• Առաքելությունը քրիստոնեական հավատքի սիրտն է.Քահանայապետը՝ Եկեղեցու առաքելության մասին

    Ինչպե՞ս պետք է ընկալել մեր առաքելությունը


     

    Սուրբ Աթոռը հրապարակել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Առաքելության համաշխարհային  օրվա առթիվ, որը կտոնվի 2017թ. հոկտեմբերի 22-ին:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    Այս տարի ևս մեկ անգամ Առաքելության համաշխարհային  օրը հավաքում է մեզ Հիսուս Քրիստոսի՝ «Ամենաառաջին և մեծագույն ավետարանչի» (Պողոս 6-րդ Քահանայապետ, Evangelii Nuntiandi, 7) անձի շուրջ,  ով շարունակ հորդորում  է մեզ  քարոզել Հայր Աստծո Սիրո Ավետարանը՝ Սուրբ Հոգու զորությամբ: Այս օրը հրավիրում է մեզ  նորովի արտացոլելու քրիստոնեական հավատքի առաքելությունը: Եկեղեցին  իր բնույթով առաքելություն կատարող է, հակառակ դեպքում, այն այլևս չէր լինի Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, այլ՝ մի խումբ այլ խմբերի մեջ, որն ավարտում է իր նպատակը և անհետանում: Ուստի կարևոր է հարցնել  ինքներս մեզ, թե ինչպիսին է մեր քրիստոնյա անհատականությունը և որոնք են մեր պատասխանատվությունները  աշխարհում՝ որպես հավտացյալներ, որտեղ տեղ են գտնում շփոթմունքը, հիասթափությունն ու հուսալքումը  և եղբայրասպան պատերազմները, որտեղ թիրախ են դառնում անմեղները: Ո՞րն է մեր առաքելության հիմքը: Ի՞նչն է մեր առաքելության սիրտը: Ի՞նչ հիմնական մոտեցումներ  պետք է  դրսևորել՝ մեր առաքելությունն իրականացնելու համար:

     

     Առաքելությունն ու Հիսուս Քրիստոսի Ավետարանի վերափոփոխիչ զորությունը, Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը

     

    1. Եկեղեցու առաքելությունն՝ ուղղված բոլոր բարի կամքի տեր տղամարդկանց և կանանց, հիմնված է Ավետարանի վերափոփոխիչ հզորության վրա: Ավետարանը Բարի Լուր է՝  լի վարակիչ ուրախությամբ, որովհետև  այն պարունակում  և առաջարկում է նոր կյանք՝ Հարություն առած Հիսուս Քրիստոսի կյանքը, ով  շնորհելով իր կյանք տվող Հոգին՝ դարձավ  մեզ համար  Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք (հմմտ.՝ Հվհ., 14:6): Նա է Ճանապարհը ով մեզ հրավիրում է հետևել իրեն վստահությամբ  և  քաջությամբ: Հետևելով Հիսուսին՝ որպես մեր  ուղի,  մենք փորձում ենք Ճշմարտությունը և ստանում  իր Կյանքը, որը հաղորդության ամբողջությունն է Հայր Աստուծո հետ՝ Սուրբ Հոգու զորությամբ: Այս կյանքը ազատում է մեզ ամեն տեսակ եսասիրություններից և ստեղծարարության աղբյուր է՝  սիրո մեջ:
    2. Հայր Աստված ցանկանում է իր որդիների և դուստրերի այս անհրաժեշտ փոփոխությունը, որը գտնում է իր արտացոլումը կյանքում՝ հոգով և ճշմարտությամբ երկրպագության մեջ՝ առաջնորդությամբ Սուրբ Հոգու և նմանությամբ Հիսուս Քրիստոսի, Հայր Աստծո փառքի համար: Ուստի Ավետարանի քարոզը դառնում է անհրաժեշտ և արդյունավետ խոսք, որը կատարում է այն, ինչ հռչակում է (հմմտ.՝ Ես., 55:10-11)՝ Հիսուս Քրիստոսին, ով մշտապես ներկա է բոլոր մարդկային իրավիճակներում (հմմտ.՝ Հվհ., 1:14):

     

    Քրիստոսի առաքելությունն ու kairos

     

    1. Եկեղեցու առաքելությունը, ուրեմն, կրոնական գաղափարախոսություն, ոչ էլ մանավանդ, բարոյական մի վսեմ ուսմունք տարածելը չէ: Շատ շարժումներ ամբողջ աշխարհում ոգեշնչում են բարձր իդեալներ կամ իմաստալից կյանքի ճանապարհներ ապրելու  համար: Եկեղեցու առաքելության միջոցով Հիսուս Քրիստոսն Ի՛նքն է շարունակում ավետարանել և գործել, նրա  առաքելությունը պատմության մեջ ներկա է դարձնում kairos-ը՝ փրկության բարենպաստ ժամանակը: Ավետարանի հռչակման միջոցով  Հարուցյալ Հիսուսը դառնում է մեր ժամանակակիցը,  ուստի նրանք ովքեր ընդունում են նրան  հավատքով և սիրով, կարող են զգալ Սուրբ Հոգու  վերափոխիչ զորությունը, որը մարդկությունը և արարչագործությունը դարձնում է  պտղաբեր, ինչպես երկիրն է դառնում անձրևից հետո: «Նրա հարությունը անցյալի իրադարձություն չէ, այն պարունակում է կենսական ուժ, որը ներթափանցել է այս աշխարհ: Այնտեղ, որտեղ ամեն ինչ թվում է մահացած՝ անսպասելի հայտնվում են հարության նշանները: Սա աներևակայելի մի ուժ է»: (Evangelii Gaudium, 276).
    2. Երբեք չմոռանա՛նք, որ «Քրիստոնյա լինելը բարոյական որոշման արդյունք չէ կամ մի վեհ գաղափար, այլ հանդիպում է մի իրադարձության՝ մի Մարդու, ով տալիս է կյանքին նոր հորիզոն և որոշիչ ուղղություն» (Բենեդիկտոս XVI, Deus Caritas Est, 1):

     

    Ավետարանը Անձ է, ով շարունակաբար առաջարկում է իրեն  և անընդհատ հրավիրում է նրանց, ովքեր ընդունում են իրեն խոնարհությամբ և կրոնական հավատքով՝ կիսելու իր կյանքը՝ արդյունավոր կերպով մասնակցելով Իր Մահվան և Հարության զատկական խորհրդին: Սուրբ Մկրտության միջոցով  Ավետարանը դառնում է նոր կյանքի աղբյուր՝ ազատ մեղքի իշխանությունից ազատ, լուսավորված և Սուրբ Հոգով վերափոխված: Սուրբ Դրոշմի միջոցով այն դառնում է մի ամրապնդող օծություն, որը նույն Սուրբ Հոգու շնորհիվ մատնանշում է  նոր ուղիներ և ռազմավարություններ՝ վկայության և մարդկանց ուղեկցելու համար: Սուրբ Հաղորդության միջոցով այն դառնում է սնունդ՝ նոր կյանքի համար, «անմահության դեղ» (Իգնատիոս Անտիոքացի, Ad Ephesios, 20, 2):

     

    1. Աշխարհին կենսականորեն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի Ավետարանը: Եկեղեցու միջոցով Քրիստոս շարունակում է իր առաքելությունը՝ որպես Բարի Սամարացի՝ հոգ տանելով մարդկության արյունահոսող վերքերի մասին և, որպես Բարի Հովիվ, անընդհատ փնտրում է նրանց, ովքեր թափառում են կյանքի ոլորուն ուղիներով, որոնք ոչ մի տեղ չեն տանում: Փա՛ռք Աստծո, շատ էական փորձառություններ շարունակ վկայում են Ավետարանի վերափոխիչ զորության մասին: Ես մտածում եմ Դինկա ուսանողի մասին, ով իր կյանքի գնով մահվան վտանգից պաշտպանեց մի ուսանողի՝ թշնամի Նուեր ցեղից: Ես մտածում եմ Կիտգումում՝ հյուսիսային Ուգանդայում, Սուրբ Հաղորդության երկրպագության մասին, որտեղ ապստամբ խմբի դաժան կոտորածներից հետո մի միսիոներ մարդկանց խնդրեց կրկնել Հիսուսի խոսքերը, որոնք Նա ասաց խաչի վրա,-«Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ  լքեցիր ինձ», որպես  խաչված Տիրոջ հուսահատ եղբայրների և քույրերի լաց: Որովհետև մարդկանց համար  այդ երկրպագությունը հսկայական մխիթարության և քաջության աղբյուր էր: Մենք կարող ենք մտածել անթիվ վկայությունների մասին, թե ինչպես է Ավետարանն  օգնում հաղթահարելու սահմանափակ մտածողությունը, հակամարտությունը, ռասսիզմը, ցեղապաշտությունը և ամենուր տարածում է հաշտություն, եղբայրություն և միմյանց օգնականություն:

     

     Առաքելությունը ներշնչում է հոգևոր մշտական ելք, ուխտագնացություն և աքսոր

     

    1. Եկեղեցու առաքելությունը միշտ արթուն է՝ մշտական ելքի ոգով: Մենք մարտահրավեր ունենք «դուրս գալու մեր սեփական հարմարավետության գոտուց, որպեսզի հասնենք բոլոր ծայրամասերը՝ Ավետարանի լույսի համար» (Evangelii Gaudium, 20): Եկեղեցու առաքելությունը մղում է մեզ ձեռնարկել  հարատև ուխտագնացություն՝ դեպի կյանքի տարբեր անապատներ՝ ճշմարտության և արդարության քաղցի ու ծարավի զանազան փորձառության: Եկեղեցու առաքելությունը ոգեշնչում է մշտական աքսորի ոգով՝ մեր անսահմանության հասնելու ծարավի միջոցով մեզ գիտակից դարձնելով, որ մենք  աքսորյալներ ենք, որ ճանապարհորդում ենք դեպի մեր վերջնական տուն՝ հանդարտ սպասելով «արդեն»-ի և դեպի Երկնքի Արքայության «դեռևս ոչ»-ի մեջտեղում:

     

    1. Առաքելությունը հիշեցնում է Եկեղեցուն, որ նա ինքն իրենով ավարտուն մի նպատակ չէ, այլ Արքայության խոնարհ գործիքն ու միջնորդությունն է: Ինքնապաստան Եկեղեցին, որը բավարարվում է երկրային հաջողության հետ, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին՝ Նրա փառավոր ու խաչված Մարմինը չէ: Սրա համար մենք պետք է նախընտրենք «Եկեղեցին, որը ծեծված է, ցավ է զգում և կեղտոտված է, որովհետև եղել է փողոցներում, քան թե այն Եկեղեցին, որը անառողջ է՝ իր սահմանափակ և իր սեփական անվտանգությանը կառչած լինելու պատճառով»: (նույն տեղում., 49):

     

    Երիտասարդները՝ առաքելության հույսը

     

    1. Երիտասարդները առաքելության հույսն են: Հիսուս Քրիստոսի Անձը և Բարի Լուրը շարունակում են գրավել շատ երիտասարդների: Նրանք ձգտում են գտնել ուղիներ, որպեսզի խանդավառությամբ և խիզախությամբ ծառայեն մարդկությանը: «Կան շատ երիտասարդներ, ովքեր առաջարկում են իրենց ծառայությունն՝ ընդդեմ աշխարհի չարիքների և ներգրավվում են տարբեր կամավորական գործերի մեջ: Ինչքա՜ն գեղեցիկ է տեսնել երիտասարդներին՝ որպես «փողոցումքարոզողներ» ուրախությամբ բերելով Հիսուսին ամեն փողոց, ամեն քաղաքի հրապարակ և աշխարհի յուրաքանչյուր անկյուն» (նույն տեղում, 106).

     

    Սինոդի եպիսկոպոսների հաջորդ Ընդհանուր համագումարը, որը  տեղի է ունենալու 2018թ-ին՝ «Երիտասարդները, հավատքը և կոչման ընկալումը»  թեմայով,  իրենից ներկայացնում է նախախնամական հնարավորություն երիտասարդներին՝ ներգրավելու առաքելական պատասխանատվության մեջ, որը կարիք ունի իրենց հարուստ երևակայության և ստեղծագործական կարողությունների:

     

    Հայրապետական առաքելության ընկերությունների ծառայությունը 

     

    Հայրապետական առաքելության ընկերությունները թանկարժեք միջոցներ են՝ յուրաքանչյուր Քրիստոնյա  համայնքի  մեջ  ցանկություն արթնացնելու դուրս գալ  սեփական նորմերից և անվտանգությունից՝ բոլորին Ավետարան քարոզելու նպատակով: Նրանց մեջ, շնորհիվ խորը առաքելական  ոգևորվածության, որը սնվում է օր օրի և անընդհատ բարձրացող առաքելական իրազեկությամբ, երիտասարդները, մեծահասակները, ընտանիքները, քահանաները, եպիսկոպոսները, արական և իգական միաբանությունները աշխատում են՝ զարգացնելու առաքելական սիրտ՝ բոլորի մեջ: Առաքելության համաշխարհային   օրը, որը հովանավորվում է Հավատքի քարոզչության վարչության կողմից, լավ հնարավորություն է՝ քրիստոնյա համայնքներին աղոթքի մեջ միացնելու համար, կյանքի վկայության և ծառայությունների հաղորդությամբ՝ արձագանքելով ավետարանացման մեծ ու հրատապ կարիքներին:

     

    Իրականացնելով մեր առաքելությունը Սուրբ Մարիամի՝ ավետարանացման Մոր հետ

     

    1. Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մեր առաքելությունը իրականացնելու համար եկե՛ք ոգեշնչվենք Սուրբ Մարիամի օրինակով: Սուրբ Հոգուց ներշնչված՝ նա ընդունեց Կյանքի Խոսքը՝ իր խոնարհ հավատի խորքում: Թող Սուրբ Կույս Մարիամը օգնի մեզ ասել մե՛ր «այո՛»-ն՝ գիտակցելով հրատապ անհրաժեշտությունը՝ Հիսուս Քրիստոսի Բարի Լուրը վերստին լսելի դարձնելու մեր ժամանակներում: Թող Նա լցնի մեզ նորոգված եռանդով, որպեսզի բոլորին հասցնենք Բարի Լուրն առ այն, որ կյանքը հաղթում է մահվանը: Թող Նա բարեխոսի մեր համար, որ մենք կարողանանք ձեռք բերել սրբազան թաջություն, որպեսզի բացահայտենք նոր ուղիներ՝ փրկության պարգևը բոլոր մարդկանց հասցնելու համար:

     

    Վատիկան, 4 հունիսի, 2017թ.

    Տոն Հոգեգալստյան

     

    Ֆրանցիսկոս

     

    Թարգմանեց՝ Անժելա Մուրադյանը

Օրացույց

Օրացույց