• Տաշիրի հայ կաթողիկէ երիտասարդաց միության ուխտագնացությունները

    Թող Աստված ընդունի մեր ուխտը


    Եկեղեցին ամուր է և ծաղկուն, երբ երիտասարդները հավատքի մեջ ջերմեռանդ են, և համայնքներում՝ ակտիվ ու նախաձեռնող: Իսկ նրանց միավորողը համայնքի հոգևոր հովիվն է, ով կանչված է Աստծո կողմից ծառայելու իր ժողովրդին:

     

    2017թ.սեպտեմբերի 2-ին Տաշիրի տարածաշրջանի հայ կաթողիկէների հոգևոր հովիվ Հ. Ներսես Վրդ. Գալստյանի նախաձեռնությամբ Տաշիրի և Մեծավանի հայ կաթողիկէ երիտասարդները Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից ուխտագնացություն կատարեցին դեպի Խաչքար մատուռը: Երիտասարդները մեծ ոգևորությամբ, Հայր Ներսեսի առաջնորդությամբ քայլելով հասան մինչև հայ-վրացական սահման, ուր գտնվում էր մատուռը: Հավատացյալները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ խնդրելով, որ ընդունելի լինի իրենց ուխտը, և Բարձրյալի օգնությամբ իրականություն դառնան իրենց նպատակները: Հենց մատուռի բակում էլ որոշվեց հաջորդ ուխտատեղին` Խարաբի վանքը:

     

    Սեպտեմբերի 9-ին դարձյալ Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայր Ներսեսի օրհնությունը ստանալուց հետո, ուխտավորները ճամփա ընկան: Այս անգամ ավելի շատ էին ուխտավորները, ովքեր մեծ խանդավառությամբ հետևում էին վարդապետին: Միացյալ ուխտագնացությունը կարևոր էր նաև նրանով, որ հավատացյալները բավականին ժամանակ ունեին շփվելու և զրուցելու իրենց սիրելի հոգևորականի հետ: Խարաբի վանքում մոմեր վառելուց ու աղոթք բարձրացնելուց հետո, որոշվեց հաջորդ ուխտատեղին՝ Սարչապետ գյուղի մոտակայքում գտնվող Լոքան սարը, որի գագաթին 2140մ. բարձրության վրա կառուցված է մի մատուռ, ուր ամեն տարի հավատացյալ ժողովուրդը Քրիստոսի Հրաշափառ Համբարձման տոնին բարձրանում են սարը ու աղոթում՝ հավատացած, որ Աստված կկատարի իրենց խնդրանքները:

     

    Սեպտեմբերի 16-ին կրկին մեկ այլ ուխտագնացության մեկնարկ տրվեց Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց: Հ. Ներսես Վրդ. Գալստյանի օրհնությունը ստանալուց հետո ուխտավորները շարժվեցին Տաշիրի Սբ. Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցին, ուր նրանց սպասում էին Տաշիրի երիտասարդները և Երևանից ժամանած երիտասարդներ, ովքեր ևս որոշել էին միանալ իրենց ուխտավոր տարեկիցներին:

     

    Եկեղեցում ուխտավորները աղոթեցին Սուրբ Աստվածածնի Վարդարանը և խնդրեցին Աստվածամոր բարեխոսությունը՝ մեր երկրի, զինվորների և հայ ժողովրդի համար: Այնուհետև, հավատացյալները շարժվեցին դեպի Նորաշենի Սուրբ Խաչ եկեղեցին: Այդ օրը նախատոնակն էր Սուրբ Խաչի Վերացման տոնի:

    Հայր Ներսեսն օրհնեց ներկաներին, բացատրեց տոնի իմաստը և նշանակությունը: Այնուհետև,  հավատացյալները շարժվեցին Սարչապետի հայ կաթողիկե եկեղեցի, որն, ավաղ, խոնարհված է այժմ: Հավատացյալները աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ հույս ունենալով, որ մի օր հայ կաթողիկե եկեղեցին կվերանորոգվի և լցված կլինի հավատացյալներով:

     

    Քիչ հետո ուխտավորներն արդեն գտնվում էին Լոքան սարի ստորոտին: Ճիշտ է, ճանապարհը բավականին բարդ էր, բայց նրանք վստահ էին, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Հասնելով Լոքան սարի գագաթին՝ ուխտավորները մոմեր վառեցին, աղոթք բարձրացրեցին առ Աստված:

     

    Արդեն տուն վերադառնալու ժամանակն էր: Ուխտավորները շնորհակալություն հայտնեցին իրենց սիրելի վարդապետին և խնդրեցին, որպեսզի այսպիսի առիթներ հաճախ ստեղծի իրենց համար:

     

    13412950_1065928163488641_1584840840092939188_n

     

    Հայկ Կիրակոսյան

    Տաշիրի հայ կաթողիկէ երիտասարդաց միություն

    21457490_485845105100636_5846114849624346291_o 21457510_485853255099821_482363328426185387_o 21457683_485853681766445_2799539580465957866_o 21457972_485846658433814_8337966398515888672_o 21544024_485853608433119_3561574689901647254_o 21544223_488626541489159_6710423194979686157_o 21731820_488626041489209_8371569825396231741_o 21753393_488627671489046_2216503193718522103_o

Օրացույց

Օրացույց