• Մխիթարյան Միաբանության՝ Սուրբ Ղազարում հիմնադրման 300-ամյակի միջոցառումների մեկնարկը Երևանում

    Հայագիտության և հայ հոգևոր նկարագրի զարգացման մինչ օրս անգերազանցելի ռահվիրայի 300-ամյա ճանապարհը՝ Սուրբ Ղազարից


    Ինչպես հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, 2017թ. հոկտեմբերի 23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում  տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը:

     

    Միջոցառումն իրականացվում է հոկտեմբերի 23-25-ը ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

     

    Արժևորելով Մխիթարյան Միաբանության դերն ու նշանակությունը հայապահպանության, հայոց լեզվի, գրականության և հայ մշակույթի զարգացման գործում՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ Մատենադարանը առանձնահատուկ սիրով է մասնակցում Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումներին:

     

    Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ Մխիթար Սեբաստացու կողմից 3 դար առաջ ստեղծված Միաբանությունը աշխարհի ամենահայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոններից մեկն է: Նախարարն ընդգծեց, որ Միաբանությունը գտնվելով Եվրոպայի սրտում, հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արևմուտքին, իսկ արևմտյան մշակույթը` հայ հասարակությանը:  «Բացառիկ է Միաբանության դերը հայապահպանության գործում: Գիտական ընդհանուր և ճյուղային բառարանները, թարգմանական, կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական աշխատությունները համաշխարհային հումանիտար գիտության բացառիկ նմուշներ են: Ուրախ եմ, որ այսօր Մատենադարանի ցուցասրահում հայ հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այդ նմուշներից մի քանիսին»,-հավելեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

    Անդրադառնալով Միաբանության կրթական գործունեությանը՝ նախարարը կարևորեց աշխարհի բազում երկրներում Մխիթարյան վարժարանների գործունեությունը:

    «Ուրախ եմ, որ նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից բազում ծրագրեր իրականացրինք Մխիթարյան Միաբանության հետ: Իսկ վերջերս Հանրապետության Նախագահի օժանդակությամբ սկսվեցին Միաբանության ժառանգության թվայնացման աշխատանքները»,- նշեց նախարարը:

    Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայրենիքին և Սփյուռքին մատուցած ծառայությունների, Սփյուռքի համայնքների միջև և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:

     

    Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումները Հայրենիքում բարձր մակարդակով կազմակերպելու համար:

     

    Այնուհետև տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, որն իրականացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկէ եկեղեցու թեմի առաջնորդ Արհ. Տ. Լևոն Արք. Զեքիյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

    300-ամյակի միջոցառումների պաշտոնական բացմանը հաջորդեց համերգային ծրագիրը, որից հետո ներկաները Մատենադարանի ցուցասրահում հնարավորություն ունեցան դիտելու «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցահանդեսը, ուր ներկայացված են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 17-18-րդ դարերում  տպագրված գրքեր:

    Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված միջոցառումներից հետո նախարարությունում ընդունեց Մխիթարյան միաբանության պատվիրակությանը՝ Քահանայապետական պատվիրակ, Հայ Կաթողիկէ եկեղեցու Թուրքիայի թեմի առաջնորդ Արհ. Տ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի գլխավությամբ։

     

    Պատվիրակության կազմում էին Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա Վրդ. Քիլաղբյանը, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդական տեղապահ Գերհ. Հ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սյուլահյանը, Սուրբ Ղազարի վանահայր Հայր Սերովբե Վրդ. Չամուրլյանը և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի փոխտնօրեն Հայր Գևորգ Վրդ. Սարգսյանը։

    Սփյուռքի նախարարը կարևորեց Մխիթարյան միաբանության դերակատարությունը հայ և եվրոպական արժեքների պահպանման և զարգացման գործում: Նա շեշտեց, որ հայ ժողովրդի բազմադարյա պատմության հոլովույթում նախադեպը չունեցող այս կառույցի պատկառելի և փառավոր հոբելյանը անկախ Հայաստանում առանձնահատուկ երևույթ է: «Սուրբ Ղազար կղզին հայ հոգևոր մտքի մեծագույն ռահվիրա Մխիթար աբբահոր անմիջական ջանքերով ու տքնանքով վերածվեց Աստծո ու գիտության հետ հաղորդակցման բացառիկ տաճարի: Կարծում եմ, Մխիթարյան միաբանության 300 ամյակը պետք է նշել նաև Սփյուռքի տարբեր համայնքներում: Մխիթար աբբահայրն ու նրա հետևորդները երբեք չնահանջեցին խոչնդոտների ու դժվարությունների առջև ու չշեղվեցին իրենց առաքելությունն իրականցնելու ճշմարիտ ուղղուց: Վանականների ջանքերով իրագործվեցին եվրոպացի նշանավոր գիտնականների աշխատությունների հայերեն թարգմանություններ, հնագույն ձեռագրերի առաջին տպագրություններ, հայագիտական ուսումնասիրություններ, ստեղծվեցին գիտական ընդհանուր և ճյուղային բառարաններ, կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատություններ, որոնք հարստացրին ոչ միայն հայկական այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանը»,-նշեց նախարարը:

     

    Հրանուշ Հակոբյանը հյուրերի հետ քննարկեց  Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» ամսագրի 175-ամյակի շրջանականերում իրականացվելիք միջոցառումների շարքը։ Անդրադարձ կատարվեց նաև համայնքներում Մխիթարյան դպրոցների շրջանավարտների հավաքներ կազմակերպելու, ինչպես նաև նրանց միավորող կառույց ստեղծելու հնարավորությանը։

     

    Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը ևս մեկ անգամ շնորհավորեց Հայր Լևոն Զեքիյանին ծննդյան օրվա կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս շարունակվելու է մեծածավալ աշխատանքը Միաբանության հետ:

     

    Նույն օրը, ավելի վաղ, Մխիթարեան Միաբանության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


    Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամ շնորհավորել է Միաբանության՝ Սուրբ Ղազարում հիմնադրման 300-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն:  Սերժ Սարգսյանը նշել է, որ Իտալիա և Ավստրիա իր այցելությունների ընթացքում աշխատում է բաց չթողնել առիթը և մեծագույն հաճույքով այցելում է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հաստատություններ:

    Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա:

    Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Արհ. Տ. Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը:
    Արհ. Տ. Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով, որ հայրենիքի ամուր թիկունքը մշտապես զգալը շատ կարևոր է: Նա ջերմությամբ է հիշել Նախագահի այցելությունները Միաբանության հաստատություններ և հույս հայտնել, որ նման առիթներ առաջիկայում ևս կլինեն: «Միասնաբար, ձեռք ձեռքի տված միաբանությունն իր անդամների և նաև բարեկամների հետ Ձեր՝ մեծարգո՛ Նախագահ և Վեհափառ Տիրոջ բարձր հովանու ներքո պետք է ջանա 300-ամյակի հոբելյանական տարին պատշաճ անցկացնել»,- նշել է Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

    Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր:

    Իսկ հոկտեմերի 24-25-ը ՀՀ Գիտությունների Ազզգային Ակադեմիայում տեղի կունենա գիտաժողով, որի ընթացքում գիտնականներ ու մասնագետներ  հանդես կգան հայագիտության, հայ երաժշտության, պատմության մեջ Մխիթարյան Միաբանության պատմական դերի վերաբերյալ:

Օրացույց

Օրացույց