Ծանոթության և միասնականության ուղիներով
2017թ. օգոստոսի 3-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հետ հանդիպեց ֆրանսիացի 85 երիտասարդներից բաղկացած զբոսաշրջիկների մի խումբ, որին ուղեկցում էին 6 քահանաներ: Երիտասարդները ոտքով շրջագայել են Հայաստանում, եղել նաև Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Եկեղեցում և Փանիկի Սուրբ Աստվածածին Եկեղեցում, նաև ցանկություն հայտնել հանդիպելու Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության Երիտասարդաց միության հետ՝ նախևառաջ ստանալով Առաջնորդ Հոր օրհնությունը:
Հանդիպման ժամանակ Ռաֆայել Սրբազանն իր հայրական օրհնությունն է տվել երիտասարդներին, պատմել Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին, խոսել երիտասարդության մերօրյա մարտահրավերների մասին, հորդորել մշտապես հավատարիմ մնալ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցուն և լինել Տեր Հիսուս Քրիստոսի առաքելության ջերմեռանդ շարունակողները՝ օգնելով իրենց հոգևոր հովիվներին:
Ֆրանսիացի երիտասարդները զրուցել են իրենց հայ տարեկցիների հետ, միասին ընթրել և մշակութային երեկո կազմակերպել, երգել ու պարել՝ ներդաշնակելով հայ և ֆրանսիական մշակույթներն ու սովորությունները: