• Հավատարիմ՝ հոգևոր-սոցիալական առաքելությանը. Հայկական Կարիտասը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված իր ծրագրերը

    Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հավասար իրավունքներ՝ բոլոր մարդկանց հետ միասին (Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի ամփոփ)


    2018թ. փետրվարի 27-ին` հասարակական կազմակերպությունների միջազգային օրը, Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ ցերեկային խնամքի կենտրոնում հանրության ուշադրությանը ներկայացվեց Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ իրականացվող՝ «Առաջին ներառական փուռը և սրճարանը Գյումրիում» և «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրերը և արդյունքները: Ներկա էին ծրագրերի մասնակիցներն իրենք՝ Էմիլի Արեգակ կենտրոնի սաները, անձնակազմը, Շիրակի մարզի 12 դպրոցների սաներ և ուսուցիչներ, ովքեր մասնակցում են ներառական կրթության ծրագրին և ներկայացնում էին իրենց մասնակցության արդյունքները՝ պաստառներով: Հրավիրյալ հյուրերն էին՝ Հայկական Կարիտասի ընդհանուր ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը, Եվրոպական Միության ներկայացուցիչ   Լինե Ուրբանը, Հայկական Կարիտասի հոգևոր օգնական Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ծնողներ:

    «Առաջին ներառական փուռը և սրճարան»

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության կովկասյան տարածաշրջանում դեռևս նմանը չունեցող այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Այն խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայաստանյան աշխատաշուկայում՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա։ Տկն. Անահիտ Գևորգյանը ներկայացրեց ծրագրերի բնույթը և Եվրոպական միության և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը, արդյունքները:

     

    Ծրագիրն ունի հինգ կարևոր բաղադրիչ

    1.Այգեգործություն

    հաշմանդամություն ունեցող անձիք ներգրավված են Էմիլի Արեգակ կենտրոնում կազմակերպվող այգեգործության աշխատանքներին և արդյունքում սովորելու են աճեցնել և խնամել թեյաբույսեր և բանջարեղեն։

    2.Վերապատրաստումներ և համագործակցություն

    հաշմանդամություն ունեցող երիտասարդները մասնակցելու են աշխատանքային հմտությունները զարգացնող դասընթացների։

    3.Թերապևտիկ ձեռքի աշխատանք

    երեխաներն ու երիտասարդները, օգտագործելով իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունները, ստեղծում են ձեռքի աշխատանքներ։ Ի դեպ, 2018թ. փետրվարի 27-ին՝ ծրագրի ներկայացման և տոնավաճառի ժամանակ, հանրությունը ծանթացավ նրանց ձեռքի աշխատանքներին:

    4.Հանրային իրազեկում․ հանրությունը` ի մասնավորի գործատուն, իրազեկ է հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային կարողություններին։ Հանրությունը պետք է ընդունի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար իրավունքը և ունի դրական վերաբերմունք նրանց նկատմամբ։

    5.Փուռ և սրճարան

    Առավոտ օրաթերթի հետ զրույցում «Էմիլի Արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը մանրամասնեց․ ««Առաջին ներառական փուռ և սրճարան» ծրագրի գաղափարն է՝ ստեղծել հնարավորություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Այդ հնարավորությունը ստեղծել վերապատրաստումների և նաև մեր սոցիալական բիզնեսի միջոցով։ «Փուռ և սրճարանը» սոցիալական բիզնես է լինելու, որտեղ որ հաշմանդամություն ունեցող երիտասարդները վերապատրաստվելու են և անցնելու են աշխատանքի։ Արդեն ձեռք բերած եկամուտը ուղղորդելու ենք կենտրոնի կարիքները հոգալու համար։ Առաջին կոմպոնենտը «Սրճարան և փուռ» ծրագիրն է, նախատեսում ենք և մեծ հույս ունենք բացել հունիս ամսին։ Քաղաքի հենց սրտում է իրականանալու՝ Աբովյան փողոցում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց։ Մենք ուզում ենք ամենակենտրոնում լինել, քանի որ ցույց ենք տալու մեր կարողությունները։ Իրենց կարողությունների համար ստեղծել են հնարավորություններ։ Մեր խոսքն է՝ տվեք մեզ հնարավորություն, և մենք ցույց կտանք մեր կարողությունները։ Մենք այդ հնարավորությունը ստեղծում ենք և ոչ միայն «Սրճարան և փուռով», այլ նաև համագործակցելով մասնագիտական կրթություն իրականացնող կառույցների հետ, դրանք քոլեջներն և ուսումնարաններն են։ Մի քանիսի հետ համագործակցել ենք և շատ մեծ հույս ունենք, որ այլ կառույցների ևս կներգրավվենք։ Մարտին նախատեսում ենք ուսումնարանների և քոլեջների տնօրենների հրավիրել կենտրոն, հուշագրի ստորագրում կամ համագործակցության առաջին քայլը կլինի։

    Ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը:

    (Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/27/939720/)

     

    Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ

     

    Այս ծրագիրը սկսել է իրականացվել 2017-ի փետրվարից և մեկ տարվա ընթացքում արդեն լուրջ արդյունքներ ունի: Այն ևս ֆինանսավորվում է Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից: Ծրագրի առաքելության հիմնական խումբը շուրջ 200 հաշմանդամություն ունեցող երեխաներն են, ովքեր դուրս են մնացել հանրակրթությունից՝ ներառական կրթության համար պայմանների բացակայության կամ թերզարգացվածության պատճառով: Ծրագրի աշխատակիցներն ակտիվորեն աշխատում են նաև ծնողների, դպրոցների ղեկավարների, ուսուցիչների, պետական մարմինների հետ՝ ներառական կրթության պայմանների բարելավման, նոր ծրագրերի մշակման և ներդրման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մեծ թվով երեխաներ ընդգրկվեն ներառական կրթության համակարգում՝ իրենց մոտական դպրոցներում:

    Ծրագրի ղեկավարը Գայանե Նորիկյանն է:

     

    Հաշմանդամության ունեցող անձանց հիմնախնդիրների լուծումը կամ թեթևացումը Հայկական Կարիտասի սոցիալական աշխատանքի հիմնական բաղադրիչներից մեկն է և հայ իրականության մեջ գործնական դրսևորումն է Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված միջազգային կոնվենցիաների հիմնական դրույթների: Այս մասին իր խոսքում շեշտեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը, ով Հայկական Կարիտասի կենտրոններում կանոնավոր կերպով անցկացնում է Կաթողիկէ Եկեղեցու սոցիական ուսմունքի վերաբերյալ դասընթացներ և քննարկումներ՝ նպատակ ունենալով Կարիտասի աշխատանքում ավելի խոր հիմքերի վրա դնել գործնականի ներդաշնակությունը հոգևոր գաղափարական հենքի հետ՝ լուսավորված Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանով:

    Տեր Հովսեփն իր խոսքում փաստեց, որ այս երկու ծրագրերը, մասնավորապես, մարմնավորում և գործնականում մեկնաբանում են Եկեղեցու սոցիալական ուսմունքի հետևյալ կարևոր սկզբունքները՝

    1.հարգել յուրաքանչյուր մարդ անհատի արժանապատվությունը՝ նրանում տեսնելով Աստծո պատկերն ու նմանությունը, սկսած բեղմնավորման վայրկյանից մինչև բնական մահ,

    2.ապահովել հասարակության բոլոր անդամների առավելագույն մասնակցություն՝ համընդհանուր բարիքի ստեղծման համայնական գործընթացում,

    3.բոլորի մասնակցությունը զարգացնել համերաշխությամբ և միմյանց հանդեպ «ի սպառ» սիրով (Հվհ.13,1):

     

    Ըստ նրա, Հայկական Կարիտասի ներկայացված ծրագրերը ամենապատշաճ կերպով արտահայտում են Եկեղեցու այս սկզբունքների կիրառելիությունը և ներդաշնակությունը եվրոպական բարոյական արժեքների հետ: Այս լույսի ներքո առավել իմաստալից է Եվրամիության և Հայկական Կարիտասի համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

     

Օրացույց

Օրացույց