Պատրաստություն՝ Ազգային երիտասարդաց օրերին
2017թ. հուլիսի 28-31-ը Աղաջանյան ճամբարում տեղի ունենալիք Ազգային երիտասարդական օրերին, ինչպես հայտնել ենք, մասնակցելու է 139 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից: Այս օրերին արդեն Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Լեհաստանի և Շվեդիայի խմբերը՝ իրենց ժողովրդապետների հետ միասին:
Նրանց դիմավորել են Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի և Ազգային երիտասարդաց օրերի կազմակերպիչները՝ գլխավորությամբ խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ ծ.վ. Հովսեփյանի: Լեհաստանից ժամանած լեհ երիտասարդներն անցյալ տարվա այս օրերին նույն ջերմությամբ էլ Պլոցկում դիմավորել և իրենց ընտանիքներում տեղավորել էին հայ երիտասարդներին, ովքեր մասնակցեցին Երիտասարդաց համաշխարհային օրվան: Լեհ երիտասարդներին հրավիրելը նպատակ ունի զարգացնել նրանց հետ ջերմ ընկերական հարաբերություններ՝ նաև հետագա հնարավոր համատեղ աշխատանքի մտադրություններով:
Ռուսաստանից հայ երիտասարդներին ուղեկցում է Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Շվեդիայի հայ երիտասարդներին՝ Հ. Հովսեփ վրդ. Բահյանը, լեհերին՝ Հ. Քրիստոֆ վրդ. Զալեսկին:
Երիտասարդաց խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատուռում մասնակցել է Սուրբ Պատարագների, ապա այցելել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, որտեղ աղոթք են բարձրացրել առ Աստված:
Ռուսաստանի 8 հոգանոց խումբն առանձին այցելել է նաև Խոր Վիրապ և Նորավանք:
Խմբի մի մասը հուլիսի 26-ին եղել է նաև Կեչառիսի և Սևանի վանքերում: Հուլիսի 27-ին լեհերի խումբը այցելելու է Տաշիրի հայ կաթողիկէ համայնք, Մեծավանի Վերի Վանք, Լոռու բերդ և այլ վայրեր՝ Տաշիրի ժողովրդապետ Հ. Ներսես վրդ. Գալստյանի հրավերով:
3 հոգանոց մի խումբ էլ նույն օրը հասնելու է Գյումրի և գիշերելու է իրենց ջերմորեն ընդունող տեղի հայ երիտասարդների ընտանիքներում՝ հայկական սովորություններին ծանոթանալու ցանկությամբ և մասնակցելու է Աղաջանյան ճամբարում Ազգային երիտասարդաց օրերի նախապատրասական աշխատանքներին: