• Բավրայում բացվեց հնդկացորենի վերամշակման գործարան
    Bavra_2

    Համայնքային ենթակառուցվածքների հզորացման և տնտեսական աշխուժացման օրինակներ


    14 հուլիսի, 2017թ.

     

    Այսօր Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ներկա է գտնվել նաև Հայաստանի սահմանամերձ Բավրա հայ կաթողիկէ համայնքում հնդկացորենի վերամշակման նորաստեղծ գործարանի բացման արարողությանը:

     

    Ինչպես հայտնում է Առավոտ օրաթերթը, «Նոր հատիկ» անվանված գործարանը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շնորհիվ, արգենտինահայ երեք հայրենասեր ընտանիքների՝ Դեվեճիէանների, Էսերճիէանների և Շիմշիրօղլուների ֆինանսավորմամբ։ Սարքավորումներն ապահովել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման UNIDO կազմակերպությունը։
    Bavra_7
    Հայաստանը ցայժմ չունեցեր հնդկաձավարի սեփական արտադրություն, այն ներկրվում էր  դրսից։ Բավրայի գործարանը համախմբում է Շիրակի, Լոռու ու Արագածոտնի մարզերից 28 կոոպերատիվների։ Դրանք միավորվելով՝ ստեղծել են  «Նոր հատիկ» կոոպերատիվը։ Այդ կոոպերատիվի նախագահ, Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե սկսեն աշխատել ամբողջ ծավալով, ապա  գործարանը 22 աշխատակից կունենա,  ևս 4000-5000 մարդ էլ կներգրավվեն գործարանի աշխատանքներում՝ հումք ապահովելով։ Մեր զրուցակիցը վստահ է` եթե գյուղացին եկամուտ ստանա, հաստատ չի հրաժարվի նոր մշակաբույս աճեցնելուց։ «Իրենց մոտ դեռ հին ինֆորմացիան է` չի ստացվի ու վերջ, բայց ստացվում է ու շատ լավ է ստացվում»,-ասում է Կորյուն Սումբուլյանը։ Կորյուն Սումբուլյանի հաշվարկներով, հանրապետությունում կա 8000 տոննա հնդկաձավարի պահանջարկ, իսկ իրենք առայժմ արտադրել են 800 տոննա։ Գինը, պարոն Սումբուլյանի ասելով, արհեստականորեն չեն նվազեցնի։ «Էնպես չէ, որ մենք արհեստականորեն, մնացածների նման իջեցնելու ենք արժեքը, որ ցանողին ձեռք չտա,  և էնպես չենք անելու, որ գերշահույթ ապահովենք, սպառողն էլ տուժի։ Մենք ձմեռ, թե գարուն մոտավորապես 500 դրամը չենք թողնելու գերազանցի, այլուր ենք արտադրելու, կանաչ հնկաձավար ենք արտադրելու»,- ասաց Կորյուն Սումբուլյանը։

    Bavra_4

    Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ իր ելույթում  նշեց, որ 3 մարզերում աճեցված 350 հեկտար հնդկացորեն  է վերամշակվում գործարանում , ու մեծ քայլ է կատարվում գյուղատնտեսության էական բարեփոխումների ճանապարհին։ «Եթե  մենք կարողանանք զարգացնել հնդկացորենի մշակումը Հայաստանում, գոնե մեր մարզում և կարողանանք հնդկացորեն արտադրողներին և հնդկաձավար մշակողների համար մեծ դաշտ ստեղծել, խրախուսել նրանց, ապա կարելի է բնակիչների համար ստեղծել եկամտի էական աղբյուր, որ մարդը հողից իրոք կարողանա եկամուտ ստանա, հողը լինի մարդու եկամտի աղբյուրը, ոչ թե՝ լավ չլինի, խոպանը կա ու կա»,- ասաց Շիրակի մարզպետը։ Վերջինս հույս հայտնեց, որ այնպիսի հաջողության կհասնեն, որ յուրաքանչյուր հայ խանութ մտնելիս ցանկություն հայտնի գնելու Հայաստանում աճեցված, մշակված հնկաձավարը։

    Արգենտինահայ բարերար Նշան Դեվեճիէանն էլ իր ելույթում նշեց, որ ուսումնասիրել է հրեաների փորձը, որոնք հաջողության են հասել կոոպերատիվներ ստեղծելով, կողք-կողքի կանգնելով ու աշխատելով։ «Ես կուզեմ, որ այս նման ըլլա այն բոլոր ընտանիքներուն, ուր ամենը իր իրավունքը ունենա»,- ասաց պարոն Դեվեճէանը։ Բարերարները՝ Նշան Դեվեճիէանը,Պողոս Էսերճիէանը և Գրիգոր Շիմշիրօղլուն մեզ հետ զրույցում մեկ անգամ ևս նշեցին, որ իրենք փափագում են, որպեսզի հայերը գյուղատնտեսության ոլորտում գնան հրեաների ճանապարհով, քանի որ Իսրայելը գյուղատնտեսության ոլորոտում ամենամեծ հաջողություն ունեցող երկրներից մեկն է։ Նրանք խոստացան շարունակել համագործակցությունը հնկացորենի  վերամշակման արտադրամասի հետ։

Օրացույց

Օրացույց