• Հեշտիայում բացուեց Կարդինալ Աղաջանեանի անուան երիտասարդական կենտրոն

    Կարիտաս Վրաստանը զարգացման հնարաւորութիւններ է ընձեռում Ջաւախքի հայ երիտասարդութեանը


    2017թ. հոկտեմբերի 31-ին Սամցխէ Ջաւախէթիի Հեշտիա հայ կաթողիկէ համայնքում կատարուեց բացումը եւ օրհնութիւնը Կարդինալ Աղաջանեանի անուան մանկական եւ երիտասարդական կենտրոնի՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, առընթերակայութեամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, Հ. Միքայէլ Վրդ. Խաչկալեանի, Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյեանի, Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Մկրտչեանի, Արժ. Տ. Անտոն Քհնյ. Անտոնեանի, Արժ. Տ. Պօղոս Քհնյ. Գրիգորեանի: Կենտրոնը կառուցուել է «Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնութեամբ եւ Կաթողիկէ Մերձաւորարեւելեան միաւորման (Catholic Near East Welfare Association(CNEWA)) ֆինանսաւորմամբ: Օրհնութեան հանդիսութեանը ներկայ էին Վրաստանում Պապական նուիրակութեան քարտուղար Բլացկ Մաննատան, CNEWA-յի ներկայացուցիչ Michael J.L La Civita-ն, UNICEF միջազգային կազմակերպութեան Վրաստանի գրասենեակի աշխատակիցները, Կարիտաս Վրաստանի տնօրեն Տկն. Անահիտ Մխոյեանը, Կարիտաս Վրաստանի «Երեխաներ եւ երիտասարդներ» ծրագրի ղեկավար Նանա Կուխալաշուիլին, տեղական պետական մարմինների պատասխանատուներ, Հեշտիայի բնակիչները՝ ընտանիքներով:

     

     

    Նորաբաց կենտրոնի ստեղծման նպատակն է կրթական եւ զարգացման հնարաւորութիւններ ընձեռել Հեշտիա համայնքի յատկապէս սոցիալապէս անապահով երեխաներին, պատանիներին եւ երիտասարդներին, ովքեր կենտրոնում կկարողանան սովորել վրացերէն եւ օտար լեզուներ, համակարգչային ծրագրեր, մասնակցել պարի, երգի, արուեստի դասերի:

     

    «Մեր հայ երիտասարդների ապագան իրենց գիւղերի մէջ է: Այստեղ պէտք է զարգանան, այստեղ պէտք է ծառայեն մեր ազգին, մեր համայնքին, մեր Եկեղեցուն, ապագան իրենցն է: Դրա համար մենք ամէն ինչ պէտք է անենք, որ կարողանանք ծառայել նրանց այս բոլոր հնարաւորութիւններն ընձեռելով: Հուսով ենք հաջորդ կենտրոնը հիմնել Բավրայի մէջ».ասաց Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը:

     

     

    Կարիտաս Վրաստանի՝ «Երիտասարդների եւ երեխաների» ծրագրի նպատակն է երիտասարդների եւ մանուկների համար ձեւաւորել անվտանգ միջավայր, հոգ տանել նրանց տարրական պայմանների, զարգացման, կրթութեան հնարաւորութիւնների ապահովման մասին՝ նպաստելով նաեւ այդ ամէնի համար օրենսդրական հիմքերի ստեղծման պետական, հասարակական, միջազգային աշխատանքներին՝ առաջնորդուելով Աւետարանի եւ Կաթողիկէ Եկեղեցու վարդապետութեամբ:

     

    «Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամը ստեղծուել է 1994թ.՝ կիսելով Կարիտասի համաշխարհային ընտանիքի տեսլականն ու գաղափարականը եւ աշխատելով մարդու ամբողջական զարգացման եւ սոցիալական արդարութեան հաստատման ուղղութեամբ: Ներկայում «Կարիտաս Վրաստանի» ընդհանուր նախագահն է Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը:

Օրացույց

Օրացույց