Մարդը կատարյալ է միայն մարմնի ու հոգու միությամբ
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բարի լույս,
Զատկի այս երրորդ կիրակի օրվա առանցքը Հիսուս Քրիստոսի աշակերտների՝ Հարուցյալ Հիսուսին տեսնելու փորձառությունն է: Այս մասին հատկապես վկայում է Ավետարանը, որը մեզ ևս մեկ անգամ տանում է Խորհրդավոր ընթրիքի վերնատուն, որտեղ Հիսուսը հայտնվում է իր Առաքյալներին՝ նրանց ուղղելով այս ողջույնը. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք» (Ղուկ. 24:36): Սա է Հարուցյալ Քրիստոսի ողջույնը, ով մեզ խաղաղություն է շնորհում: «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք» խոսքերը վերաբերում են ինչպես ներքին խաղաղությանը, այնպես էլ մարդկանց հետ հարաբերություններում հաստատված խաղաղությանը:
Դրվագը, որը ներկայացվում է Ղուկաս ավետարանչի կողմից, ընդգծում է Հարության ռեալիզմը: Հիսուսը Ոգի չէ: Իրականում, խոսքը չի վերաբերում Հիսուսի հոգու հայտնությանը, այլ Նրա իրական ներկայությանը՝ Հարություն առած Մարմնով:
Հիսուսն հասկանում է, որ Առաքյալները խռովված և շփոթված են Նրան տեսնելով, քանի որ Հարության իսկությունը անհավատալի էր նրանց համար: Նրանք մտածում են, որ ոգի են տեսնում, սակայն Հարուցյալ Քրիստոսը Ոգի չէ, Նա մարդ է մարմնով և հոգով: Եվ, որպեսզի նրանք համոզվեն, Նա ասում է. «Տեսէք իմ ձեռքերն ու ոտքերը,- և նրանց ցույց է տալիս վերքերը, – որովհետեւ նոյն ինքը ես եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք, քանզի ոգին մարմին ու ոսկոր չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ» (Ղուկ. 24:39): Ավետարանը նաև վկայում է, որ ուրախությունն այնքան մեծ էր, որ նրանք չէին կարողանում հավատալ. «Ո՛չ, չի կարող պատահել, այդպիսի բան հնարավոր չէ՛: Այսքան մեծ ուրախություն հնարավոր չէ՛: Եվ մինչ ուրախությունից չէին հավատում՝ համոզելու համար Հիսուս ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք» (Ղուկ. 24:41): Եվ նրանք տվեցին նրան խորոված ձուկ, և Հիսուսն առավ այն ու կերավ նրանց առաջ, որպեսզի համոզվեն:
Հիսուսի պնդումը, որ իր Հարությունը ճշմարիտ է, լույս է սփռում մարմնի վերաբերյալ քրիստոնեական պատկերացման վրա. մարմինը խոչընդոտ կամ բանտ չէ հոգու համար: Աստված ստեղծել է մարմինը, և մարդը կատարյալ է միայն մարմնի ու հոգու միությամբ: Հիսուսը, հաղթահարելով մահն ու Հարություն առնելով մարմնով և հոգով, ստիպում է մեզ հասկանալ, որ մենք պետք է դրական պատկերացում ունենանք մեր մարմնի մասին: Այն կարող է մեղքի պատճառ կամ գործիք դառնալ, այնուամենայնիվ, մեղքի պատճառը ոչ թե մարմինն է, այլ մեր բարոյական թուլությունը: Մարմինը Աստծո զարմանահրաշ նվերն է, որը հոգու հետ միությամբ նախասահմանված է լիովին արտահայտելու Արարչի պատկերն ու նմանությունը: Ուստի, մենք կանչված ենք մեծապես հարգելու և հոգ տանելու մեր և այլոց մարմինների մասին:
Մեր մերձավորի մարմնի նկատմամբ յուրաքանչյուր անարգանք, վիրավորանք կամ բռնություն վիրավորում է Արարչին: Միտքս մասնավորապես վերաբերում է երեխաներին, կանանց ու տարեցներին, որոնց մարմինները տանջված են: Այս մարդկանց մարմիններում է, որ գտնում ենք Քրիստոսի մարմինը: Խոցված, ծաղրուծանակի ենթարկված, զրպարտված, նվաստացված, խարազանված ու խաչված Հիսուսը… մեզ սովորեցնում է սիրել: Սեր, որը Նրա Հարությամբ դարձավ էլ ավելի հզոր, քան մեղքն ու մահը, և Նա ուզում է փրկել բոլոր նրանց, ովքեր իրենց մարմնի վրա կրում են մեր ժամանակների ստրկության դրոշմը:
Մի աշխարհում, որտեղ շատ անգամ ամբարտավանությունը գերիշխում է ամենաթույլին, և նյութապաշտության «գոյությունը» խեղդում է ոգին՝ այսօրվա Ավետարանը կոչ է անում լինել խորաթափանց, լի հետաքրքրությամբ ու մեծ ուրախությամբ՝ Հարուցյալ Տիրոջը հանդիպելու համար: Ավետարանը կոչ է անում իմանալ, թե ինչպես ընդունել ու արժեվորել կյանքի նորամուծությունները, որոնք Նա սերմանում է պատմության մեջ, և դրանք ուղղորդել դեպի նոր Երկինք և նոր Երկիր: Թո՛ղ, որ Կույս Մարիամը, որի մայրական բարեխոսությանը վստահությամբ հանձնում ենք ինքներս մեզ, պաշտպանի մեզ այս ճանապարհին:
Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը