• Թոմ Քաթենան կլինի Գյումրիում.ո՞վ է Aurora prize մրցանակաբաշխության մասնակից այս եզակի անձնավորությունը

    «Ապրեցե՛ք լիարժեք կյանքով՝ ծառայելով ուրիշներին»


     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

    Ուզում եմ երկու խոսքով որոշ տեղեկություններ փոխանցել բժիշկ Tom Catena-յի մասին, որ 2017թ. մայիսի 24-ին կայցելի Գյումրի, նաև Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ տաճար և Հայկական Կարիտաս: Թոմը նվիրյալ կաթողիկէ հավատացյալ և օրինակելի բժիշկ է, ում որակական հատկանիշների կարիքը մեր ժամանակներում շատ մեծ է: Հարկ է շնորհակալություն հայտնել Aurora Prize մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ նրան 2017-ի ֆինալիստների ցանկում ընդգրկելու և հայ հասարակության ուշադրությանը ներկայացնելու համար: Թոմը Գյումրի կայցելի 2016-ի նույն մրցանակաբաշխության դափնեկրի՝ Marguerite Barankitse-ի հետ միասին:

     

    Բժիշկ Թոմ Քաթենան միջազգային ճանաչում ունի իր մարդասիրական մեծ աշխատանքի համար, որ կատարում է քաղաքացիական պատերազմի հետևանքով հյուծված Սուդանի Նուբայի լեռներում գտնվող «Ողորմության Մայր» հիվանդանոցում: 2015-ին Թոմը հայտնի Time ամսագրի կողմից ճանաչվեց որպես աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նկարահանվեց ռեժիսոր Ken Carlson-ի «Նուբայի սիրտը» (”The Heart of Nuba) ֆիլմում:

     

    25761652226_885e63729f_o-768x1152

    Թոմ Քաթենան միակ բժիշկն է « Մայր Ողորմության » հիվանդանոցում, որ սպասարկում է մոտ 750.000 բնակչի, քաղաքացիական պատերազմի հետևանքով մեկուսացված մի վայրում, որը ապստամբ զինյալների տիրապետության տակ է: Անդադար մարտերը, ռմբակոծությունները, սովն անտանելի են դարձնում տեղի բնակչության կյանքը:

     

    Բժիշկ Թոմն այս սարսափելի վայրն իր տունն է համարում: Նա այդ ժողովրդին ծառայում է արդեն 17 տարի՝ որպես կամավոր բժիշկ՝ կաթողիկէ խոր հավատքով ու անձնվեր ապրումով: Երբ նրան մի անգամ հարցրեցին, թե ինչու է Միացյալ Նահանգների որակյալ բժշկական համալսարաններից մեկում կրթություն ստացած իր նման բժիշկը որոշել ապրել ու աշխատել այդպիսի վտանգավոր պայմաններում, նա պատասխանել է.

     

    «Այստեղ մնալու մասին իմ որոշումը շատ պարզ էր: Որպես միակ բժիշկ՝ Նուբայի լեռների միակ գլխավոր հիվանդանոցում, ես չէի կարող ապրել խղճիս դեմ: Որպես աշխարհական միսիոներ, ես շատ կարևոր համարեցի ցույց տալ Եկեղեցու ներկայությունը կարիքի այս ժամանակում, ցույց տալ, որ Եկեղեցին չի լքում իր ժողովրդին, երբ ճգնաժամ է»:

     

    Թոմ Քաթենան ծնվել է Նյու Յորքում, սովորել է Brown համալսարանում, մեխանիկական ինժեներություն մասնագիտությամբ, ապա Duke համալսարանում ստացել բժշկական կրթություն և վիրաբույժի որակավորում: Լինելով մշտապես ջերմեռանդ կաթողիկէ հավատացյալ, ապրելով մարդասիրության ավետարանական սկզբունքներով, 1990-ականներին Թոմը անդամակցել է Ամերիկայում Կաթողիկէ Եկեղեցու կողմից հիմնված Կաթողիկէ բժշկական առաքելության խորհրդին՝ Catholic Medical Mission Board, և սկսել է մասնակցել կարճաժամկետ կամավոր բժշկական առաքելություններին՝ Guyana-ում, Honduras-ում, 1999-2001թթ.՝ Kenya-ում, որից հետո 6 տարի, դարձյալ կամավոր սկզբունքով աշխատել է Nairobi-ի Սուրբ Մարիամի հիվանդանոցում: Նվիրումը՝ օգնելու ամենակարիքավորներին բժիշկ Թոմին ի վերջո հասցրեց Սուդանի Նուբայի լեռները, որտեղ Կաթողիկէ Եկեղեցու օգնությամբ նա օգնեց հիմնել «Մայր Ողորմության» հիվանդանոցը:

    Photo-of-Tom-Catena-New-York-Times

    Catholic Medical Mission Board կազմակերպության կայքում կա բժիշկ Թոմի օրակարգի նկարագրությունը.

     

    «Քաթենայի համար…օրը սկսվում է առավոտյան 6:30-ին՝ Սուրբ Պատարագին մասնակցությամբ, 7:30-ին սկսում է այցելել հիվանդներին: Հիվանդանոցն ունի 300 մահճակալ, բայց հաճախ հիվանդներն այնքան շատ են, որ ստիպված են քնել երկուսով կամ երեքով մեկ մահճակալի վրա: Երբեմն չի լինում ջուր, կամ էլեկտրականություն…

     Քաթենան արթուն սպասում է կանչի ամբողջ գիշեր: Նա աշխատում է նաև երեկոյան և կատարում վարչական աշխատանք, գրառումներ անում: Չնայելով հոգնածությանը և հոգեկան լարվածությանը, նա դիմանում է: «Որոշ օրեր ավելի լավ է, բայց լինում են օրեր, երբ շատ ես հյուծվում: Երբ սարսափելի բաներ են պատահում, կամ վտանգավոր է, կամ ուտելիք չկա, հաղթում է այն միտքը, որ մենք այստեղ ենք՝ ծառայելու համար: Շատ պարզ է». ասում է Քաթենան:

     

    Ամեն օր նա սովորաբար սպասարկում է մինչև 400 հիվանդ, աշխատելով գրեթե 24 ժամ, շաբաթվա բոլոր օրերին:

     

    «Նուբայի սիրտը» փաստագրական ֆիլմում բժիշկ Թոմն ասում է.

    «Շատ կարևոր է շփվել այս մարդկանց հետ…Արևմուտքում մեզ սովորեցնում են հիվանդների հետ սառը վերաբերմունք, բժիշկ-հիվանդ հարաբերությունները շատ պաշտոնական են: Բայց ես ուզում եմ կատակել հիվանդների հետ…այս մարդիկ մերժված են հասարակության կողմից: Նրանց մարմինները քայքայվում է: Եթե կարող ես դիպչել նրանց, նրանց ձեռքը սեղմել, մի քիչ կատակել…նրանք էլ մարդկային ցեղի անդամներ են…»:

     

    Բճիշկ Թոմի քրիստոնեական խոնարհության մի դրսևորում է նրա ձեռնակապը, որի վրա գրված են Հովհաննեսի ավետարանի 3:30 համարի բառերը.«Նա պետք է աճի, իսկ ես նվազեմ»: Հովհաննես Մկրտիչն այսպես խոսում է Հիսուսի մասին, Ում համար ինքը ճանապարհ հարթեց:

     

    Brown համալսարանի 2015-ի շրջանավարտներին ուղղված իր խոսքում Քաթենան ասաց.

     

    «Ամեն ոք ձգտում է երջանկության, ինքնադրսևորման: Եթե իրոք ուզում եք երջանիկ լինել, ես կառաջարկեմ ձեզ հետևյհալը՝ վաճառեցե՛ք ձեր ունեցվածքը, ազատվե՛ք ամեն ինչից…և գնացե՛ք ապրեք լիարժեք կյանքով՝ ծառայելով ուրիշներին: Եթե այդպես անեք, կտեսնեք, որ անհավատալի պարգևներ կունենաք: Կտեսնեք, որ կապրեք այնպիսի լիարժեք մի կյանք, որ երբեք չէք էլ երևակայել»:

     

    Մեկ այլ առիթով այս նվիրյալ հավատացյալ բժիշկն ասել է հետևյալը.

     

    «Մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Եվ մենք պարտավոր ենք հոգ տանել միմյանց մասին: Յուրաքանչյուր մարդ կարո՛ղ է ինչ-որ կերպ օգտակար լինել»:

    f5922a91a728e3_5922a91a72923.thumb

    Կաթողիկէ բժշկական առաքելության խորհրդի նախագահ Bruce Wilkinson-ը Թոմի մասին ասում է.

     

    «Նա մարմնավորում է Ավրորայի մրցանակաբաշխության երեք առաքինությունները՝ քաջություն, նվիրում, ազդեցություն: Իր մեծ սրտացավությամբ և խոր հավատքով նա դեմ է դուրս գալիս բռնությանը, և նրա ինքնազոհությունը մի սյուն է, որ ոգեշնում է մարդկանց ամբողջ աշխարհում: Մեր կամավորական ծրագրով Կաթողիկէ բժշկական առաքելությունը ծառայում է Թոմի նման մարդկանց, ովքեր իրենց հերթին ծառայում են աշխարհին»:

Օրացույց

Օրացույց


Recent Comments