• ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ “ՔԱՂԱՔԻՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻՆ”

    «Հիսուսն է Տերը. Հայրը Նրան Հարություն տվեց և Նա հավիտյան կապրի մեր մեջ»:


    2018թ. ապրիլի 1-ին, Զատկի կիրակի կեսօրին, Հռոմի Սուրբ Աթոռի իր նստավայրի պատշգամբից Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարեց իր “Urbi et Orbi” Զատկական Օրհնանքը՝ ուղղված Հռոմ քաղաքին և աշխարհին:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    Շնորհավո՛ր Սուրբ Զատիկ:

    Յիսուս յարեաւ ի մեռելոց:

    Ալելույայի հնչյունների ներքո այս բարի լուրը հնչում է ամբողջ աշխարհի Եկեղեցիներում. «Հիսուսն է Տերը. Հայրը Նրան Հարություն տվեց և Նա հավիտյան կապրի մեր մեջ»:

     

    Հիսուսը կանխագուշակել էր իր Մահն ու Հարությունը՝ իրեն նմանեցնելով ցորենի հատիկին: «Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ եմ ասում ձեզ. եթէ ցո­րե­նի հա­տի­կը հո­ղի մէջ ընկնելով չմեռ­նի, մի­այն ին­քը կմնայ, իսկ եթէ մեռ­նի, բա­զում ար­դիւնք կտայ» (Յովհ. 12:24): Եվ սա հենց այն է՝ ինչ տեղի ունեցավ. Հիսուսը՝ ցորենի հատիկը, Աստծո կողմից ցանվեց հերկած հողի մեջ, մեռավ՝ սպանվելով աշխարհի մեղքով: Երկու օր Նա մնաց գերեզմանի մեջ, սակայն Նրա մահը բովանդակում էր Աստծո սերն իր ողջ զորությամբ: Նա ազատվեց եւ երրորդ օրը հարություն առավ՝ այն օրը, որը տոնում ենք այսօր՝ Քրիստոս Տիրոջ Զատիկը:

     

    Մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք և գիտենք, որ Քրիստոսի Հարությունը աշխարհի իրական հույսն է, հույս, որը չի հիասթափեցնում: Սա ցորենի հատիկի ուժն է, այն սիրո ուժը, որը խոնարհվում է ու տրվում մինչև վերջ, և այդպիսով՝ իսկապես վերափոխում աշխարհը: Այս ուժն այսօր էլ շարունակում է պտուղներ տալ մեր պատմության ակոսներում, որոնց վրա իրենց հետքն են թողել անարդարության և բռնության բազմաթիվ դեպքեր: Այն տալիս է հույսի և արժանապատվության պտուղներ այնտեղ՝ ուր կա զրկանք ու արտաքսում, քաղց ու գործազրկություն, այնտեղ՝ ուր կան վտարանդիներ ու փախստականներ (շատ հաճախ մերժված այսօրվա վատնումի մշակույթի կողմից), թմրադեղերի առևտրի, մարդկային թրաֆիքինգի ու ժամանակակից ստրկության զոհեր:

    Այսօր խաղաղության պտուղներ ենք խնդրում ողջ աշխարհի համար՝ սկսած սիրելի և երկարատև տառապանքներ կրած Սիրիայից, որի ժողովուրդը ուժասպառ է եղել այս, կարծես, անվերջանալի պատերազմից: Զատկի այս տոնին, թո՛ղ որ Հարուցյալ Քրիստոսի լույսը լուսավորի բոլոր քաղաքական և ռազմական առաջնորդների խիղճը, որպեսզի անմիջապես վերջ դրվի բնաջնջման այս գործընթացին, որպեսզի պահպանվի մարդասիրական իրավունքը և սահուն կերպով ապահովվի օգնության մուտքը, որի կարիքն այնքա՜ն զգում են մեր եղբայրներն և քույրերը: Միևնույն ժամանակ համապատասխան պայմաններ ապահովվեն տեղահանվածների վերադարձի համար:

     

    Հաշտեցման պտուղներ ենք խնդրում Սուրբ Երկրի համար, որն այս օրերին ևս խոցված է բաց հակամարտության վերքերով, որոնք չեն խնայում անպաշտպան մարդկանց, ինչպես նաև Եմենի և ողջ Մերձավոր Արևելքի համար, որպեսզի երկխոսությունը և փոխադարձ հարգանքը գերակշռեն տարաձայնությունների ու բռնությունների վրա: Թո՛ղ որ մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը՝ ովքեր հաճախ հանդուրժում են անարդարություններն ու ենթարկվում հալածանքների, լինեն Հարուցյալ Տիրոջ և չարի դեմ բարու հաղթանակի լուսավոր վկաները:

     

    Այսօր հույսի պտուղներ ենք խնդրում նրանց համար, ովքեր ձգտում են ավելի արժանապատիվ կյանքի. նախ և առաջ՝ Աֆրիկյան մայրցամաքի այն տարածաշրջանների մարդկանց համար, ովքեր խորապես տանջվում են սովից, տեղային հակամարտություններից ու ահաբեկչություններից: Թո՛ղ որ Հարուցյալ Տիրոջ խաղաղությունը դարմանի Հարավային Սուդանի վերքերը և բացի սրտերը երկխոսության ու փոխադարձ ըմբռնման առջև: Եկե՛ք չմոռանանք այդ հակամարտության զոհերին, հատկապես՝ երեխաներին: Թո՛ղ որ այնտեղ համերաշխության պակաս չլինի բոլոր նրանց համար, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց հայրենիքը և ովքեր զրկված են ապրելու համար անհրաժեշտ նվազագույն միջոցներից:

     

    Երկխոսության պտուղներ ենք խնդրում Կորեական թերակղզու համար, որպեսզի տարածաշրջանի ներսում ընթացիկ քննարկումները կարողանան առաջ տանել համերաշխությունն ու խաղաղությունը: Թո՛ղ որ նրանք՝ ովքեր անմիջականորեն պատասխանատու են, գործեն ողջամտորեն և խորաթափանցությամբ, որպեսզի նպաստեն Կորեայի ժողովրդի բարօրությանը և վստահության փոխհարաբերություններ ստեղծեն միջազգային հանրության ներսում:

    Խաղաղության պտուղներ ենք խնդրում նաև Ուկրաինայի համար, որպեսզի հօգուտ համերաշխության ձեռնարկված քայլերն ամրանան և դյուրին դառնան մարդասիրական նախաձեռնությունները, որոնց կարիքն ունի ժողովուրդը:

    Մխիթարության պտուղներ ենք խնդրում նաև Վենեսուելայի ժողովրդի համար, որն, ինչպես գրել են նրանց եպիսկոպոսները, իր սեփական երկրում ապրում է այնպես՝ ասես «օտար երկրում»: Թո՛ղ որ այս ազգը, Տեր Հիսուսի Հարության զորությամբ, գտնի ճշմարիտ, խաղաղ ու մարդասեր ուղի՝ արագորեն հաղթահարելու քաղաքական և մարդասիրական ճգնաժամերը, որոնց ճիրաններում է հայտնվել երկիրը: Եվ թո՛ղ որ նրա որդիներն ու դուստրերը, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց հայրենիքը, երբեք չզգան հյուրընկալության ու օգնության պակաս:

     

    Թո՛ղ որ Հարուցյալ Քրիստոսը նոր կյանքի պտուղներ բերի այն երեխաների համար, ովքեր պատերազմների ու սովի արդյունքում մեծանում են առանց հույսի և զրկված են կրթությունից ու բժշկական օգնությունից, նաև՝ այն մեծահասակների համար, որոնք մեկուսացած են անձնապաշտ մշակույթի կողմից, որն արտաքսում է նրանց, ովքեր «արդյունավետ» չեն:

     

    Իմաստության պտուղներ ենք խնդրում նաև նրանց համար, ովքեր մեր աշխարհում ունեն քաղաքական պատասխանատվություն, որպեսզի նրանք միշտ կարողանան հարգել մարդկային արժանապատվությունը, ակտիվորեն նվիրվեն ու հետամուտ լինեն համընդհանուր բարօրությանը և ապահովեն իրենց քաղաքացիների զարգացումն ու անվտանգությունը:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    Այն խոսքերը, որ գերեզմանի մոտ լսեցին կանայք, հասցեագրված են նաև մեզ. «Ինչո՞ւ ող­ջին մե­ռեալ­նե­րի մէջ էք փնտրում: Այս­տեղ չէ, այլ յարութիւն առաւ» (Ղուկ. 24:5-6): Մահը, մենությունը և վախը այլևս վերջին խոսքը չեն: Կա մի խոսք, որը գերազանցում է մյուսներին, խոսք, որ միայն Աստված կարող է ասել, և դա Հարության խոսքն է (հմմտ. Հովհաննես Պողոս II, Խաչի ճանապարհ, 2003թ. ապրիլի 18): Աստծո սիրո ուժով այն վանում է չարը, լվանում մեղքերը, վերականգնում  մեղավորների անմեղությունն ու վշտացյալների զվարթությունը, վերացնում  ատելությունը, մեծացնում փոխըմբռնումը և իրեն ենթարկում ողջ իշխանությունը:

    Շնորհավո՛ր Սուրբ Զատիկ:

     

    Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց