Եկեղեցին զօրեղ է հաւատացեալների նվիրումով եւ ջերմեռանդութեամբ
2017թ.սեպտեմբերի 24-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հովուական այցելութիւն կատարեց Ազատան համայնք՝ հրաւերով գիւղի ժողովրդապետ Տ. Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի: Առաջնորդ Հօրը Սբ. Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցու բակում դիմավորեց պատանիների խումբը՝ աղուհացով: Սրբազան Հօր ձեռամբ մատուցուած Սուրբ Պատարագին ներկայ էին Ազատանի գիւղապետ Վարդան Իկիլիկյանը, դպրոցի տնօրէն Համլետ Ոսկանեանը, ուսուցիչներ, Քոյր Նոել Լոքաթելլին՝ Աշոքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցից, Անարատ Յղութեան քոյրերը եւ Տիրամայր Հայաստանի կենտրոնի սաները, Արեւիկի Երիտասարդաց միութեան երիտասարդները, Ազատանի հաւատացեալները: Սրբազան Հօր այցելութեան հիմնական նպատակը հաւատացեալների հետ հանդիպումն էր եւ շնորհակալութիւն յայտնելը գյուղի այն բոլոր հաւատացեալներին, ում նուիրատւութիւններով կատարուել են դռների ու պատուհանների փոխման, պատուհանագոգերի տեղադրման, հիմքերի ջրամեկուսացման եւ բակի բարեկարգման աշխատանքներ՝ 7.945.800 դրամ արժողութեամբ: Նրանց անունները արդէն հրապարակել ենք:
Սրբազանն իր խորին երախտագիտութիւնը յայտնեց նվիրատուներին՝ նշելով, որ շատ օրինակելի է հաւատացեալների միասնական նուիրատւութիւնների պատրաստակամութիւնը, եւ ասաց, որ ինքը կարող է այդ ամէնի դիմաց վարձահատոյց լինել միայն աղօթքով: Տէր Նարեկը Թադեւոսեանն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Սրբազանին, որ կարողացաւ գալ եւ կիսել համայնքի ուրախութիւնը: Ընթացքում բոլոր ներկաներին բաժանուեցին թերթոններ, որտեղ մանրամասն գրուած էր, թէ ով եւ ինչքան նուիրատւութիւն է կատարել եկեղեցուն եւ ինչ նպատակով են այդ գումարներն օգտագործուել:
Պատարագից յետոյ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն օծեց եկեղեցու բակում տեղադրուած մի Խաչքար, որը նվիրել են Արմեն եւ Աւետիկ Մկրտչեանները: Օծման արարողութիւնից յետոյ Սրբազան Հօրը ողջոյնի խօսք ուղղեցին Ազատանի երիտասարդները: Ելոյթ ունեցաւ Ազատանի Տիգրան Մեծ պարային համոյթը: Ապա երիտասարդները Սրբազան Հօրն ու հիւրերին հրաւիրեցին եկեղեցուն կից երիտասարդական կենտրոն՝ հիւրասիրութեան սեղանի շուրջ զրուցելու: