Դառնում ենք մեկ կողմի ագահ կողմնակիցներ՝ նույն և մեկ Հոգու մեջ եղբայրներ և քույրեր լինելու փոխարեն:
Ներկայացնում ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի 2017թ. հունիսի 4-ի Հոգեգալուստյան քարոզը, Սուրբ Պետրոսի հրապարակում:
«Այսօր եզրափակվում է Զատկի շրջանը, այն հիսուն օրերը՝ Հիսուսի Հարությունից մինչև Հոգեգալուստը, որոնք հատուկ կերպով նշանավորվում են Սուրբ Հոգու ներկայությամբ: Հոգին, ըստ էության, գլխավորապես Զատկի Պարգև է: Նա արարող Հոգի է, ով մշտապես նոր բաներ է ստեղծում: Առաջին ընթերցանության մեջ Հոգին աշակերտներին նոր մարդկանց է վերածում, Ավետարանում նա աշակերտների մեջ նոր սրտեր է ստեղծում:
Նոր մարդիկ
Հոգեգալուստյան օրը Սուրբ Հոգին երկնքից իջավ ներքև «բաժանված լեզուների ձևով, ասես կրակից», որը իջավ նրանցից յուրաքանչուրի վրա: Նրանք բոլորը լցված էին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել այլ լեզուներով (Գործք. 2:3-4): Ահա այսպես է Աստծո Խոսքը նկարագրում Սուրբ Հոգու գործը. սկզբում նա իջավ յուրաքանչյուրի վրա, այնուհետև նրանց բոլորին համախմբեց եղբայրության մեջ: Նա յուրաքանչյուրին տալիս է պարգև և այնուհետև նրանց բոլորին հավաքում միասնության մեջ: Այլ կերպ ասած, հենց այդ նույն Հոգին ստեղծում է բազմազանություն և միասնություն և այս կերպ նա ձևավորում է մի նոր, բազմազան և միասնական ժողովուրդ՝ Ընդհանրական Եկեղեցին: Սկզբում ստեղծարարական և անսպասելի ձևով նա ծնում է բազմազանություն, քանի որ մարդու ամեն տարիքում նա առաջացնում է նոր և բազմազան պարգևների ծաղկում: Այնուհետև նա ստեղծում է միասնությունը. Սուրբ Հոգին միացնում, հավաքում և վերականգնում է ներդաշնակությունը: «Իր ներկայությամբ և գործունեությամբ Սուրբ Հոգին առանձին և միմյանցից բաժան հոգիներին բերում է միասնության մեջ» (Կյուրեղ Ալեքսանդրացի, Մեկնություն Հովհաննեսի ավետարանի, 19, 11): Սուրբ Հոգին դա այնպիսի ձևով է անում, որ բերում է ճշմարիտ միասնության, ըստ Աստծո կամքի.այդ միությունը միօրինակություն չէ, այլ միասնություն է՝ տարբերության մեջ:
Որպեսզի այս ամենը տեղի ունենա, մենք պետք է խուսափենք երկու հակադարձ գայթակղություններից: Առաջինը ձգտում է դեպի բազմազանություն՝ առանց միասնության: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք ցանկանում ենք առանձնանալ, երբ մենք բռնում ենք մի կողմ և ձևավորում ենք կուսակցություններ, երբ մենք ընդունում ենք խիստ և բոլորովին փակ դիրքորոշումներ, երբ ինչ-որ բան անելիս մենք արգելափակվում ենք մեր սեփական գաղափարների և ուղիների մեջ՝ հավանաբար, նույնիսկ մտածելով, որ մենք ավելի լավն ենք, քան մյուսները, կամ միշտ ճիշտ ենք, երբ մենք դառնում ենք այսպես կոչված «ճշմարտության պահապանները»: Երբ այս ամենը պատահում է, մենք ընտրում ենք մի մասը՝ ամբողջից՝ պատկանելով այս կամ այն խմբին՝ Եկեղեցուն պատկանելու փոխարեն: Դառնում ենք մեկ կողմի ագահ կողմնակիցներ՝ նույն և մեկ Հոգու մեջ եղբայրներ և քույրեր լինելու փոխարեն: Մենք դառնում ենք «աջի» կամ «ձախի» քրիստոնյաներ՝ Հիսուսի կողմից լինելու փոխարեն, անցյալի անկոտրում պահապաններ կամ ապագայի առաջամարտիկներ՝ Եկեղեցու խոնարհ և երախտապարտ զավակներ լինելու փոխարեն: Արդյունքը բազմազանությունն է՝ առանց միասնության:
Երկրորդ՝ հակառակ, գայթակղությունը միասնություն փնտրելն է՝ առանց բազմազանության:
Այստեղ միասնությունը դառնում է միօրինակություն, որտեղ բոլորը պետք է ամեն ինչ անեն միասին և նույն կերպ, միշտ միանման մտածելով: Այսպես, միասնությունը, ի վերջո դառնում է միատարրություն, այլ ոչ թե ազատություն: Սակայն, ինչպես Սբ. Պողոսն է ասում. «ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է» (2 Կոր. 3:17):
Այսպիսով, այն աղոթքը, որով մենք դիմում ենք Սուրբ Հոգուն, Նրա միասնության շնորհի պարգևը ստանալու համար է, մի հայացք, որը մի կողմ թողնելով անձնական նախապատվությունները, գրկում և սիրում է ի՛ր Եկեղեցին, մե՛ր Եկեղեցին: Դա նշանակում է ընդունել պատասխանատվությունը միասնության՝ բոլորի միջև, ջնջել-սրբել բամբասանքը, որը սերմանում է տարաձայնության որոմը և նախանձի թույնը, որովհետև լինել Եկեղեցու մարդիկ, նշանակում է լինել հաղորդությա՛ն մարդիկ: Դա նշանակում է նաև խնդրել մի սիրտ, որը զգում է, որ Եկեղեցին մեր Մայրն է և մեր տունը՝ մի բաց և հյուրընկալ տուն, որտեղ մարդիկ կիսվում են Սուրբ Հոգու հարուստ և բազմազան ուրախությամբ:
Այժմ մենք հասնում ենք երկրորդ նորույթին, որը բերել է Հոգին՝ նոր սիրտ:
Երբ հարություն առած Հիսուս առաջին անգամ երևաց իր աշակերտներին, նա ասաց նրանց. «Առէ՛ք Սուրբ Հոգին։ Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի» (Հվհ. 20:22-23): Հիսուս չի քննադատում նրանց Իր չարչարանքի ժամանակ Իրեն արհամարհելու և լքելու համար, այլ, փոխարենը նրանց շնորհում է ներողամտության Հոգին: Հոգին հարություն առած Տիրոջ առաջին պարգևն է և առաջին հերթին տրվում է մեղքերի ներման համար: Այստեղ մենք տեսնում ենք Եկեղեցու սկիզբը, այն սոսինձը, որը մեզ միասին է պահում, այն շաղախը, որը միացնում է տան աղյուսները՝ Ներողամտություն: Քանի որ ներողամտությունը բարձրագույն պարգևն է, այն մեծագույն սերն է: Ներողամտությունը պահպանում է միությունը՝ անկախ ամեն ինչից, կանխում է փլուզումը, համախմբում և զորացնում է: Ներողամտությունը մեր ազատում է մեր սրտերը և մեզ ի զորու է դարձնում ամեն ինչ սկսել նորից: Ներողամտությունը հույս է տալիս. առանց ներողամտության Եկեղեցին չի կառուցվի:
Ներողամտության ոգին ամեն ինչ դարձնում է ներդաշնակ և օգնում է մեզ մերժել յուրաքանչյուր այլ ուղի՝ հապճեպ դատողությունները, յուրաքանչյուր դուռ փակելու անելանելի կացությունը, այլոց քննադատելու միակողմանի փողոցը: Ընդհակառակը, Հոգին համոզում է մեզ գնալ երկկողմանի փողոցով, որտեղ ընդունում ենք ներում և տալիս ենք ներում, աստվածային ողորմության երկկողմանի փողոցով, որը մերձավորի հանդեպ սերն է, եղբայրասիրությունը՝ «որպես միակ չափորոշիչ, ըստ որի ամեն ինչ պետք է արվի կամ չարվի, փոխվի կամ չփոխվի» (Իսահակ Ստելլացի, Or. 31):
Եկե՛ք շնորհ խնդրենք՝ մեր Մայր Եկեղեցու դեմքն ավելի գեղեցիկ դարձնելու համար, թույլ տալով ինքներս մեզ նորացվել ներողամտության և ինքներս մեզ ուղղելու միջոցով: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք շտկել այլոց սխալները՝ եղբայրասիրությամբ:
Սուրբ Հոգին այն սիրո կրակն է, որը վառվում է Եկեղեցում և մեր սրտերում, չնայած որ հաճախ մենք այն ծածկում ենք՝ մեր մեղքերի մոխրով:
Եկե՛ք խնդրենք.
«Ե՛կ, Սուրբ Հոգի, Տե՛ր, որ ապրում ես իմ սրտում և Եկեղեցու սրտում՝ առաջնորդելով և ձևավորելով այն՝ բազմազանության մեջ: Դու ջրի նման մեզ անհրաժեշտ ես՝ ապրելու համար: Ե՛կ, նորովի իջի՛ր մեզ վրա, մեզ սովորեցրու՛ միություն, նորացրու՛ մեր սրտերը և սովորեցրու՛ մեզ սիրել այնպես, ինչպես դու ես մեզ սիրում, ներել այնպես, ինչպես դու ես մեզ ներում: Ամեն»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը