Ընտանեկան սիրո ուրախությունն ու գեղեցկությունը
«Եվրոպայի համար թանկարժեք գանձը պետք է լինի ընտանիքը» – ասաց Ֆրանցիսկոս Պապը հունիսի 1-ին, կաթողիկէ ընտանեկան ասոցիացիաների եվրոպական ֆեդերացիայի (FAFCE) պատվիրակների հետ հանդիպման ժամանակ՝ ֆեդերացիայի հիմնադրման քսաներորդ տարեդարձի առիթով:
Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Սրբազան Քահանայապետն ասաց, որ «ընտանիքը թթխմորն է առավել բարի ու եղբայրական մի աշխարհի, որտեղ արդեն էլ ոչ ոք իրեն լքված կամ մերժված չի զգում»:
Ֆրանցիսկոս Պապը, բարձր գնահատելով «բազմակողմանի ծառայությունն ընտանիքում», ընդգծեց, որ հենց ընտանիքում է բացահայտվում «փոխադարձ սիրո ուրախությունն ու գեղեցկությունը» : Ընտանիքի անդամների միասնությունն ու ձգտումը փոխըմբռնումի՝ ողջ հասարակության հետ բարօրության գրավականն է ոչ միայն Եվրոպայում, այլև՝ ամբողջ աշխարհում:
Ըստ Ֆրանցիսկոս Պապի, ընտանիքը դա «մարդկանց միասնությունն է», ովքեր ընդգրկված են «մեծ մարդկային ընտանիքում», որտեղ կարևոր է հանդիպման մշակույթը: Եվրոպական ընտանիքի մոդելը չի առաջնորդվում որևէ պատահական գաղափարախոսությամբ, այլ հիմնվում է մարդկային անձի չկործանվող, կայուն արժանապատվության վրա: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ միայն այսպես Եվրոպան կարող է լինել ժողովուրդների իրական ընտանիք:
Հին աշխարհամասը կանգնած է ժողովրդագրական, միգրացիոն, աշխատանքային ու կրթական ճգնաժամի առջև: Այս հարցերի պատասխաններն ամրագրված են մարդկային ընտանիքում, պետք չէ թաքցնել ձեր քրիստոնեական ինքնությունը, սակայն, անհրաժեշտ է նաև, որ ընտանիքները ընդառաջ գնան մյուս ընտանիքներին:
Սերունդների միջև կապող օղակ են հանդիսանում հիշողությունը, ներկան ու ապագան: Դիմելով պատվիրակներին՝ Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ իրենց ծառայությունը կյանքին արտահայտվում է սերունդների միասնությամբ և օգնությամբ, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց և ծնողազուրկ երեխաների նկատմամբ:
«Ֆեդերացիային ծառայելը բնութագրվում է գաղթականների հետ համերաշխությամբ, համբերատար դաստիարակությամբ, որը յուրաքանչյուր երեխայի արժանի է համարում սիրո՝ ծերերի համար պատշաճ կենսապայմանների ապահովությամբ: Այն պաշտպանում է չծնված երեխաների ապրելու իրավունքը, ովքեր դեռ ձայնի իրավունք չունեն:
Ուկնդրության ավարտին Ֆրանցիսկոս Պապը կաթողիկէ ընտանեկան ասոցիացիաների եվրոպական ֆեդերացիայի պատվիրակներին կոչ արեց մշակել նոր մեթոդներ ու միջոցներ, որպեսզի ինչպես Եկեղեցու, այնպես էլ հասարակության մակարդակով աջակցեն և ուղեկցեն նոր սերունդներին իրենց առօրյա կյանքի ճանապարհին:
Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը