Ամբողջական թերապիա՝ յանուն մարդ անհատի ամբողջական զարգացման
Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութեամբ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը ՀՀ անկախութեան տօնին ներկայացրեց իր լայն տարածքի նոր հնարաւորութիւնները: Ավստրիայի Կարիտասի ներկայացուցիչ Ֆիշեր Բերնդի եւ հայկական կարիտասի աշխատակիցների համատեղ ջանքերով կարճ ժամանակում տարածքում կառուցուել է 800 մ. երկարութեամբ վազքուղի, որը կարելի է օգտագործել եւ՛ հեծանուային արշաւների եւ՛ անուասայլակներով տեղաշարժման համար: Պատասխանատուներն այս վազքուղին անուանում են «ներառական ճանապարհ»՝ այն համոզմամբ, որ դա կնպաստի հենաշարժողական խնդիրներով երեխաներին ներառել առողջ ապրելակերպի մէջ՝ նաեւ առողջ սոցիալական հարաբերութիւններ զարգացնելով տարեկիցների հետ: Արդեն իսկ բացման հանդիսութեան ժամանակ վազքուղու վրա առոյգ տրամադրութեամբ խաղում եւ միմեանց հետ մրցում էին Հայկական Կարիտասի Փոքրիկ Իշխան կենտրոնի եւ Էմիլի Արեգակի սաները՝ հեծանիւներով եւ անուասայլակներով:
Ծրագրի պատասխանատուները՝ կենտրոնի աշխատակիցներն ու ավստրիացի հովանաւորները, նախատեսում են կենտրոնի մոտ 4 հա. տարածքը հարստացնել վերականգնողական, ներառական տարբեր հարմարութիւններով՝ սպորտային խաղերի տարածք, արկածային խաղերի տարածք, թատրոն, ծաղկանոց, մրգատու ծառերի այգի եւ լայն կանաչ տարածութիւն, որն այնքա՛ն քիչ է Գյումրի քաղաքում եւ այնքա՛ն անհրաժեշտ: Կենտրոնի սաները եւ կամաւորականներն իրենց բանջարանոցն էլ ունեն, որտեղ կան արդեն առաջին պտուղները: Տարածքի վերաբերեալ ծրագրերը իրականութիւն կարող են դառնալ միայն համապատասխան ֆինանսաւորման դէպքում, ինչը դեռեւս քննարկման փուլում է:
Կենտրոնի աշխատակիցները եւ կամաւորականնեը մեծ խանադավառութեամբ եւ լաւատեսութեամբ են շարունակում իրենց բաւական դժուարին աշխատանքը, ինչը նկատելի էր նրանց տօնական տրամադրութեան մէջ, որով համակեցին նաեւ բոլոր հիւրերին՝ սեպտեմբերի 21-ի միջոցառման ժամանակ: Տօնական էր, մանաւանդ, երեխաների տրամադրութիւնը, ում համար միշտ տօն է հիւրերի այցելութիւններն ու ուշադրութիւնը: Նրանք ցուցադրում էին իրենց զանազան ունակութիւնները՝ նկարելու, երգելու, նուագելու եւ, պարզապես, ժպտալու, որով յաճախ ամէն ինչ ուսուած է:
Հանդիսութեանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրեանը, փոխամարզպետները, Գերհ. Հ. Գառնիկ Ծ.Վրդ. Յովսէփեանը, Հոգշ. Հ. Ռաֆայէլ Վրդ. Կրաուչիկը, Տ. Յովսէփ Քհնյ. Գալստեանը եւ այլ հիւրեր, ովքեր մշտապես Էմիլի Արեգակի կողքին են:
Էմիլի Արեգակ այժմ յաճախում է տարբեր խնդիրներով մօտ 100 երեխա, բայց կենտրոնի հնարաւորութիւնները աւելի մեծ են: Հայկական Կարիտասի պատասխանատուները՝ Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեամբ, ջանում են զարգացնել նորաստեղծ կենտրոնի հնարաւորութիւնները, որոնք տարածաշրջանում եզակի են, բարձրացնել մանսագէտների որակաւորման մակարդակը, կառաւարման որակը:
Կենտրոնի երեխաները սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական աջակցութիւն, արուեստի, երաշտութեան թերապիայ ստանալուց բացի, ունեն եզակի առիթը նաեւ հոգեւոր թերապիայի. կենտրոնում մատուցւում է Սուրբ եւ Անմահ Պատարագ: Երեխաների համար Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արիւնն ընդունելը վսեմագոյն բալասանն ու օգնութիւնն է, որ պսակում է ցանկացած այլ տեսակի աջակցութիւն: Իսկ ծնողների համար սա յաւելեալ երախտագիտութեան առիթ է, որովետեւ յաճախ, շարժողական խնդիրներից ելնելով, շատ դժուար է երեխաներին տանել եկեղեցի՝ Սուրբ Պատարագին մասնակցելու, իսկ կենտրոնում այդ հնարաւորութիւնը եւս կայ եւ կլինի: Իսկ սաները առանձնայատուկ ուշադրութեամբ եւ նկատելի ներքին խաղաղութեամբ, Բարձրեալի հետ մերաձուորութեան փափագի զգացումով են ներկա լինում Սուրբ Պատարագին, ինչը փաստում են նաեւ աշխատակիցները:
Աղօթենք, որպէսզի Աստուածամայրն իր քնքուշ հովանու ներքոյ պահի եւ պահպանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու այս օգտավետ կենտրոնը: