Ընտանիքը քրիստոնեական արժեքների ուսուցման առաջին օղակն է:
World Vision Armenia բարեգործական կազմակերպության հետ միասին այս տարի Շիրակի մարզի Ղազանչի հայ կաթողիկէ համայնքում սկսեցինք ընտանիքների հետ սոցիալական, հոգևոր աշխատանքի մի ծրագիր՝ ծնող-երեխա, ներընտանեկան հարաբերությունների բարելավման, ծնողավարության հմտությունների զարգացման նպատակով: Նախաձեռնությունը World Vision կազմակերպության Ամասիայի կենտրոնի աշխատակցուհի Մերի Մելիքյանինն էր, ում սիրով ընդառաջեցինք՝ հաշվի առնելով այդ կազմակերպության ընտանիքների հետ աշխատանքի հսկայական փորձը և օգտակարությունը: Ղազանչի համայնքում սկսեցինք միասնաբար կազմակերպել դպրոցահասակ երեխաների մայրերի հետ կանոնավոր դասընթացներ՝ World Vision Armenia կազմակերպության սոցիալական աշխատողների և իմ (Տ. Հովսեփ քհն. Գալստյան) մասնակցությամբ, զուգահեռ կատարելով նաև անհատական աշխատանք՝ որոշ ընտանիքների հետ, որոնք առավել կարիք ունեն մշտական աշխատանքի:
Դասընթացները զարգանում են ծնողավարման հմտությունների, ծնող-երեխա հարաբերությունների կոնկրետ իրականության վերլուծության, արժևորման, խնդիրների հաղթահարման համար լուծումների առաջարկման ուղղություններով: Մասնակից ծնողները մասնակցում են հետաքրքրությամբ և ակտիվությամբ՝ կիսվելով իրենց անցյալով ու ներկայով, ապագայի մասին պատկերացումներով:
Հոգևորական-սոցիալական աշխատող-ծնող համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս սոցիալական, հոգեբանական վերլուծությունը, խորհրդատվությունը իմաստավորել քրիստոնեական արժեքների համատեքստում՝ Ավետարանի լույսի ներքո, ինչը միաժամանակ օժանդակ միջոց ու արդյունավետ ճանապարհ է մարդկանց հետ խոսել հոգևորի մասին՝ այլընտրանքային հանգամանքներում, օգնել նրանց իրենց կյանքում ավելի լայն տեղ բացելու Աստծո հետ իրենց ընտանեկան հարաբերությունները իմաստավորելու, բարելավելու համար, առավել լավատես և լիահույս լինելու՝ ավելի շատ վստահելով Աստծուն և ավելի հաճախ անդրադառնալով սեփական սխալներին ու բացթողումներին՝ թե հոգևոր և թե սոցիալական հարթության մեջ:
Հուլիսի 14-ին Ղազանչիում դասընթացների մասնակից ծնողները World Vision Armenia կազմակերպության օժանդակությամբ հերթական դասընթացն անցկակցրեցին Գյումրիում՝ նախ ներկա լինելով Սուրբ Պատարագի՝ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում: Շատերը կաթողիկէ մայր տաճարում առաջին անգամ էին: Դասընթացն էլ տեղի ունեցավ նոր միջավայրում՝ Սպիտակ վարդեր ռեստորանի սրահներից մեկում, որտեղ նաև միասնական ճաշկերույթ եղավ:
Այս ծրագիրը մտադիր ենք, Աստծո օգնությամբ, շարունակել առնվազն մեկ տարի և սկսել նաև հարակից այլ համայնքներում:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան