«Ֆրանցիսկոս Պապը նորագոյն պատմութեան մէջ առաջին անգամ կարողացաւ միաւորել բոլո՛ր հայերին…»
Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. Հայաստան հովուական այցի յիշատակութեան եւս մէկ առիթ այս տարի ընձեռեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանութիւնը՝ ի դէմս Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Gonzalo Urriolabeitia-յի: 2017թ. սեպտեմբերի 28-ին Արգենտինայի դեսպանատան Մշակութային կենտրոնում Հայ Առաքելական Եկեղեցու հետ միասին կազմակերպուել էր Սրբազան Քահանայապետի Հայաստան այցելութեան մէկ ամեակին նուիրուած երեկոյ՝ «Էկումենիզմ՝ ճանապարհ ժողովուրդների միջեւ բարեկամութեան»: Դեսպանատան հրաւերով յիշատակութեան երեկոյին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ ուղեկցութեամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, Հոգշ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի եւ Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Դաւէյեանի եւ Անարատ Յղութեան հայ քոյրերի: Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերութիւնների բաժնի տնօրէն Գերշն. Տ. Նաթան Արքեպս. Յովհաննիսեանը, ուղեկցութեամբ Գերհ. Հ. Շահէ Ծ. Վրդ. Անանեանի:
Նախ խօսեց Դեսպան Պրն. Urriolabeitia-ն եւ ընդգծեց Սրբազան Քահանայապետի այցելութեան նպատակային չորս կէտեր.
«Առաջինը՝ աղքատների հանդէպ ուշադրութիւնը: Նա միշտ նայում էր այդ մարդկանց աչքերին եւ միշտ նրանց հետ շփւում էր: Երկրորդ՝ Հռոմի Պապը ձգտում է համաշխարհային խաղաղութեան, այդ մասին է վկայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Խոր Վիրապ այցելելը…»:
Որպէս երրորդ եւ չորրորդ կէտեր՝ Դեսպանը խօսեց Քահանայապետի ցանկութեան մասին՝ նպաստելու քրիստոնէական եկեղեցիների միաւորմանը եւ նրա յատուկ սէրը եւ բարեկամութիւնը հայ ժողովրդի հետ:
Գերշն. Տ. Նաթան Արքեպս. Յովհաննիսեանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնութիւնը եւ, նախ խօսեց Քահանայապետի այցելութեան մասին՝ յիշատակելով յատկապէս վերջին հանգրուանը՝ մեկնումից առաջ.
«Երբ Խոր Վիրապում, բիբլիական Արարատ լեռան դիմաց կանգնած էին երկու հոգեւոր պետերը եւ երկու սպիտակ աղաւնիներ, որոնք օդ սաւառնեցին.սա մի նշան էր եղբայրական սիրոյ եւ խաղաղարարութեան»:
Ապա Նաթան Սրբազանը խօսեց Հայ Առաքելական եւ Կաթողիկէ Եկեղեցիների բարեկամութեան մասին՝ յիշելով, որ հոգեւեր պետերի միջեւ առաջին հանդիպումը եղել է 1970թ., երբ Վազգէն Ա Կաթողիկոսը Վատիկանում հանդիպեց Պօղոս 6-րդ Սրբազան Քահանայապետին: Իսկ 2001թ. Հայաստան այցելեց Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը: 2013-ին Գարեգին Բ Կաթողիկոսը հրաւիրուեց Վատիկան՝ մասնակցելու նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալութեանը: «Սրանք մի գեղեցիկ օրինակներ են էկումենիզմի,-ասաց Նաթան Սրբազանը՝ շարունակելով խօսել էկումենիզմի եւ ջերմ եկեղեցական հարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութեան, միութեան մէջ՝ բազմազանութեան մասին՝ յիշեցնելով Յովհաննէս աւետարանչի տողերը,-Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը (Յվհ., 3, 16): Ինձ համար սա՛ է այն հիմնական դրդապատճառը, որ մղում է անհրաժեշտ միութեան՝ որպէս եղբայրներ եւ քոյրեր, ոչ միայն մեր միջեւ, այլև՝ տարբեր դավանանքների, աւանդոյթների, ընտանիքների միջեւ»:
Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն իր խօսքը զարգացրեց Ֆրանցիսկոս Քահանայապետի հովուական այցի՝ Հայաստանում ունեցած ազդեցութեան շուրջ.
«Ինձ համար Նորին Սրբութեան հանդէպ Հայաստանում ցուցաբերուած բացառիկ եւ հանդիսաւոր ընդունելութիւնը արձագանքն ու շարունակութիւնն էր այն պատմական իրադարձութեան, երբ Պապը 2015-ի ապրիլին Սբ. Պետրոսի տաճարում մատուցուած Սբ. Պատարագի ժամանակ Հայոց Ցեղասպանութիւնը անուանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը…Այդ պահը մեծ ազդեցութիւն ունեցաւ հայութեան վրայ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում, նախքան Քահանայապետի այցը Հայաստան:-Ասաց Ռաֆայէլ Սրբազանը եւ յիշեցրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի խօսքը.-«Այսօր Ֆրանցիսկոս Պապը իր համարձակ յայտարարութեամբ արեց այն, ինչ հայ ազգը չկարողացաւ անել 100 տարի»,-եւ ապա շարունակեց.-Ամբողջ քաղաքական աշխարհը ցնցուեց Պապի յայտարարութեամբ, աշխարհի քաղաքական դիրքորոշումն ամբողջովին փոխուեց՝ Ցեղասպանութեան՝ որպէս մերժուած ճշմարտութեան շուրջ»:
Ռաֆայէլ Սրբազանն ընդգծեց 2015-ի պատմական յայտարարութեան մէկ այլ կարեւոր ազդեցութիւն եւս՝ նախքան Քահանայապետի այցը.
«Ֆրանցիսկոս Պապը նորագոյն պատմութեան մէջ առաջին անգամ կարողացաւ միաւորել բոլոր հայերին՝ Եկեղեցին եւ պետութիւնը, կաթողիկէներին եւ առաքելականներին, Էջմիածինը եւ Կիլիկիան, Հայաստանի իշխանութիւններին եւ կուսակցութիւններին՝ Սուրբ Պետրոսի Մայր Տաճարի հովանու ներքոյ…Ամբողջ աշխարհի համար շատ տպաւորիչ էր, որ բոլորս Սուրբ Պետրոսի տաճարում խմբուած էինք Սրբազան Քահանայապետի շուրջ՝ որպէս մէկ Տիեզերական Եկեղեցի եւ մէկ հայ ազգ: Դա ճշմարտապէս է՛ր եւ է՛ պատկերը հայոց պատմութեան: Այս ամենից յետոյ՝ հայ ժողովուրդը երազում էր տեսնել Պապին Հայաստանում եւ տեսաւ»:
Ռաֆայէլ Սրբազանը, անդրադառնալով Քահանայապետի պատմական այցի ազդեցութեանը՝ 2016-ի յունիսից յետոյ, ընդգծեց նրա կերպարի թողած տպաւորութիւնը՝ որպէս «սոցիալական, բարոյական արժէքների, մարդու իրաւունքների միակ պաշտպանի, ով եկաւ Հայաստան»:
«Հետեւաբար, այցը Քահանայապետի՝ որպէս ներկայացուցչի Տիեզերական Եկեղեցու՝ բոլոր քրիստոնեաների Մօր, ով եկաւ զօրացնելու Քրիստոսի հանդէպ հաւատքը, բուժելու իր զաւակների վէրքերը եւ քաջալերելու նրանց՝ շարունակել իրենց քրիստոնէական ուղին, այս այցը ներծծուած էր պարզութեամբ: Երկրի վրայ Քրիստոսի ներկայացուցչի՝ Քահանայապետի, այս պահին՝ Ֆրանցիսկոսի, խոնարհութիւ՛նն էր այդ պարզութիւնը».-ասաց Սրբազանն՝ իր խօսքը համեմելով մի քանի օրինակներով.
«Էջմիածնում Սուրբ Պատարագի ժամանակ, խախաղութեան բաշխման պահին Նորին Սրբութիւն Սրբազան Քահանայապետը մօտեցաւ Նորին Սուրբ Օծութիւն Գարեգին Բ-ին եւ խնդրեց նրա օրհնութիւնն՝ իր եւ իր ժողովրդի համար: Ինչպիսի՜ խոնարհ անձնաւորութիւն. Տիեզերական Եկեղեցու Գլուխը խնդրում է օրհնութիւնը փոքրիկ հայ ազգի Կաթողիկոսի:
Մէկ այլ առիթով Գիւմրիում, Սուրբ Պատարագից յետոյ, Նորին Սրբութիւնը հրաւիրեց Վեհափառին իր մեքենայի մէջ եւ նրան առիթ ընձեռեց օրհնելու հրապարակի բազմութեանը: Սա պատուի եւ սիրո արտայայտութիւն էր՝ Գարեգին Բ-ի նկատմամբ: Ուրեմն, այս եւ այլ օրինակներից հայ ժողովուրդը անմոռանալի տպաւորութիւններ ստացաւ, պահեց իր մտքում եւ հոգում՝ փոխանցելու իր սերունդներին:
Նորին Սրբութիւնը չէր ծրագրաւորել այդ քայլերը, բայց նա այդպէս արտայայտեց իր սէրը: Նորին Սրբութեան այս բարի օրինակը՝ ամենակարիքաւորների, տառապեալների, հաշմանդամների հանդէպ տածած խոնարհ սիրով, հիացրեց ամբողջ հայ ազգին եւ համարձակութիւն տուեց՝ ընդօրինակելու այս կենսաձեւը եւ առաջ շարժուելու:
…Պապը եկաւ Հայաստան՝ որպէս աւագ եղբայր, արտայայտելու իր սէրը: Եկաւ որպէս ուսուցիչ՝ բացատրելու մեզ կերպը, թէ ինչպէս կարելի է հասնել Տիրոջը: Գիւմրիում իր արտասանած քարոզից ես յիշում եմ երեք կէտ՝ «խօսեցէ՛ք ձեր պապերի ու տատիկների հետ, սովորեցէ՛ք ձեր պատմութիւնը եւ պաշտպանեցէ՛ք ձեր ինքնութիւնը»: Նորին Սրբութիւնը եկաւ Հայաստան՝ գնահատելու այս ժողովրդի մարտիրոսութիւնը: Եկաւ որպէս ուխտաւոր՝ աղօթելու այս Սրբազան հողի վրայ: Այս բոլոր օրինակներով հանդերձ, Պապի այցը չէր կարող ունենալ ուրիշ ազդեցութիւն, այլ միայն՝ դրական…»: