• Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցավ 2018-ի առաջին երիտասարդական մեծաթիվ հանդիպումը

    «Մի՛ վախեցիր»…


    2018-ի երիտասարդական միջոցառումների բացումը տեղի ունեցավ ապրիլի 7-ին՝ Աղաջանյան հայ կաթողիկէ կենտրոնում՝ մոտ 163 երիտասարդների մասնակցությամբ, ովքեր եկել էին Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:

    Առավոտյան երիտասարդներին իր ողջույնի խոսքն ուղղեց կենտրոնի տնօրեն Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը՝ ուշադրություն հրավիրելով երիտասարդական հանդիպումների բնույթի, կազմակերպչական և կարգապահական հարցերի վրա՝ խնդրելով ճշտապահ լինել և հարգել օրակարգը, հանդիպումների նպատակն ու առանձնահատկությունները:

    Սուրբ Պատարագը մատուցեց Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը:

    Երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը երիտասարդներին ներկայացրեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը՝ 33-րդ համաշխարհային երիտասարդական օրվա առթիվ՝ ներշնչված Ղուկաս ավետարանչի «Մի՛ վախեցիր, Մարիամ, Աստծուց դու շնորհ գտար» (Ղկ. 1,30) համարից: Սրբազան Քահանայապետը վերլուծում է այս համարի յուրաքանչյուր բառի իմաստը՝ հատկապես շեշտադրելով «մի՛ վախեցիր» արտահայտության կարևորությունը ներկա ժամանակներում ապրող երիտասարդի համար: Ինչպես Մարիամի պարագայում, մեր այսօրվա երիտասարդի համար էլ քաջության հիմքն այն վստահությունն է, թե Աստծո շնորհը մեզ՝ յուրաքանչյուրիս հետ է, ով աղոթական երկխոսություն ունի Աստծո հետ: Հայր Գառնիկը անդրադարձ կատարեց աղոթքի էության վրա՝ շեշտելով աղոթքի հույժ կարևորությունը երիտասարդ տարիներին վճռորոշ որոշումներ կայացնելու ընթացքում: Աղոթքը օգնում է լինել անվախ և անհնարինը դարձնում հնարավոր. «Երբ մենք բացվում ենք Աստծո շնորհի առջև, անհնարինը դառնում է իրականություն», գրում է Սրբազան Քահանայապետը:

     

    Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետը հատուկ շեշտում է, որ ինքը վստահում է երիտասարդներին և հավատում նրանց ուժերին, Եկեղեցի՛ն հավատում է իր երիտասարդների ուժերին, հետևաբար, հարկ է, որ երիտասարդն էլ վստահի Եկեղեցուն:

     

    Հանդիպման երկրորդ հատվածում Հայր Գառնիկը ներկայացրեց հոկտեմբերին Հռոմում կայանալիք երիտասարդության թեմայով եպիսկոպոսական սինոդի նախապատրաստական փաստաթուղթը՝ «Երիտասարդներ, հավատք և կոչման ընկալում» վերտառությամբ: Սեփական կոչումը, ներկան և ապագան ծրագրելը հարկավոր է անել Աստծո օգնությամբ, աղոթքով՝ ջանալով զատորոշել, թե որն է Աստծո կամքը սեփական կյանքիդ համար:

    Այս փաստաթղթերի ներկայացումից հետո երիտասարդները լրացրեցին կազմակերպչական խմբի կողմից պատրաստված հարցարանը, որը բաղկացած էր հետևյալ մասերից.

    Ա) Երիտասարդների մարտահրավերներն ու հնարավորություններն արդի աշխարհում,

    Բ) Հավատք և կոչում, ընկալում և ուղղորդում,

    Գ) Եկեղեցու լուսավորչական և հովվական գործունեությունը:

    Մեկօրյա այս հանդիպումը նախապատրաստությունն է այս տարվա հուլիսի վերջին Աղաջանյան կենտրոնում կայանալիք երկրորդ «Ազգային երիտասարդական օրեր» միջոցառման, որին կմասնակցեն երիտասարդներ ոչ միայն Հայաստանից ու Վրաստանից, այլև՝ Ռուսաստանից, Հունաստանից և Շվեդիայից: Հիշեցնենք, 2017-ին տեղի ունեցավ առաջին «Ազգային երիտասարդական օրեր»ը:

     

Օրացույց

Օրացույց