Աստուածային առատ ողորմութեան եւս մէկ արտայայտութիւն՝ հայ ժողովրդի հանդէպ
Հիսնակաց հինգերորդ կիրակի օրը Փանիկի Սուրբ Աստուածածին եկեղեցու զանգը գիւղին հրաւիրում էր տօնելու վերանորոգ եկեղեցու վերաբացման արարողութիւնը եւ մասնակցելու առաջնորդ Հօր՝ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ձեռամբ մատուցուած Սուրբ Զոհի Սեղանին: Սրբազան Հայրը, առընթերակայութեամբ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսեփեանի, Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի եւ Տ. Սահակ Քհնյ. Աղեկեանի, օծեց եկեղեցու նոր երկաթեայ դուռը եւ ապա իր հայրական օրհնութիւնը տուեց նորոգեալ մօտ 150 տարեկան եկեղեցուն: Փանիկի Սուրբ Աստուածածին եկեղեցին կառուցուել է 1846թ.՝ գիւղի առաջին քահանայ Տ. Պետրոս Նահապետեանի ջանասիրութեամբ, եղել տարածաշրջանի հայ կաթողիկէ հաւատքի լուսաւոր օջախներից մէկը, որտեղ դաստիարակուել է հաւատքի եւ ազգային դէմքի պահպանութեան առաջամարտիկ, աւանդապաշտ մի ժողովուրդ, որ տուել է քահանաներ, վարդապետներ, գիտնականներ: 1936-1990թթ. եկեղեցին չի գործել՝ կոմունիստների հալածանքների պատճառով, փորձ է արուել այն մթերքի պահեստի վերածելու, բայց՝ անհաջող.ժողովուրդը թոյլ չի տուել: Եկեղեցին մինչեւ այժմ նորոգուել էր երկու անգամ՝ 1968-1971թթ.՝ պատմութեան ուսուցիչ, իր պապի արժանի անուանակիր Պետրոս Նահապետեանի եւ Սահակ Սալնազարեանի ջանասիրութեամբ, ապա՝ 1991թ., Գերյ. Հ. Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի նախաձեռնութեամբ, ով հաւատացեալների համար դարձել է հաւատքի վերածննդեան խորհրդանիշը: 1991-ից կանոնաւոր գործող եկեղեցու վերստին հիմանորոգման կարիքը նկատեց եւ նախաձեռնեց Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ 2017թ.: Իր խօսքում Հայր Գառնիկը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը եւ բարերարներին.
-Փառք պատիւ եւ երկրպագութիւն Հայր Աստծուն եւ Փանիկի Տիրամօր, որ կարողացանք մեր եկեղեցու վերանորոգման աշխատանքները աւարտին հասցնել: Նաեւ ձեր անունից մեր խորին շնորհակալութիւններն ենք յայտնում նաեւ բոլոր բարերարներին, որոնք աջակցեցին, որպէսզի այս շքեղ եկեղեցին ունենանք:
Հարդարուել են եկեղեցու գաւիթը, զանգակատունը, պատերը, վերստին ներկուել, փոխուել են ջահերը, նորոգուել սրբապատկերները, նկարուել են նորերը, որոնք զարդարում են Սուրբ Խորանի առաստաղը՝ Աստուածամօր պատկերներով, մուտքի դռան վերնամասը՝ Յովհաննէս Մկրտչի պատկերով եւ աջ պատը՝ Խաչելութեան պատկերով: Նկարիչը Տիգրան Հակոբեանն է: Շատ կարեւոր նորոյթ է նաեւ ջեռուցման համակարգի տեղադրումը՝ Հայկական Կարիտասի աջակցութեամբ: Եկեղեցու նորոգման աշխատանքները ֆինանսաւորել են Շուեդիայի հայ կաթողիկէ համայնքը՝ Հ. Յովսէփ Վրդ. Բահէի առաջնորդութեամբ, Ստոկհոլմի կարդինալ Անդերս Արբորելիուսը, սիրիացի բարերարներ եւ փանիկցի՝ գիւղում ապրող եւ ռուստաստանաբնակ հաւատացեալները, գիւղապետ Վարդան Մաքէյեանի աջակցութեամբ: Նորոգութեան աշխատանքը կազմակերպել է Վարդան Կարապետեանը: Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն իր քարոզում ուրախութեամբ ասաց, որ նորոգութիւնը հնարաւոր եղաւ.
-Շնորհիւ պետական հաստատութիւնների, իրենց տարած բոլոր աշխատանքներով, շնորհիւ հոգեւորականների, որոնք ձեզ համար սպասաւորում են եւ ձեր մասնակցութեամբ, սիրելի՛ հաւատացյալներ, որովհետեւ իմացայ, որ ամէնքդ էլ մասնակցել էք այս աշխատանքներին, եւ բոլոր այն կազմակերպութիւնները, որոնք նուիրեցին, որպէսզի Աստծոյ տունը նորոգուի, շնորհակալութիւ՛ն:
Սրբազան առանձնայատուկ կերպով շնորհակալութիւն յայտնեց նաեւ Սուրբ Պատարագին ներկա Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրեանին եւ փոխմարզպետ Սեյրան Պետրոսեանին.
-Պարոն մարզպետը այստեղ ներկայ է եւ Ձեր ներկայութեամբ, երբ ամբողջ ընտանիքը ներկայ էր, հայրը բացակայ էր, հիմա հօր ներկայութեամբ ընտանիքը կատարեալ է եւ մաղթում եմ, որ հօր ներկայութեամբ այս ընտանիքը միշտ միացած լինի Սուրբ Խորանի շուրջ:
Սուրբ Պատարագից յետոյ իր շնորհակալական խօսքն ասաց նաեւ Փանիկի գիւղապետը՝ ուրախութիւն յայտնելով նաեւ առ այն, որ համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը սկսուեց եկեղեցու նորոգմամբ.
-Կատարվեց առաջին հերթին փանիկցիների շնորհիւ, իւրաքանչիւրս մեր լուման ունենք այս եկեղեցու շինարարական աշխատանքների մէջ, եւ դա պարտաւոր ենք պահել, պահպանել, բոլոր նորմալ երկրներում ժողովուրդն է պահում Եկեղեցին: Մեր համայնքի այցետոմսը եկեղեցին է:
Սուրբ Պատարագից յետոյ Սուրբ Աստուածածին եկեղեցուն կից երիտասարդական կենտրոնի շէնքում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ Սրբազան Հօր, պարոն մարզպետի եւ միւս հիւրերի մասնակցութեամբ: