• Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Մոսկվայում հանդիպել է Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ

    Պատմական անհամաձայնությունների երկուստեք հաղթահարումը կնպաստի եկեղեցական համայնքների հոգևոր վերելքին և միասնությանը:


    Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը 2017թ. օգոստոսի 20-22-ը հովվական այցով գտնվում էր Մոսկվայում: Մոսկվայի և հարակից շրջանների հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Հոգշն. Հ. Պետրոս Վրդ. Եսայանի խնդրանքով օգոստոսի 20-ին Առաջնորդ Հայրը մատուցեց Սուրբ Պատարագ Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում: Սբ. Պատարագին մասնակցում էին հայ համայնքի հարյուրավոր հավատացյալներ: Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց Աստվածամոր Վերափոխման վսեմ խորհրդի մասին՝ հավատացյալներին հայրաբար հորդորելով նմանվել Սուրբ Կույսին՝ խորհրդածելով Աստծո կամքին նրա անվերապահ հնազանդության, վստահության և հավատարմության շուրջ՝ որպես աստվածային շնորհներով լի մի սրբապատկերի, որ Տիրոջ Սուրբ Եկեղեցու ձգտումների կատարելությունն է:

    21074279_10203846297795910_368176608_n

     

    Հաջորդ օրը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հանդիպեց այս օրերին պետական այցով (որը կտևի օգոստոսի 21-24-ը) Ռուսաստանում գտնվող Հռոմի Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Վսեմաշուք Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ՝ Մոսկվայում Սուրբ Աթոռի նվիրակության գրասենյակում: Ռաֆայել Սրբազանը Ռուսաստանի հայ կաթողիկէների համայնքի անունից իր ողջույնները բերեց Վսեմաշուք Կարդինալին և եղբայրական ջերմ զրույց ունեցավ նրա հետ՝ ներկայացնելով Ռուսաստանի հայ համայնքի արդի մարտահրավերներն ու հոգևոր ձեռքբերումները:

     

    arm_01

    Հաջորդ օրը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Ռուսաստանի կաթողիկէ եպիսկոպոսների հետ միասին մասնակցեց Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում Վսեմաշուք Կարդինալ Պիետրո Պարոլինի ձեռամբ երեկոյան մատուցված Սուրբ Պատարագին: Եկեղեցին լի էր հավատացյալների բազմությամբ, ովքեր եկել էին ներկա գտնվելու այդ պատմական իրադարձությանը: Ինչպես մի քանի օր առաջ իր հարցազրույցներից մեկում նշել էր Մոսկվայի լատին ծեսի կաթողիկէների Առաջնորդ Արքեպիսկոպոս Պավել Պեցցին, սա առաջին անգամն է, որ Հռոմի Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարը Ռուսաստան է այցելում պետության՝ ի դեմս Նախագահ Վլադիմիր Պուտինի, հրավերով: Սա մեծ նշանակություն ունի տեղի կաթողիկէների՝ թե լատին ծեսի և թե հայ ծեսի, համար, որովհետև Սուրբ Աթոռի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Մոսկվա նշանակում է նաև Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայությունը իր հավատացյալ ժողովրդի կողքին:

    Parolin_05 Parolin_07

    Օգոստոսի 31-ի Սբ. Պատարագից հետո Վսեմաշուք Կարդինալը նաև ընդհանուր հանդիպում ունեցավ Ռուսաստանի կաթողիկէ եպիսկոպոսների հետ, որին մասնակցեց նաև Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը:

     

    Վսեմ. Կարդինալ Պարոլինը օգոստոսի 22-ին հանդիպելու է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի և ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, իսկ օգոստոսի 23-ին՝ նաև Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

    Parolin_08

    Parolin_04

    Կարդինալի այցը Մոսկվա պատմական հույժ կարևոր նշանակություն ունի Կաթողիկէ և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող պատնեշները, տարաձայնությունները հարթելու, առողջ երկխոսություն զարգացնելու իմաստով: Սա տրամաբանական շարունակությունն է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի և Պատրիարք Կիրիլի պատմական հանդիպման, որը տեղի ունեցավ 2016թ. փետրվարին՝ Կուբայում, եկեղեցական մեծ բաժանումից (1054թ.) գրեթե հազար տարի անց:

     

    Աղոթենք, որ երկու եկեղեցիների միջև համաձայնության զարգացումը արդյունավոր լինի նաև Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքի համար՝ առկա շատ խնդիրների լուծման իմաստով:

Օրացույց

Օրացույց