«Եպիսկոպոսի առաջնային գործը աղոթքն է…հեռու մնացե՛ք իշխաններ դառնալու մոլուցքից»:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2018թ. փետրվարի 26-ին Հայաստանում և Վրաստանում նոր պապական նվիրակ նշանակեց Հ. Խոսե Ավելինո Բեթանկուրին (José Avelino Bettencourt), ով նախկինում վարում էր Հռոմի Սուրբ Աթոռի արձանագրային գրասենյակի ղեկավարի պաշտոնը: Հ. Բեթանկուրը նվիրակի իր նոր պաշտոնում փոխարինեց արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկիին: 2018թ. մարտի 19-ին Հ. Խոսե Ավելինո Բեթանկուրը Հռոմի Սուրբ Պետրոսի մայր տաճարում օծվեց Արքեպիսկոպոս՝ Սրբազան Քահանայապետի ձեռամբ, ևս երկու այլ հոգևորականների հետ միասին, ովքեր ևս նշանակվել են նվիրակներ՝ այլ առաքելավայրերում:
Հ. Խոսե Ավելինո Բեթանկուրը ծնվել է Պորտուգալիայում, 1962թ. մայիսի 23-ին: Վաղ տարիքում ծնողների հետ միասին տեղափոխվել է Կանադա: 1993թ. Խոսեն ձեռնադրվել է քահանա և ծառայության անցել Օտտավայի արքեպիսկոպոսության մեջ: Ավարտել է Օտտավայի համալսարանը՝ աստվածաբանության և գրականության մասնագիտական որակավորմամբ: 1999-ին անցել է դիվանագիտական ծառայության՝ Հռոմի Սուրբ Աթոռում և դոկտորական աստիճան ստացել եկեղեցական կանոնագիտության ոլորտում՝ Պապական Գրիգորյան համալսարանում: Աշխատել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ պապական նվիրակության գրասենյակում, ապա՝ Սուրբ Աթոռի քարտուղարության պետությունների հետ հարաբերությունների բաժնում: 2003 թվականից եղել է Հռոմի Սրբազան Քահանայապետի սենեկապետը: 2012թ. նոյեմբերի 14-ին Բենեդիկտոս 16-րդ Սրբազան Քահանայապետը Հ. Բեթանկուրին նշանակեց Սուրբ Աթոռի Արձանագրային գրասենյակի ղեկավար: 2018թ. փետվարի 26-ին Հ. Բեթանկուրը Քահանայապետի նշանակմամբ անցավ պապական նվիրակի առաքելության՝ Հայաստանում և Վրաստանում:
2018-ի մարտի 19-ին եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ, Սրբազան Քահանայապետը նորօծ եպիսկոպոսներին խնդրեց իրենց առաջնային առաքելությունը համարել աղոթքը, որովհետև Աստված նրանց ընտրել է զբաղվելու Իրեն հաճելի գործով: Քահանայապետը շեշտեց, որ եպիսկոպոսները չեն ընտրվում «այլ բաների համար՝ ոչ աշխարհիկության, ոչ էլ քաղաքականության համար» և խնդրեց «հեռու փախչել իշխաններ դառնալու մոլուցքից»:
Շնորհավորում ենք Արհ. Տ. Խոսե Բեթանկուրին՝ նոր նշանակման և եպիսկոպոսական ձեռնադրության առիթով և աղոթում, որ Աստված զորավիգ լինի նոր և հույժ կարևոր առաքելության մեջ: