Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք
2018թ. յունուարի 1-ին Դամասկոսի հայ կաթողիկէ առաջնորդարանի դիմաց գտնուող շէնքի վրայ ռումբ է պայթեցուել: Տեղում զոհուել է բնակիչներից մէկը եւ վիրաւորուել են անցորդներ, որոնք այդ ժամերին դուրս էին գալիս մօտակայ ճաշարանից: Սարսափի եւ խուճապի մթնոլորտում տեղի ժողովրդապետ Հայր Գէօրգ Վրդ. Պահէն ջանացել է օգնութեան հասնել վիրաւորներին: Հասել են շտապ օգնութեան մեքենաները, հրշէջները, որոնք անմիջապէս սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Վիրաւորները տեղափոխուել են հիւանդանոց: Վարդապետը եւ Արհ. Տ. Յովսէփ Եպս. Առնաուտեանը վնասվածքներ, բարեբախտաբար չունեն: Առաջնորդարանի շէնքը եւ եկեղեցու սրահը նիւթական վնասներ են կրել:
Այնուամենայնիւ, առաւօտեան ժամը 10:00-ին եկեղեցում մատուցուել է Յիսուս Մանկան Անուանակոչութեան տօնական Սուրբ եւ Անմահ Պատարագ, յընթացս որի հաւատացեալները աղօթել են, որ Աստուած հաւիտենական հանգիստ պարգեւի զոհուած երիտասարդին, ապաքինում վիրաւորներին եւ խաղաղութիւն յատկապէս Սիրիայի ժողովրդին, կանգուն պահի մարդկանց տներն ու եկեղեցիները: