• ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՀԱՄԱՐ

    «Եւ անօրինութեան շատանալուց շատերի սէրը պիտի ցամաքի» (Մատթ. 24։12)։


     

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    Մեկ անգամ ևս մոտենում է Տիրոջ Զատիկը: Յուրաքանչյուր տարի, Զատկին նախապատրաստվելիս, Աստված իր նախախնամությամբ մեզ առաջարկում է Մեծ Պահքի շրջանը՝ որպես «մեր դարձի գալու խորհրդաբանական նշան»[1]: Մեծ պահքը մեզ կոչ է անում և  հնարավորություն է տալիս ամբողջ սրտով ու մեր կյանքի բոլոր ուղղություններով նորից դառնալ դեպի Տերը:

    Այս ուղերձով կցանկանայի այս տարի ևս օգնել Եկեղեցուն՝ ապրելու ողորմածության այս ժամանակաշրջանը նորովի, ցնծությամբ և ճշմարտության մեջ: Այս ուղերձը հղելիս՝ ոգեշնչված եմ Մատթեոսի Ավետարանում գրված Հիսուսի խոսքերով. «Եւ անօրինութեան շատանալուց շատերի սէրը պիտի ցամաքի» (Մատթ. 24։12)։

    Այս խոսքերը երևան են գալիս ժամանակների վախճանի վերաբերյալ Քրիստոսի քարոզում, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ Ձիթենյաց Լեռան վրա, հենց այն վայրում՝ որտեղ էլ սկսվելու էին Տիրոջ չարչարանքները: Ի պատասխան իր աշակերտներից մեկի հարցին՝ Հիսուս կանխագուշակում է մի մեծ փորձանք և նկարագրում մի իրավիճակ, որում կարող է հայտնվել հավատացյալների համայնքը. մեծ փորձությունների դեմ հանդիման որոշ սուտ մարգարեներ կմոլորեցնեն մարդկանց և սերը՝ Ավետարանի հիմնաքարը, պիտի սառի շատերի սրտերում:

     

    Սուտ մարգարեներ

     

    Եկե՛ք ունկնդրենք հատված Ավետարանից և փորձենք ճանաչել այն կերպարանքը, որը կարող են ընդունել այդպիսի սուտ մարգարեները:

    Նրանք կարող են հայտնվել որպես «օձահմաներ», ովքեր շահարկում են մարդկային զգացմունքները, որպեսզի ստրկացնեն նրանց ու իրենց կամքին ենթարկեն: Որքա՛ն Աստծո զավակներ են հմայվել րոպեական հաճույքներով՝ դրանք շփոթելով ճշմարիտ երջանկության հետ: Որքա՛ն տղամարդիկ և կանայք են ապրում հափշտակված հարստության ցնորքով, որը նրանց միայն ու միայն շահի ու սին հետաքրքրությունների ստրուկն է դարձնում: Որքա՛ն մարդիկ են անցնում իրենց կյանքի ճանապարհը՝ հավատալով, որ ինքնաբավ են և, ի վերջո, հայտնվում են մենության ծուղակում:

    Սուտ մարգարեները կարող են նաև լինել «խաբեբաներ», ովքեր առաջարկում են դյուրին և արագ լուծումներ տառապանքի դեմ, որոնք կարճ ժամանակ անց պարզվում է, որ բացարձակապես անարդյունավետ են: Որքան երիտասարդներ են խաբվել թմրադեղերի կեղծ դարմանով, անկայուն հարաբերություններով, հեշտ՝ բայց անազնիվ շահույթով: Քանի՜ քանիսն էլ, ամբողջովին ընկղմված են «վիրտուալ» կյանքի մեջ, որտեղ հարաբերությունները թվում են բուռն ու ազնիվ, ինչը սակայն, ավելի ուշ պարզվում է, որ լիովին զուրկ է իմաստից: Այդպիսի խարդախները զբաղվում են իրական արժեք չունեցող բաների վաճառքով, միևնույն ժամանակ, մարդկանցից խլելով ամենաթանկը՝ արժանապատվությունը, ազատությունը և սիրելու ընդունակությունը: Նրանք օգտվում են մեր սնափառությունից և մարդկանց արտաքինին հավատ ընծայելու սովորությունից, սակայն, վերջ ի վերջո, ամեն ինչ ավարտվում է մեզ հիմարեցնելով: Այս ամենը բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ մարդկային սիրտը մոլորության մեջ գցելու համար սատանան՝ «…որովհետև նա սուտ է և ստի հայր» (Հովհ. 8:44), միշտ էլ չարը ներկայացնում է որպես բարի և սուտը՝ որպես ճշմարտություն: Ահա թե ինչու, մեզանից յուրաքանչյուրը կանչված է ուշադիր զննելու իր սրտի խորքերը, որպեսզի տեսնի, թե արդյոք զոհ չի դառնա այս սուտ մարգարեների ստերին: Պետք է սովորենք ուշադիր զննել՝ տեսնել այն, ինչը թաքնված է արտաքինի տակ և հասկանալ, թե ինչն է դրական ու տևական հետք թողնում մեր սրտերում, քանի որ այն գալիս է Աստծուց և ծառայում մեր բարօրությանը:

     

    Սրտի սառնություն

    Դանթե Ալիգիերին դժոխքի իր նկարագրության մեջ սատանային պատկերում է սառցե գահին բազմած՝[2] սառը և անսեր մեկուսացման մեջ: Ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչպե±ս է պատահում, որ գթասրտությունը սառում է մեր մեջ, և ինչպիսի±ն են այն նշանները, որոնք վկայում են, որ մեր սերը սկսում է մարել:

    Ամեն ինչից առավել փողի նկատմամբ ագահությունը՝ «բոլոր չարիքների արմատն» (1 Տիմոթեոս 6:10) է, որ կործանում է գթասրտությունը: Այս ամենին շուտով հետևում է Աստծո և աստվածային խաղաղության մերժումը, քանի որ մենք գերադասում ենք մեր իսկ վիշտը, քան սփոփանք գտնելը Տիրոջ Խոսքի և խորհուրդների մեջ[3], ինչն էլ հանգեցնում է բռնության՝ յուրաքանչյուրի դեմ, ով, մեր կարծիքով, սպառնալիք է մեր «համոզմունքներին».դեռ չծնված երեխան, տարեցն ու թույլը, գաղթականը, օտարը կամ մեր մերձավորը, ով չի ապրում ըստ մեր ակնկալիքների:

    Արարչագործությունը ինքնին դառնում է գթասրտության սառեցման լուռ վկան: Երկիրը թունավորված է թափոններով, որոնք դուրս են նետված անփութորեն կամ անձնական շահից ելնելով: Աղտոտված են նաև ծովերը, որոնց ջրերը կլանում են հարկադիր գաղթականության զոհ դարձած անթիվ անհամար նավաբեկյալների աճյունները: Երկինքը, որը Աստծո մտադրության համաձայն, արարվել է Նրան գովերգելու համար՝ այսօր գրավել են մեքենաները, որոնք մահաբեր գործիքների անձրևներ են տեղում:

    Մեր հասարակություններում սերը նույնպես սառում է: Evangelii Gaudium[4] առաքելական հորդորում փորձել եմ ներկայացնել սիրո պակասի ամենաակնհայտ նշանները. եսասիրությունն ու հոգևոր ծուլությունը, դատարկ հոռետեսությունը, մեկուսացման գայթակղությունը, մեր միջև ընթացող անվերջանալի պատերազմները և աշխարհիկ մտածողությունը՝ որը ստիպում է մտահոգվել միայն արտաքինի համար, այդպիսով՝ նվազեցնելով մեր միսիոներական եռանդը:[5]

    Ի±նչ անել

    Գուցե ինքներս մեր մեջ և մեր շրջապատում տեսնում ենք վերոհիշյալ նշանները: Սակայն Եկեղեցին՝ մեր մայրն ու ուսուցիչը, հաճախ, դառը ճշմարտության հետ միասին, Մեծ պահքի այս շրջանում մեզ առաջարկում է աղոթքի, ողորմության և պահեցողության քաղցր դարմանը:

    Աղոթքին ավելի շատ ժամանակ նվիրելով՝ մեր սրտերին հնարավորություն ենք տալիս արմատախիլ անել մեր գաղտնի ստերն ու ինքնախաբեության ձևերը[6], որպեսզի մխիթարություն գտնենք Աստծո մոտ, քանզի Նա է մեր Հայրը և ցանկանում է մեզ կյանք պարգևել:

    Բարեգործությունը մեզ ազատում է ագահությունից և օգնում մեր մերձավորին համարել եղբայր կամ քույր: Այն ամենն ինչ ունեմ՝ միայն իմը չէ: Որքա՜ն կցանկանայի, որ բարեգործությունը յուրաքանչյուրիս համար կենսակերպ դառնար: Որքան կցանկանայի, որ մենք՝ քրիստոնյաներս, հետևեինք առաքյալների օրինակին և մեր ունեցվածքը ուրիշների հետ կիսելու մեջ տեսնեինք Եկեղեցու շուրջ միաբանվելու իրական վկայությունը: Այդ առումով, ես կրկնում եմ Սուրբ Պողոսի հորդորը Կորնթացիներին՝ հանգանակություն անել ի շահ Երուսաղեմի համայնքի, «…քանի որ դա ձեր օգտի համար է» (հմմտ. 2 Կոր. 8:10): Այս ամենը լիովին համապատասխանում է Մեծ Պահքի շրջանին, որի ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ հանգանակություններ են ձեռնարկում՝ աջակցելու Եկեղեցիներին ու կարիքավորներին: Ավելին, որքա՜ն կուզենայի, որ նույնիսկ ամենօրյա հարաբերություններում այն մարդկանց հետ, ովքեր հայցում են մեր օգնությունը՝ այդպիսի խնդրանքների մեջ տեսնեինք աստվածային նախախնամությունը: Երբ ողորմություն ենք տալիս, աստվածային նախախնամությունը կիսում ենք Տիրոջ զավակներից յուրաքանչյուրի հետ: Եթե այսօր իմ միջոցով Աստված օգնության ձեռք է մեկնում որևէ մեկին, արդյո±ք վաղը չի հոգա իմ կարիքները, քանզի չկա ավելի մեծահոգի մեկը, քան Տերը[7]:

    Պահքը թուլացնում է մեր հակվածությունը դեպի բռնությունը, այն մեզ զինաթափ է անում և զարգացման էական հնարավորություն է դառնում: Մի կողմից Պահքը թույլ է տալիս զգալ այն, ինչ զգում են նրանք, ովքեր ստիպված են համբերությամբ տանել զրկանքներն ու քաղցը, մյուս կողմից՝ արտահայտում է մեր իսկ ոգու սովն ու ծարավը Աստծո Խոսքի հանդեպ: Պահքը մեզ արթուն է պահում: Այն մեզ ավելի ուշադիր է դարձնում՝ հանդեպ Աստծո և մեր մերձավորի: Այն վերստին արթնացնում է կամք՝ հնազանդվելու Աստծուն, քանզի միայն նա կարող է հագեցնել մեր քաղցը:

    Կուզենայի, որ իմ ձայնը տարածվեր Կաթողիկե Եկեղեցու սահմաններից անդին և հասներ ձեզանից յուրաքանչյուրին՝ բարի կամքի տեր տղամարդկանց ու կանանց, ովքեր բաց են Աստծո Խոսքը լսելու: Հավանաբար դուք էլ մեզ նման անհանգստացած եք աշխարհում անհավասարության տարածմամբ, մտահոգված եք սառնությամբ, որը կաթվածահար է անում սրտերն ու գործողությունները և նկատում եք մեր թուլացումը` համայն մարդկության մասը կազմելու իմաստով: Ուստի, միավորվեցե՛ք մեզ հետ, որպեսզի  մեր աղերսը բարձրացնենք առ Աստված, որպեսզի միասին ծոմապահություն անենք և կարիքի մեջ գտնվող մեր եղբայրներին ու քույրերին տանք այն ամենը՝ ինչ կարող ենք:

     

    Զատկի լույսը

     

    Նախ և առաջ, կոչ եմ անում Եկեղեցու անդամներին ձեռնամուխ լինել Մեծ Պահքի այս ուղին անցնելու խանդավառությամբ, որն ուղեկցվում է ողորմածությամբ, ծոմապահությամբ և աղոթքներով: Եթե, երբեմն, թվում է թե ողորմածության կրակը մարում է մեր սրտերում, իմացե՛ք, որ երբևէ նման բան չի կարող պատահել Աստծո սրտում: Նա, մշտապես, մեզ հնարավորություն է ընձեռում կրկին սիրելու:

    Այս տարի ևս, աստվածային շնորհի այսպիսի մի պահ կլինի «24 ժամ՝ Տիրոջ համար» նախաձեռնությունը, որը Եկեղեցու ողջ համայնքին կոչ է անում ընդունել Խոստովանության Սուրբ Խորհուրդը՝ Սուրբ Հաղորդության երկրպագության համատեքստում, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 9-10-ը՝ ոգեշնչվելով Սաղմոսաց գրքի «Ձեզ հետ է ներումը» (130:4) խոսքերից: Յուրաքանչյուր թեմում առնվազն մեկ եկեղեցի 24 ժամ շարունակ բաց կլինի՝ հնարավորություն ընձեռելով և՛ Սուրբ Հաղորդության, և՛ Խոստովանության Խորհրդի:

    Զատկի Ճրագալույցի գիշերվա ընթացքում ևս մեկ անգամ կիրականացնենք Զատկի մոմավառության հուզիչ ծեսը: Ճառագելով «նոր կրակից»՝ այս լույսը կամաց-կամաց ցրում է խավարը և լուսավորում պաշտամունք կատարող հավատացյալներին: «Թո՛ղ որ Քրիստոսի լույսը, որ ծագում է փառքի մեջ, ցրի մեր սրտի և մտքի խավարը»[8], որպեսզի բոլորս վերապրենք աշակերտների փորձառությունը Էմմավուս տանող ճանապարհին: Տիրոջ խոսքին ականջալուր լինելը և Հաղորդության Սուրբ Սեղանից կերակրվելը մեր սրտերին թույլ կտա է՛լ ավելի խանդավառ լինել հավատքի, հույսի և սիրո մեջ:

    Ի խորոց սրտի իմ հայրական օրհնությունն եմ հղում և աղոթում բոլորիդ համար: Խնդրում եմ, չմոռանա՛ք ինձ համար էլ աղոթել:

     

    Վատիկան, 1 նոյեմբերի, 2017 թվական

    Տոն ամենայն սրբոց

     

     

    Ֆրանցիսկոս

     

     

     

     

    [1] Roman Missal (Հռոմեական Պատարագամատույց) – Ժողովածու Մեծ Պահքի առաջին կիրակիի համար

    [2] Դժոխք XXXIV, 28-29:

    [3] «Տարօրինակ է, սակայն հաճախ, մենք վախենում ենք մխիթարությունից ու սփոփանքից և ավելի ապահով ենք զգում վշտի ու հուսահատության մեջ: Գիտե՞ք թե ինչու: Քանի որ վշտի մեջ ինքներս մեզ գրեթե գլխավոր դերակատար ենք զգում: Այնուամենայնիվ, գլխավոր մխիթարիչը Սուրբ Հոգին է» (Angelus, 7 December 2014):

    [4] Ավետարանի ցնծությունը

    [5] Evangelii Gaudium, 76-109.

    [6] հմմտ. Բենեդիկտոս XVI, շրջաբերական նամակ Spe Salvi (լատ. Փրկված են հույսով), 33:

    [7] հմմտ. Պիոս XII, շրջաբերական նամակ Fidei Donum (լատ. Հավատքի ընծա), III:

    [8] Roman Missal (Երրորդ հրատարակություն) – Զատկի ճրագալույց, Երեկոյան աղոթք

Օրացույց

Օրացույց