« Մի՛ վախեցիր, որով֊հետեւ քեզ հետ եմ» (Ես. 43:5)
Հաղորդելով հույս և վստահություն՝ մեր ժամանակներում
Առ ի տեղեկություն.
2017թ. մայիսի 28-ին Կաթողիկէ Եկեղեցին նշում է Հաղորդակցամիջոցների կամ զանգվածային լրատվամիջոցների 51-րդ համաշխարհային օրը:Հաղորդակցամիջոցների համաշխարհային օրը հիմնվել է Պողոս 6-րդ Սրբազան Քահանայապետի որոշմամբ՝ Վատիկանի Բ Տիեզերաժողովից հետո՝ 1967թ. մայիսի 7-ին, շարունակելով ժողովի բարեփոխումների տրամաբանությունը: Օրը նշվում է ամեն տարի Հոգեգալստյան կիրակիին նախորդող կիրակի: Այդ որոշմամբ Քահանայապետը նպատակ ուներ հավատացյալների ուշադրությունը հրավիրել հաղորդակցամիջոցների կարևորության վրա՝ որպես միջոց ավետարանացման առաքելությունը ներկայիս աշխարհում առավել արդյունավետ միջոցներով կատարելու համար: Ամեն տարի այդ օրը եկեղեցական լրատվամիջոցները վերաքննում են իրենց անցյալն ու ներկան և խորհրդածում նոր մարտահարվերների և հնարավորությունների մասին:
Ահա՛ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2017-ի ուղերձը՝ Հաղորդակցամիջոցների 51-րդ համաշխարհային օրվա առթիվ:
Տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ, զանգվածային լրատվության միջոցների հասանելիությունը բազմաթիվ մարդկանց հնարավորություն է ընձեռում ակնթարթորեն կիսվել նորություններով և դրանք լայնորեն տարածել: Այդ նորությունները կարող են լինել լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ: Վաղ քրիստոնյաները մարդկային միտքը համեմատում էին անընդհատ աղացող ջրաղացքարի հետ: Միայն ջրաղացքարից է կախված, թե ինչպես այն կաղա՝ լավ ցորեն, թե՞ անարժեք որոմներ: Մեր մտքերը միշտ «աղում են», սակայն մենք պետք է ընտրենք, թե ինչով կերակրել մեր մտքերը (Սբ. Հովհաննես Կասիանոս, Նամակ՝ Լեոնտիոսին):
Ես ցանկանում եմ այս ուղերձը հղել բոլոր նրանց, ովքեր թե՛ իրենց մասնագիտական աշխատանքում, թե՛ անձնական հարաբերություններում նման են այդ ջրաղացքարին, ամեն օր «աղալով դուրս են հանում» տեղեկություն՝ այն նպատակով, որպեսզի հարուստ սնունդ ապահովեն նրանց, ում հետ նրանք հաղորդակցվում են: Ես կցանկանայի կոչ անել բոլորին ներգրավվել հաղորդակցության այն կառուցողական ձևերի մեջ, որոնք անտեսում են նախապաշարմունքն ընդդեմ մյուսների և խթանում են հանդիպման մշակույթը, օգնելով մեզանից յուրաքանչյուրին մեր շուրջը գտնվող աշխարհը տեսնել իրատեսորեն և վստահությամբ:
Ես համոզված եմ, որ մենք պետք է կոտրենք անհանգստության արատավոր շրջանակը և կանգնեցնենք վախի գալարը, որոնք առաջացել են մշտապես «վատ լուրերի» (պատերազմների, ահաբեկչության, սկանդալների և բոլոր տեսակի մարդկային անհաջողությունների) վրա կենտրոնանալու հետևանքում: Սա կապ չունի այն տարածվող ապատեղեկատվության հետ, որը կարող է արհամարհել մարդկային տառապանքների ողբերգությունը, և ոչ էլ միամիտ լավատեսության մասին է, որը աչք է փակում գայթակղության և չարիքի վրա: Ընդհակառակն, ես առաջարկում եմ, որ բոլորս աշխատենք հաղթահարել դժգոհության և մերժման այդ աճող զգացումը, որը ժամանակ առ ժամանակ կարող է առաջացնել անտարբերություն, վախ կամ այն միտքը, որ չարիքը սահմաններ չունի: Ավելին, հաղորդակցության արդյունաբերության մեջ, որը կարծում է, թե լավ նորություններ չեն վաճառվում և որտեղ մարդկային տառապանքի ողբերգությունը և չարիքի առեղծվածը հեշտորեն վերածվում են զվարճանքի, այդտեղ միշտ գոյություն ունի այն գայթակղությունը, որը կարող է բթացնել մեր խիղճը կամ մեզ տանել հոռետեսության:
Ես կցանկանայի, ուրեմն, նպաստել հաղորդակցության բաց և ստեղծագործ ոճի որոնմանը, որը երբեք չի ձգտում հրապուրվել չարիքով, այլ հակառակը, կենտրոնանում է լուծումների վրա և ոգեշնչում է դրական և պատասխանատու մոտեցում իր հասցեատերերի մի մասին: Ես խնդրում եմ բոլորին մեր ժամանակակից մարդկությանն առաջարկել այն սյուժետային գծերը, որոնք ըստ էության «բարի լուր» են:
Բարի լուրը
Կյանքը ոչ թե պարզապես իրադարձությունների պարզ հաջորդականություն է, այլ մի պատմություն, մի պատմվածք, որը սպասում է, որ պատմվի բացատրական տեսապակու ընտրության միջոցով, որը կարող է քաղել և հավաքել առավել համապատասխան տեղեկություններ: Իր մեջ և ինքնին իրականությունը չունի մեկ հստակ իմաստ: Ամեն ինչ կախված է մեր աշխարհայացքից, այն տեսապակուց, որը մենք օգտագործում ենք իրերին նայելու համար: Եթե մենք փոխենք այդ տեսապակին, ապա իրականությունն ինքնին դառնում է տարբեր: Այսպիսով մենք ինչպե՞ս կարող ենք սկսել «կարդալ» իրականությունը ճիշտ տեսապակու միջոցով:
Մեզ՝ քրիստոնյաներիս համար, այդ տեսապակին կարող է լինել միայն բարի լուրը, որը գլխավորապես սկսվում է Ավետիսից. Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարա֊նից (Մկ. 1:1): Այս խոսքերով Սբ. Մարկոսը բացում է իր Ավետարանը, ոչ թե Հիսուսի հետ կապված «ավետիսով», այլ այն ավետիսով, որը Հիսուս Ինքն է: Անշուշտ, կարդալով Ավետարանի էջերը մենք սովորում ենք, որ դրա անվանումը համապատասխանում է իր բովանդակությանը, և որ առաջին հերթին այս բովանդակությունը հենց Հիսուսի անձն է:
Այս ավետիսը՝ Հիսուս, լավը չէ այն պատճառով, որ կապ չունի տառապանքի հետ, այլ քանի որ տառապանքն ինքնին դառնում է ավելի մեծ պատկերի մի մասը: Այն դիտվում է որպես Հիսուսի՝ Իր Հոր և ամբողջ մարդկության հանդեպ սիրո մի ամբողջական մաս: Քրիստոսի միջոցով, Աստված ցույց է տալիս իր համերաշխությունը մարդկային ամեն իրավիճակի հետ: Նա մեզ ասել է, որ մենք մենակ չենք, քանի որ մենք ունենք Հայր, Ով անընդհատ հոգ է տանում իր զավակների մասին: «Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ» (Ես. 43:5): Սա այն Աստծո սփոփիչ խոսքերն են, Ով ընկղմված է իր ժողովրդի պատմության մեջ: Իր սիրելի Որդու մեջ, այս աստվածային խոստումը. «Ես քեզ հետ եմ» ընդունում է մեր բոլոր թուլությունները, նույնիսկ՝ մահվան մահճում: Քրիստոսի մեջ նույնիսկ խավարը և մահը դառնում են լույսի և կյանքի հանդիպման կետ: Հույսը՝ այն հույսը, որը հասանելի է բոլորին, ծնվում է հենց այն խաչմերուկում, որտեղ կյանքը հանդիպում է ձախողման դառնությանը: Այդ հույսը չի հիասթափեցնում, քանի որ Աստծո սերը սփռված է մեր սրտերում և այն ծաղկեցնում է նոր կյանքը, որը նման է մի պտղի, որը ծնունդ է առնում ընկած սերմից: Այս լույսի ներքո յուրաքանչյուր նոր ողբերգություն, որը տեղի է ունենում աշխարհի պատմության մեջ, կարող է նաև դառնալ լավ նորությունների հիմք, այնքանով, որ սերը կարող է գտնել մի ճանապարհ, որով մոտենա և վեր բարձրացնի կարեկից սրտեր, վճռական դեմքեր և ամեն ինչ նորովի կառուցելու պատրաստ ձեռքեր:
Վստահություն՝ Թագավորության սերմի հանդեպ
Իր աշակերտներին և ժողովրդի բազմությանն այս ավետարանական մտածելակերպը ներկայացնելու և նրանց տեսնելու համար անհրաժեշտ ճիշտ «տեսապակիներ» տալու և մեռնող և հարություն առնող սերը փայփայելու համար, Հիսուս օգտագործում է առակներ: Նա հաճախ համեմատում է Աստծո Թագավորությունը և սերմը, որն իր ներուժն օգտագործում է կյանքի համար, հենց այն ժամանակ, երբ ընկնում է երկրի վրա և մահանում: Այս պատկերների և փոխաբերությունների օգտագործումը՝ համոզելու համար Աստծո Թագավորության հանդարտ իշխանության գոյությունը, չի շեղում այդ իրականության կարևորությունից ու անհրաժեշտությունից, այլ այդ խոսելու կերպը մի ողորմած ուղի է՝ տիեզերքը ունկնդրի համար ազատորեն ընդունելի և այդ իշխանությանը համապատասխան դառնալու համար: Այն նաև Զատկական խորհրդի անսահման արժանապատվությունն արտահայտելու առավել արդյունավետ ուղի է՝ արտահայտված պատկերներով և ոչ թե հասկացություններով, որպեսզի հաղորդակցվենք նոր կյանքի արտասովոր գեղեցկության հետ՝ Քրիստոսի մեջ: Այդ կյանքում դժվարությունն ու խաչը չեն խոչընդոտում, այլ տանում են դեպի Աստծո փրկությանը.փաստ է, որ թուլությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած մարդկային իշխանություն, իսկ ձախողումը կարող է լինել մի նախերգանք՝ ամեն ինչ կատարելու սիրով: Ահա այսպես է Աստծո Թագավորության հույսը հասունանում և մեծանում. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կաճեն» (Մկ. 4:26-27):
Աստծո Թագավորությունը արդեն ներկա է բոլորիս մեջ, ինչպես մի սերմ, որը հեշտությամբ անտեսվում է, սակայն լուռ արմատներ է ձգում: Նրանց, ում Սուրբ Հոգին շնորհում է տեսնելու կարողություն, կարող են տեսնել դրա ծաղկումը: Նրանք չեն թողնում, որ նոր ծաղկող մոլախոտերը իրենցից խլեն Թագավորության ուրախությունը:
Սուրբ Հոգու հորիզոնները
Մեր հույսը հիմնված է բարի լուրի վրա, որ Հիսուս Ինքն է և այնպես է անում, որ մենք բարձրացնենք մեր աչքերը, որպեսզի Համբարձման տոնի Պատարագի ժամանակ նայենք Տիրոջը: Չնայած այն բանին, որ Տերն այժմ կարող է լինել ավելի հեռու, այնուամենայնիվ, հույսի հորիզոններն է՛լ ավելի են ընդլայնվում: Քրիստոսի միջոցով, Ով մեր մարդկային բնությունը տանում է երկինք, յուրաքանչյուր կին և տղամարդ այժմ կարող է ազատորեն «մտնել սուրբ վայրը Հիսուսի արյամբ, այն ճանապարհով, որը նա բացեց մեզ համար՝ որպես նոր և կենդանի ճանապարհ, վարագույրի, այսինքն իր մարմնի միջոցով» (Եբ. 10:19-20): Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք լինել նոր և ազատագրված մարդկության վկաներն ու հաղորդողները, «նույնիսկ միչև երկրի ծայրերը» (Գրծք. 1: 7-8):
Աստծո Թագավորության սերմի և Զատկի խորհրդի հանդեպ վստահությունը պետք է նաև ձևավորի մեր հաղորդակցվելու ձևը: Այս վստահությունը հնարավորություն է տալիս մեզ կատարելու մեր աշխատանքը ներկայիս աշխարհի հաղորդակցության զանազան միջոցներով՝ այն համոզմամբ, որ հնարավո՛ր է հասկանալ և կարևորել այն բարի լուրը, որն առկա է յուրաքանչյուր պատմության մեջ և ի դեմս յուրաքանչյուր անձնավորության:
Նրանք, ովքեր հավատքով իրենց վստահել են Սուրբ Հոգու առաջնորդությանը, գիտակցում են, թե ինչպես է Աստված ներկա և թե ինչպես է աշխատում մեր կյանքի և պատմության ամեն պահին՝ համբերատարությամբ առաջնորդելով փրկության պատմությունը: Հույսն այն թելն է, որով հյուսված է այս սրբազան պատմությունը, և դրա հյուսողը Սուրբ Հոգին է՝ Մխիթարիչը: Հույսը առաքինություններից ամենախոնարհն է, քանի որ այն թաքնված է մեր կյանքի խորքերում, սակայն այն նման է մի թթխմորի, որը թթվեցնում է ամբողջ խմորը: Մենք սնում ենք այն՝ վերստին կարդալով առավել Ավետարանը՝ «վերատպված» շատ հրատարակություններով այն սրբերի կյանքում, ովքեր այս աշխարհում դարձան Աստծո սիրո սրբապատկերները: Այսօր ևս Սուրբ Հոգին շարունակում է մեր մեջ ցանել Թագավորության փափագը՝ շնորհիվ բոլոր նրանց, ովքեր, ոգեշնչվելով Բարի Լուրով՝ մեր ժամանակների ողբերգական իրադարձությունների պայմաններում, փարոսների նման փայլում են այս աշխարհի խավարում՝ լույս սփռելով ճանապարհին և բացելով նոր արահետներ՝ վստահության և հույսի:
Վատիկան, 27 հունվարի, 2017թ.
Ֆրանցիսկոս