացատրում է, որ Հիսուսի և իր աշակերտների միջև այս զրույցը, որը «երկխոսություն է մարդկային հետաքրքրասիրության ու վստահության միջև» ավարտվում է վկայակոչելով Սուրբ Հոգուն՝ «հիշողության ուղեկցին», որն առաջնորդում է դեպի «կայուն երջանկություն»:

    Եզրափակելով իր խոսքը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հորդորում է քրիստոնյաներին դառնալ դեպի ճշմարիտ ուրախություն և կյանքի ճանապարհն անցնել Սուրբ Հոգու ուղեկցությամբ, ով օգնում է սխալներ չգործել:

     

    Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց