«Ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և Նրա անունը սուրբ է», Ղկ., 1:49
2017թ. հուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան» կենտրոնում տեղի ունեցավ «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցեց մոտ 120 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից: Հոգևոր, մշակութային այս միջոցառման նպատակն էր ամրապնդել հայ կաթողիկէ երիտասարդության միասնությունը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, Մեկ Ընդհանրական Եկեղեցու պատկանելության և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցությունը: Հայ կաթողիկէ առաջնորդության համայնքների մասշտաբով կազմակերպված այս միջոցառումը շարունակեց Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցու «Երիտասարդության համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացության, որը կազմակերպվում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մեկ հաճախականությամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր երիտասարդների մասնակցությամբ: 2016թ. Կրակովում կազմակերպված Երիտասարդության համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թվով հայ կաթողիկէ երիտասարդներ (353 երիտասարդ):
Միջոցառման հանդիսավոր բացումը կատարեց միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Գերհ. Հ. Գառնիկ ծ.վ. Հովսեփյանը: Նա նշեց, որ սա առաջին անգամն է, որ նման բնույթի երիտասարդական միջոցառում է կազմակերպվում՝ շարունակելով Ընդհանրական Եկեղեցու «Երիտասարդաց համաշխարհային օրեր» մոջացառման գեղեցիկ ավանդույթը և նպատակը և հույս հայտնեց, որ Ազգային երիտասարդական օրերն էլ հետայսու կդառնան ամենամյա ավանդույթ և մեծապես կհարստացնեն հայ երիտասարդության հոգևոր նկարագիրը:
Բացման Սուրբ Պատարագը մատուցեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առընթերակայությամբ Գերհ. Հ. Գառնիկ ծ.վ. Հովսեփյանի և Աղաջանյան կենտրոնի տնօրեն Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի, համապատարագությամբ հայ կաթողիկէ ժողովրդապետների, ովքեր այս երեք օրերի ընթացքում, մեծ մասամբ, իրենց համայնքների երիտասարդների հետ էին: Ռաֆայել Սրբազանն իր քարոզում երիտասարդներին հրավիրեց մտածելու իրենց ինքնության շուրջ՝ հոգևոր և ազգային դիմագծով՝ որպես հայ կաթողիկէ, անբաժանելի Ընդհանրական Եկեղեցուց և հայ ժողովրդից:
Սուրբ Պատարագից հետո երիտասարդները երգեցին իրենց ընկերներ Գայանե և Լիա Սալնազարյաններ քույրերի հեղինակած «Կամուրջներ» օրհներգը:
Նույն օրը Հայկական Կարիտասի աշխատակից Մկրտիչ Բաբայանը երիտասարդների հետ զրույց անցկացրեց արտագաղթի թեմայով՝ հետաքրքիր, բայց և մտահոգիչ տվյալներ հաղորդելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում արտագաղթի աճող տեմպերի, բացասական հետևանքների մասին: Երիտասարդները ակտիվ մասնակցեցին քննարկմանը:
Ապա Հ. Գառնիկը ներկայացրեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2017թ. Երիտասարդաց համաշխարհային օրերի ուղերձի բովանդակությունը:
Երիտասարդներն առիթ ունեցան առանձին խմբերով տարբեր քահանաների առաջնորդությամբ զրուցելու քրիստոնեական ընտանիքի մերօրյա մարտահրավերների մասին: Քննարկումների ընթացքում արծարծվեցին հայ ընտանիքների սոցիալական, բարոյական, հոգևոր խնդիրները, լավ ընտանիք կազմելու քրիստոնեական սկզբունքները:
Երեկոյան տեղի ունեցավ Աստվածամոր ջերմեռանդություն՝ Սուրբ Վարդարանի աղոթքով և երգերով, որն անցկացրեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը: Ապա՝ մշակութային երեկոյի ընթացքում, երիտասարդները հնարավորություն ունեցան դրսևորելու իրենց տաղանդները:
Հաջորդ օրը՝ հուլիսի 29-ը, նվիրվեց շրջագայություններին: Երիտասարդների խումբը նախ Գյումրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում մասնակցեց Սուրբ Պատարագի, որ մատուցվեց ձեռամբ Հ. Գառնիկ ծ.վ. Հովսեփյանի: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը: Ապա երիտասարդները շրջեցին Գյումրիում, այցելեցին Սև Բերդ, որտեղ հանդիպեցին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասյանին: Նա ողջունեց երիտասարդներին և իր ուրախությունը հայտնեց առ այն, որ հայ կաթողիկէ երիտասարդները հանդես են գալիս ակտիվ նախաձեռնություններով, միասնական են, ազգասեր և եկեղեցասեր: Հիշեց նաև Սրբազան Քահանայապետի այցը Գյումրի և խոսեց Սև Բերդում իր նախաձեռնությամբ ստեղծված հուշահամալիրի մասին՝ նվիրված Պապի այցելությանը: Երիտասարդներն ավելի ուշ ծանոթացան նաև հուշահամալիրին: Հ. Գառնիկը շնորհակալություն հայտնեց Գյումրիի քաղաքապետին՝ ընդունելության, երիտասարդների կողքին լինելու համար, ինչպես նաև՝ հատկապես 2016թ. հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետի այցելության ժամանակ նրա ցուցաբերած մեծ աջակցության համար:
Նույն օրը երիտասարդներն այցելեցին նաև Հառիճավանք և Մարմաշենի վանք, ապա վերադարձան Աղաջանյան կենտրոն և դիտեցին մի ֆիլմ՝ 2016-ի Լեհաստանում ԵՀՕ մասնակցության մասին, վերհիշեցին այդ անմոռանալի օրերը:
Հուլիսի 31-ը սկսվեց Սուրբ Պատարագով՝ ձեռամբ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի: Ապա երիտասարդները Տ. Հովսեփ քհն. Գալստյանը հետ միասին մասնակցեցին «Երիտասարդները՝ հույսի առաջամարտիկներ» թեմայով աշխատաժողովին, որի ընթացքում առիթ ունեցան խորհելու սեփական կարողությունների, ինքնադրսևորման, իրենց համայնքներում եկեղեցական նախաձեռնությունների, ապագա ծրագրերի մասին:
Օրվա երկրորդ կեսին մասնակիցները ներկայացրեցին, թե ինչ գործունեությամբ են զբաղված համայնական երիտասարդական եկեղեցական միությունները:
Օրն ավարտվեց Աստվածամոր նվիրված ջերմեռանդությամբ և եռօրյա միջոցառման փակման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում համերգային ելույթներ ունեցան երգիչ Կարեն Մայիլյանը և երգչուհի Նվարդ Հարությունյանը:
Որպես եզրափակում՝ Հ. Գառնիկ Ծ.Վ. Հովսեփյանը նվերներ հանձնեց ժողովրդապետ հոգևորականներին և հայտնեց, որ իր նպատակն է առաջնորդության մասշտաբով կազմակերպված այս միջոցառումը ժամանակի ընթացքում դարձնել համազգային հայ կաթողիկէ երիտասարդաց օրեր, որին կմասնակցեն հայ կաթողիկէ երիտասարդներ ամբողջ աշխարհից:
Խարույկը, շուրջպարը եղան վերջին ակկորդը այս եռօրյա միջոցառման:
«Ազգային երիտասարդաց օրեր» միջոցառումը լուսաբանեց Շանթ ՀՌԸ-ը:
Իսկ Ձայն խաղաղության TV տեսանյութը՝ շուտով: