• Սրբազան Քահանայապետը և երեք հայ հովվապետերը օրհնեցին Սբ. Գրիգոր Նարեկացու արձանը՝ Վատիկանի պարտեզում

    Սբ. Գրիգոր Նարեկացին՝ խորհրդանիշ միության


    2018թ. ապրիլի 5-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Աթոռում ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին: Ջերմ զրույցի ընթացքում նրանք փաստել են, որ Հռոմի Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև լավ հարաբերություններ կան, և որ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացումը, որ տեղի ունեցավ այդ հանդիպումից անմիջապես հետո, կոչված է էլ ավելի սերտացնելու միջպետական, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունները Կաթողիկէ և Առաքելական Եկեղեցիների միջև: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական խնդիրներին՝ դրանց լուծման հույսով, ինչպես նաև՝ այլ միջազգային խնդիրներին, որոնք հետևանք են պատերազմների և կրոնական անհանդուրժողականության, ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի մամլո գրասենյակը:

     

    Հանդիպումից հետո Սուրբ Աթոռի պարտեզում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը՝ նախագահությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայ Առաքելական Եկեղեցու երկու հովվապետեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, Տանն Կիլիկիո Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի, Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության հանձնաժողովի նախագահ Կարդինալ Քուրտ Քոխի, Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների հանձնաժողովի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի, Սուրբ Աթոռի, հայ կաթողիկէ և առաքելական այլ բարձրաստիճան հոգևորականների և քաղաքական պաշտոնատար անձանց:

     

    Ինչպես հայտնում է Ռադիո Վատիկանը, Սրբազան Քահանայապետի ժամանումը ողջունվեց Հռոմի Քահանայապետական Լեւոնեան հայկական վարժարանի ժառանգավորների հնչեցրած «Թարգմանչաց» շարականով, ապա ընթերցվեց մի հատված՝ Հովհաննեսի Ավետարանից (Գլ. 15, 9-17), որտեղ Հիսուս փոխանցում է իր սիրո պատուիրանը՝ «սիրեցէ՛ք միմյանց՝ ինչպէս ես ձեզ սիրեցի» եւ ավելացնելով՝ «Չկայ աւելի մեծ սէր, քան իր կեանքը զոհել բարեկամների համար»։ Ավետարանից հետո արտասանվեց մի աղոթք՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» ստեղծագործությունից, ապա Սրբազան Քահանայապետը օրհնեց արձանը: Արձանի  քողազերծումը կատարեց Սուրբ Աթոռի մոտ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Արձանը Հռոմի Սուրբ Աթոռին է նվիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

     

    Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի հեղինակն է ֆրանսահայ քանդակագործ, Ճարտարապետ Դավիթ Երևանցին (Պապայան): Նա քանդակը ծրագրել է դեռևս 2016թ. հունիսին՝ Ֆրանցիսկոս Քահանայապետի՝ Հայաստան կատարած առաքելական այցելութեան առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Քահանայապետին  նվիրած մի արձանիկի նմուշի վրա։ Արձանը ունի 2 մ. բարձրություն։ Սբ. Գրիգոր Նարեկացին պատկերված է գլուխը վեր բարձրացրած, գրքի, նռան և հայկական եկեղեցիների պատկերներով։

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնությունից հետո աղոթեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Հայրապետը, Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ը: Տերունական աղոթքից հետո Ֆրանցիսկոս Քահանայապետը երեք հայ հովվապետերի հետ միասին առաքելական օրհնություն բաշխեց ներկաներին:

     

    Պետք է ասել, որ այս պատմական արարողության հիմքը դրվեց դեռևս 2015թ. ապրիլի 12-ին, երբ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Սբ. Պատարագ մատուցեց ի հիշատակություն Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի: Ֆրանցիսկոս Պապն ասաց. «Մեկ դար է անցել այդ զարհուրելի կոտորածից, որն իսկական մարտիրոսություն է եղել ձեր ժողովրդի համար, որի ժամանակ բազմաթիվ անմեղ մարդիկ զոհվեցին՝ որպես Քրիստոսի անունը խոստովանողներ և նահատակներ… Անցյալ դարում մեր մարդկությունն անցավ երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը շատերի կողմից համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» (Հովհաննես Պողոս եւ Գարեգին Բ, Ընդհանուր հռչակագիր, Էջմիածին, 27 սեպտեմբերի 2001թ.), հարվածեց ձեր հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ժողովրդին»:

     

    Այդ նույն Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Քահանայապետը Սբ. Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետ: Պապը Նարեկացուն բնութագրեց որպես մի վանականի, ով «ավելի քան որևէ մեկը գիտի ինչպես արտահայտել ձեր ժողովրդի զգացմունքները», և ով որպես «մարդկային հոգու մի արտասովոր մեկնիչ՝ հրամցնում է խոսքեր, որոնք մարգարեական են մեզ համար»:

     

    Ավելի ուշ՝ 2016թ. հունիսին, երբ Ֆրանցիսկոս Քահանայապետն այցելեց Հայաստան, իր քարոզներից մեկում ասաց, թե «հայ ժողովուրդը, Ավետարանի լույսով լուսավորված, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ միշտ գտել է նորից ոտքի կանգնելու և արժանապատվությամբ իր ճանապարհը շարունակելու ուժը»:

     

    Այս իրադարձությունները կարևոր քայլեր են, որոնք առաջնորդում են դեպի եկեղեցական միություն: 2018-ի ապրիլի 5-ի պատմական իրադարձությունը երրորդ անգամն է, որ Հայ Կաթողիկէ և Առաքելական Եկեղեցու հովվապետերը միասին աղոթում են Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ միասին: Սա եկեղեցական միության, ազգային միության և քրիստոնեական սիրո մի խորհրդանշական պատկեր է և հույս՝ այդ միությունը գործնականում ամբողջական և կատարյալ դարձնելու:

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments