• Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահի հարցազրույցը՝ Մոսկվայի հայ երիտասարդների հետ

    Շատ հաճելի է գիտակցել, որ բոլորս, ասես, մեկ ընտանիք լինենք:


    Օրեր առաջ հայ կաթողիկէ երիտասարդների խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը գտնվում էր Մոսկվայում, որտեղ առիթն ունեցավ հանդիպումներ ունենալու և զրուցելու տեղի հայ կաթողիկէ երիտասարդների հետ, ովքեր Մոսկվայի և հարակից շրջանների ժողովրդապետ, Ռուսաստանում առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի առաջնորդությամբ ակտիվ ծխական ծառայություն են կատարում: Հ. Գառնիկը՝ երիտասարդների հետ միասնական աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու, նրանց խնդիրների, ձգտումների մասին լսելու, բարձրաձայնելու նպատակով մի փոքրիկ հարցարզույց է կազմակերպել նրանց հետ և սիրով տրամադրել մեր կայքին, որը և ներկայացնում ենք՝ շնորհակալություն հայտնելով Հ. Գառնիկին.

     

    Հայր Գառնիկ Ծ. Վրդ. ՀովսեփյանԱստված պահապա՛ն, սիրելի՛ երիտասարդներ, շատ ուրախ եմ, որ առիթն ունեցա զրուցելու ձեզ հետ և իմանալ ձեր առօրյայի, հուզող հարցերի և ապագայի հանդեպ տրամադրությունների մասին: Կուզենայի նախ հարց ուղղել ձեր երիտասարդական գործունեության մասին: Ինչո՞վ եք զբաղվում:

     

    Ռուդոլֆ Մանուկյան 

    -Անունս Ռուդոլֆ է: Արդեն երեք տարի է՝ սպասավորում եմ Մոսկվայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ համայնքում, Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում: Պետք է ասեմ, որ մեր երիտասարդները շատ համախմբված են, ի սկզբանե իմ ներկայությունը հայ կաթողիկէ այս համայնքում ինձ համար դարձել է այն գործոնը, որի շնորհիվ ես եկա և համալրեցի Կաթողիկե եկեղեցու հետևորդների շարքերը…Մենք բազմաբնույթ գործունեություն ենք ծավալում: Ներկա պահին շեշտը դրված է լուսավորչական գործունեության վրա: Յուրաքանչյուր կիրակի՝ Սուրբ Պատարագից առաջ, անցկացվում է քրիստոնեականի և հայոց պատմության դասեր: Դասախոսությունները մեզ համար կարդում է մեր ծխականներից մեկը՝ մասնագիտությամբ արևելագետ, ինչպես նաև Հայր Պետրոսը՝ Մոսկվայի հայ կաթողիկեների ժողովրդապետը, ով բանախոսում է Կաթողիկե եկեղեցու պատմության մասին, մասնավորապես՝ Հայ կաթողիկե եկեղեցու պատմության: Մինչ այդ մեզ մոտ անցկացվում էին սովորական քրիստոնեականի դասեր՝ ծանոթացում Սուրբ Պատարագին, որի ընթացքում բացատրվում էր հայկական ծեսով մատուցվող Պատարագի առանձնահատկությունները: Բացի այդ, իմ կարծիքով, ներկայում մեր ծխական համայնքի երիտասարդության համար ամենակարևոր զարգացման փուլերից մեկը “Telegram канал”-ն է, որը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի օրհնությամբ սկսեցինք վարել մի քանի ամիս առաջ: Մենք աշխատում ենք ամեն շաբաթ համացանցային այս եթերում տեղադրել կիրակնօրյա ընթերցումներ՝ առաքյալների թղթերից և Ավետարանից, բացի այդ՝ բոլոր տոներից ու կարևոր իրադարձություններից առաջ օգտագործում ենք այս ցանցը՝ որևէ սրբի տոնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար: Սա շատ հարմար է, քանի որ ժամանակակից երիտասարդներն օգտվում են այս հավելվածից: Հնարավորություն ունենք տեսաուղերձներ ձայնագրելու, ինչն էլ ակտիվ գործածում ենք կիրակնօրյա մեկ րոպե տևողությամբ տեսաուղերձների ձայնագրության համար, որի ժամանակ ժողովրդապետը բացատրում է Ավետարանի օրվա ընթերցվածը: Այսպիսով, փորձում ենք հանրամատչելի դարձնել եկեղեցական կյանքը, ցույց տալ Պատարագի գեղեցկությունը, ավետարանական տեքստերի գեղեցկությունը և, բացի այդ, սա լավ հնարավորություն է մարդկանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու, գուցե, որպես ժամանակացույց կամ Մեծ պահքի շրջանի կանոններ, շարականներ և այլն: Այժմ մենք ակտիվ զբաղվում ենք նաև Խորանի սպասավորների նախապատրաստությամբ: Հայր Պետրոսի Մոսկվա ժամանումից հետո՝ այս երեք տարիների ընթացքում, խորանի սպասավորների թիվն ավելացել է: Բոլոր սպասավորները մշտապես ներկա են և բաց չեն թողնում ոչ մի Պատարագ: Երեխաները սկսել են ակտիվորեն հաճախել խոստովանության, Սուրբ Հաղորդություն ստանալ, լսողությամբ անգիր են սովորում Պատարագի տեքստերը: Ցավոք սրտի, սակավաթիվ են այն երիտասարդները, որոնք տիրապետում են հայոց լեզվին այն մակարդակով, որպեսզի կարողանան կարդալ գրաբարով: Նկատում եմ, որ առաջին հերթին ես ինքս և ինձանից տարիքով փոքր երիտասարդները ևս սկսում են անգիր սովորել և գիտեն Պատարագի բոլոր տեքստերն ու մեղեդիները: Մենք նաև բարեգործությամբ զբաղվելու ծրագրեր ենք կազմում և փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով՝ համացանցով, “Telegram канал”-ով, հավելվածներով հարթել Հայ կաթողիկե եկեղեցու միջծխական կապը և առաջին հերթին ցանկանում ենք կենտրոնական Ռուսաստանի բոլոր ծխական համայնքները համախմբել, որպեսզի մեր միջև կապ հաստատվի, ծանոթանանք միմյանց հետ և հուսով ենք, որ դա մեզ մոտ կստացվի առաջիկա ամռան ընթացքում՝ Համաշխարհային համահայկական երիտասարդաց օրերի և Սոչիում կայանալիք թեմական երիտասարդաց օրերի ընթացքում: Նաև պետք է նշեմ, որ մեր ծխականները նաև մեկը մյուսից անկախ հնարավորության սահմաններում զբաղվում են բարեգործությամբ: Ես և իմ ավագ ընկերը, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, Մայր Թերեզայի քույրերի գթության տանը օգնություն ենք ցուցաբերում: Երկու շաբաթը մեկ անգամ մենք այցելում ենք նրանց և մասնագիտական-ստոմատոլոգիական օգնություն ենք ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Կարծում եմ, որ մեր աշխատանքի հիմնական ուղղությունները պետք է լինեն առաջին հերթին՝ լուսավորչական գործունեությունը, որպեսզի մարդիկ գիտակցեն իրենց կաթողիկե ինքնությունը, գիտակցեն իրենց պատկանելությունը Հայ կաթողիկե եկեղեցուն, հայկական ծեսին, ճանաչեն Պատարագի և Քրիստոսի ավետարանական խոսքի գեղեցկությունը և, երկրորդ, որպեսզի երիտասարդները ծանոթություն հաստատեն և շփվեն միմյանց հետ և մեկը մյուսին հաղորդակից դարձնեն իրենց հավատքին ու հետաքրքրություններին:

    Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    -Այսօր Պատարագի ընթացքում նկատեցի, որ բավական շատ սպասավորներ ունեք խորանի վրա: Գիտեմ, որ արդեն իսկ անդրադարձաք այս թեմային, սակայն կուզենայի իմանալ, թե արդյո±ք տարվա ընթացքում հատուկ ծիսական դասընթացներ կազմակերպվում են Խորանի սպասավորների համար:

     

    Ռուդոլֆ Մանուկյան

    -Այո՛, նախ և առաջ կցանկանայի ասել, որ երբ Հայր Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը՝ նշանակվեց Մոսկվայի ժողովրդապետ, առաջին բանը, ինչով սկսեց զբաղվել՝ դա սպասավորների պատրաստությունն էր: Հիշում եմ, որ վարդապետի ժամանումից դեռ մեկ ամիս չանցած մենք արդեն սկսել էինք սպասավորների նախապատրաստումը և այդ ժամանակ մենք ընդամենը հինգ-վեցն էինք և ցավոք սրտի, այժմ այդ հինգ-վեց սպասավորներից մնացել են ընդամենը երեքը կամ չորսը: Սակայն, հիմա այսպիսի մի միտում է նկատվում՝ ունենք ավելի երիտասարդ՝ 16-17 տարեկան վեց-յոթ սպասավոր, ովքեր սպասավորում են բոլոր Պատարագների ընթացքում: Երիտասարդները սա համարում են մեծ պատիվ: Մենք էլ՝ մեր հերթին, ամեն տարի՝ յուրաքանչյուր տաղավար տոնից առաջ, հավաքվում ենք և պատրաստվում, օրինակ՝ արդեն իսկ սկսել ենք Զատիկին պատրաստվել: Մենք մեծ քաղաքում ենք ապրում և տղաների համար դժվար է երեկոները եկեղեցի գալ, որպեսզի պատրաստվենք: Եվ չնայած այս բոլոր դժվարություններին՝ հաղթահարում ենք և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրանց ծնողներին, որ բերում են իրենց երեխաներին և թեկուզ ուշ ժամի, բայց մնում և պատրաստվում ենք: Կարծում եմ, որ հիմա շատ ավելի լավ է ստացվում, քանի որ տղաները Պատարագը սովորում են կամաց-կամաց և ուզում եմ կարևոր մի բան ևս ասել. երբ երեխաները Եկեղեցում իրենց տեղն են գտնում և ձգտում են գալ Եկեղեցի՝դա դառնում է պատճառ, որ նրանց ծնողները ևս ավելի մոտ լինեն եկեղեցուն:

     

    Հայր Գառնիկ Ծ. Վրդ, Հովսեփյան

    -Լևոն ջան, իսկ դու կարո՞ղ ես մեզ փոքր-ինչ պատմել երիտասարդաց խմբի մասին՝ քանի՞ հոգի եք, քանի՞սն են սկսել և որո՞նք են ձեր ապագա ծրագրերը:

     

    Լևոն

    -Անցած տարի ես քրիստոնեական դասեր եմ վարել: Առաջին Սուրբ Հաղորդություն ստացան հինգ-վեց սան՝ այդ թվում և երիտասարդ օրիորդներ: Դա տեղի ունեցավ անցած տարի հուլիս ամսին՝ Պայծառակերպության տոնին: Հիմա ևս կան քրիստոնեականի դասեր և 4 երեխա է պատրաստվում: Այժմ ունենք Օլյա անունով մի ռուս օրիորդ, ով հաճախում է մեր Պատարագին, այսինքն՝ նա մեր ժողովրդապետության մեջ է, և նա է հիմա պատրաստում երեխաներին:

     

    Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    -Քանի՞սն են մշտական այցելուները:

    Ռուդոլֆ

    -Մոսկվան բավականին մեծ քաղաք է, և մեր ժողովրդապետությունից որոշ երիտասարդներ ապրում են Մոսկվայից դուրս: Նրանց բնակավայրերից ճանապարհի տևողությունը 2-3 ժամ է, այդ իսկ պատճառով միշտ չէ, որ բոլորը կարող են պատարագից շուտ գալ: Պատարագից հետո՝ ամեն շաբաթ, մենք երիտասարդներով հավաքվում ենք և հաց կիսում միմյանց հետ, սակայն բոլորը չեն, որ կարող են գալ և մասնակցել: Դրա համար ուզում էի ասել, որ յուրաքանչյուր պատարագից հետո հավաքվում ենք քահանայի տանն ու երեկոյան ժամերգություն ենք կարդում, և սպասավորներն էլ միշտ գալիս են և արդեն սկսում են ժամերգություն սովորել:

     

    Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    -Անդրանիկ ջան, այսօր աշխարհի չորս կողմում երիտասարդներն ապրում են բավականին տագնապային մի շրջան: Կարո±ղ եք ասել, թե հատկապես որոնք են այսօր հայ երիտասարդների դժվարությունները և ինչպե±ս կարող ենք դրանք հաղթահարել: Երիտասարդն այսօր շատ մեծ խնդիրներ ունի, ըստ քեզ, որո±նք են այդ խնդիրները և ինչպե±ս կարելի է հաղթահարել այս դժվար խնդիրները: Օրինակ, դու՝ իբրև երիտասարդ, ի՞նչ մեծ խնդիր ունես:

    Անդրանիկ Հարությունյան

    -Բարև Ձեզ, ես Անդրանիկ Հարությունյանն եմ: Առաջին խնդիրն այն է, որ եթե չունես սեփական բնակարան, ապա պետք է վարձակալես, ինչի համար անհրաժեշտ է աշխատանք, իսկ դրա համար ցանկալի է ունենալ քաղաքացիություն: Եթե չունես քաղաքացիություն, ապա ավելի դժվար կլինի աշխատանքի ընդունվելը: Հատկապես այստեղ՝ որպեսզի ավելի հեշտ լինի, անհրաժեշտ է ունենալ նաև բարձրագույն կրթություն, լեզուների իմացություն և ծանոթներ:

     

    Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    -Այսինքն, այսօր սրա՞նք են երիտասարդներին մտահոգող հարցերը: Աշխատատեղ գտնելը մտահոգում է ոչ միայն Ռուսաստանում բնակվող երիտասարդներին, այլև ամբողջ աշխարհի երիտասարդներին: Ուստի,  երիտասարդներին մտահոգող հարցը միայն աշխատատեղ գտնե՞լն է:

    Անդրանիկ

    -Կարծում եմ, որ այո՛: Աշխատանքը ամենակարևոր հարցերից մեկն է: Մենք Հայաստանից հեռացել ենք, քանի որ այնտեղ աշխատանք չկա: Ռուսաստանում աշխատատեղեր կան, բայց շատ դժվար է աշխատանքի ընդունվել:

     

    Ռուդիկ

    -Կարծում եմ, որ աշխատանքից զատ ամենակարևոր բանը՝ ոչ միայն Ռուսաստանում, Հայաստանում կամ այլ երկրում, յուրաքանչյուր երիտասարդի համար ամենակարևոր խնդիրն իր կոչումն է այս կյանքում և հասկանալ, թե Աստված ինչ է խնդրում քեզանից՝ որպես երիտասարդ, որպես Եկեղեցու նոր ճյուղ: Իմ կարծիքով, սա է ամենակարևոր խնդիրը, քանի որ մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ աշխարհը ուզում է մոռանալ Աստծո մասին և մեզ ասել, որ Աստված չկա: Այժմյան փիլիսոփայությունն այն է, որ ամեն մարդ ունի իր ճշմարտությունը, մոռանալով, որ կա միայն մեկ ճշմարտություն և այդ ճշմարտությունը Հիսուսն է: Այժմ մարդիկ և հատկապես՝ երիտասարդները գերադասում են ինքնիրացվել և իրականացնել իրենց սեփական ամբիցիաները՝ մոռանալով, թե Աստված իրենցից ինչ է ուզում և խնդում, թե այսօր ամեն օր ինչ է քեզանից խնդում Հիսուսը: Կարծում եմ, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ մարդիկ մոռացել են, որ իրենք արարածներ են և ոչ թե աստվածներ և որ իրենց կամքը պետք է երկրորդական լինի, որ իրենք իրենց կյանքը պարտքով են ապրում ու կգա ժամանակը, երբ պատասխան պիտի տան իրենց ապրած կյանքի համար:

     

    Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    -Այժմ լսենք մեր օրիորդներին: Ժուլիա ջան, լսենք քո կարծիքը: Ո՞րն է այն մղիչ ուժը, որը քեզ կապում է Եկեղեցու հետ: Ինչու՞ ես գալիս Եկեղեցի, Եկեղեցուց ի՞նչ ակնկալիքներ ունես և Եկեղեցին ի՞նչ պետք է քեզ տա:

    Ժուլիա Մանուկյան

    -Եկեղեցին իմ և Աստծո միջև կապող օղակ է հանդիսանում: Եկեղեցում ես Աստծուն մոտ լինելու հնարավորություն ունեմ, որտեղ կարող եմ հաղթահարել հոգևոր ճգնաժամերը, Տիրոջը փնտրել և միևնույն ժամանակ միայնակ չլինել ու հնարավորություն ունենալ քահանային կամ Եկեղեցու այլ անդամներին դիմելու, որոնց հետ միասին հաղթահարում ենք դեպի Աստված տանող այս ճանապարհը: Ինձ համար շատ կարևոր է սեփական հավատքի ամրապնդումը: Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլոր հոգևոր ճգնաժամերը հետևում են մնացել: Գուցե հիմա էլ որոշ չափով բարդ ժամանակաշրջան եմ ապրում, ուստի ինձ համար շատ կարևոր է Եկեղեցում զգալ այդ աջակցությունը: Երբ բոլորի հետ միասին մասնակցում եմ Պատարագին, երբ բոլորս միասին աղոթում ենք, դրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա, ինչը չկա, երբ մենակ ես աղոթում՝ չնայած դա ևս շատ կարևոր է: Շատ հաճելի է գիտակցել, որ բոլորս, ասես, մեկ ընտանիք լինենք: Դա զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ ինչ-որ տոն ենք նշում, բոլորս միասին ենք, երբ հետևում եմ երեխաներին, որոնք թեև իմ ազգականները չեն, սակայն ես նրանց վերաբերվում եմ ինչպես իմ հարազատներին և ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են ուրախանում նրանք: Սա հիասքանչ զգացողություն է:

     

    Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    -Տանյա, մեկ հարց էլ քեզ եմ ուզում ուղղել: Ինչպես արդեն ասացինք, այսօր երիտասարդները դժվար ժամանակաշրջան են ապրում, ունեն բազմաթիվ խնդիրներ: Այս բոլոր խնդիրները հաղթահարելուց հետո, որո՞նք են մեր երիտասարդների երազանքները և ինչպե՞ս եք պատկերացնում նրանց ապագան: Որտե±ղ ես տեսնում դու քո ապագան:

     

    Տանյա Մուրադյան

    -Իրականում, սա բավականին դժվար հարց է ինձ համար, քանի որ բոլորն են ուզում իմանալ իրենց ապագայի մասին, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ ծրագրել իրենց կյանքը: Իմ ապագան կցանկանայի տեսնել ամուր ընտանիքի մեջ: Այս առումով այսօր մենք մեծ խնդիր ունենք, քանի որ ժամանակակից երիտասարդությունը, որը հեռու է Եկեղեցուց փոքր-ինչ ռուսացել է, և դառն է սա գիտակցելը, քանի որ նրանք չեն ճանաչում Աստծուն, շատ հեռու են Եկեղեցուց և, ապրելով Ռուսաստանում, հնարավորություն չունեն պահպանելու իրենց արմատները, սովորույթները, հավատքը և, ըստ իս, սա է մեր բոլորի ամենամեծ խնդիրը: Նրանք, ովքեր մոտ են կանգնած Եկեղեցուն, այս կամ այն կերպ հասկանում են նրա էությունը և նրանց համար շատ ավելի դյուրին է հավատալ պայծառ ապագային, հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան կյանքի նկատմամբ ճիշտ պատկերացմամբ: Կցանկանայի, որ իմ ապագան իմ երեխաների մեջ արտահայտվեր՝ ճիշտ դաստիարակությամբ:

     

    Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    -Սիրելի՛ երիտասարդներ, շնորհակալ եմ բոլորիդ և լիահույս, որ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները և լավ կտրամադրվեք ապագայի հանդեպ: Ձեզ անհամբեր սպասում ենք այս տարվա հուլիսի 21-28-ը Հայաստանի Աղաջանյան կենտրոնում: Շնորհակալություն:

     

     

     

Օրացույց

Օրացույց