• Ճշմարիտ մարգարեն՝ մեր օրերում

    Եկեղեցին մարգարեների կարիք ունի


     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ապրիլի  17-ի առավոտյան քարոզի կիզակետում էր Սուրբ Ստեփանոսի (Ստեփանոս Նախավկա)՝ Եկեղեցու առաջին մարտիրոսի քարկոծումը ներկայացնող ավետարանական ընթերցումը:

    Սանտա Մարթայի տաճարում մատուցված Սբ. Պատարագի ժամանակ՝ իր քարոզում Սրբազան Քահանայապետն ասաց, որ ճշմարիտ մարգարեն նա է, ով ընդունակ է ողբալ իր ժողովրդի համար, որն իրեն անտեսում է:

     

    Նա խորհեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որում Ստեփանոս Նախավկան մեղադրում էր մարդկանց, ավագներին ու օրենսգետներին՝ համառ լինելու և Սուրբ Հոգուն միշտ հակադրվելու մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես իրենց նախնիներն են վարվել, նրանք ևս հալածում էին մարգարեներին:

     

    Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ այդ մարդիկ սրտաբաց չեն եղել, չեն ցանկացել լսել Ստեփանոս Նախավկային և չեն հիշել Իսրայելի պատմությունը:

     

    Հալածանքի ենթարկվել հանուն ճշմարտության  

     

    «Ճիշտ այնպես, ինչպես իրենց նախնիներն էին հալածում մարգարեներին, – ասաց Սրբազան Քահանայապետը, – նույնպես և այդ ավագներն ու օրենսգետներն այնքան կատաղած էին, որ հարձակվեցին Ստեփանոսի վրա, դուրս հանեցին նրան քաղաքից ու սկսեցին քարկոծել: Երբ մարգարեն ճշմարտությունն է ասում և դիպչում սրտին, մարդու սիրտը կամ բացվում է կամ՝ քարանում, զայրույթ ու հալածանքներ են սանձազերծվում, ահա՛ թե ինչպես է ավարտվում մարգարեի կյանքը»:

     

    Ճշմարիտ մարգարեն սգում է իր ժողովրդի համար

     

    «Երբեմն հեշտ չէ լսել ճշմարտությունը», – նշեց Ֆրանցիսկոս Պապը՝ նկատելով, որ «ճշմարտությունն ասելու համար մարգարեները միշտ էլ հալածանքների են ենթարկվել»:

     

    Նա հավելեց, – ճշմարիտ մարգարեն նա է, ով ոչ միայն ճշմարտությունն է ասում, այլև ընդունակ է ողբալ իր ժողովրդի համար՝ մի ժողովրդի, որ հեռացել է ճշմարտությունից:

     

    Նա հիշատակեց Հիսուսին, ով մի կողմից խստորեն հանդիմանում էր իր ժողովրդին՝ նրանց անվանելով «չարիքի ու դավաճանության ծնունդ», մյուս կողմից էլ ողբում էր Երուսաղեմի համար:

     

    «Ճշմարիտ մարգարեն նա է, ով ընդունակ է ողբալ իր ժողովրդի համար, սակայն, միևնույն ժամանակ՝ ուղղակի կերպով սուր խոսքեր ասել», – ասաց նա:

     

    Հույս ներշնչել

     

    Զարգացնելով այս թեման՝ Ֆրանցիսկոս Քահանայապետը ճշմարիտ մարգարեին նկարագրում է որպես մեկը, ով ընդունակ է նաև հույս ներշնչելու. «Բացելով սրտի դռները, բուժելով արմատները, ուժեղացնելով Աստծո ժողովրդին պատկանելու գիտակցությունը, որպեսզի առաջ շարժվեն»:

     

    «Մարգարեն գիտի երբ հանդիմանել, սակայն գիտի նաև, թե ինչպես լայն բացել դռները հույսի առաջ: Ճշմարիտ մարգարեն իր անձն է վտանգում», – ասաց նա:

     

    Հիշատակելով Սուրբ Ստեփանոսին, ով սպանվել էր Սողոսի աչքի առջև հանուն ճշմարտության, Նորին Սրբությունը մեջբերում է Եկեղեցու առաջին Հայրերից՝ Տերտուղիանոսի խոսքերը. «Մարտիրոսների արյունը սերմն է քրիստոնյաների»:

     

    «Եկեղեցին մարգարեների կարիք ունի: Ավելին, հարկավոր է, որ մեզանից յուրաքանչյուրը լինի մարգարե և ոչ թե քննադատ… սա բոլորովին այլ բան է», – ասաց նա:

     

    Նա, ով միայն քննադատում է և երբեք որևէ բանով չի ուրախանում, մարգարե չէ, – բացատրում է Սրբազան Քահանայապետը, – մարգարեն նա է, ով աղոթում է, ապավինում Աստծուն, հոգ տանում նրա ժողովրդի մասին և երբ այդ ժողովուրդը սխալվում է՝ ողբում:

     

    «Թող որ մարգարեության այս ծառայությունը երբեք չպակասի Եկեղեցում, – եզրափակում է Քահանայապետը, – որպեսզի ընդունակ լինենք միշտ առաջ շարժվելու»:

     

    Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց