• Պապական նվիրակ Մարեկ արքեպս. Սոլչինսկին հրաժեշտ տվեց հայ կաթողիկէ համայնքներին

    «Բոլորս պետք է գիտակցենք մեր՝ մեկ Եկեղեցու անդամ լինելը»:


    2017թ. մայիսի 19-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու համայնքներին իր հրաժեշտը տվեց Արհ. Տ. Մարեկ արքեպս. Սոլչինսկին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետի արդեն նախկին նվիրակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Սոլչինսկին այս պաշտոնը վարեց 5 տարի և հիմա, Քահանայապետի որոշմամբ, նվիրակի պաշտոնը կկատարի Տանզանիայում:

     

    Արհ. Տ. Մարեկ արքեպս. Սոլչինսկին հրաժեշտի Սուրբ Պատարագը մատուցեց Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ աթոռանսիտ եկեղեցում՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթղողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանի և հայ կաթողիկէ հոգևորականների ներկայությամբ և համապատարգությամբ, Գյումրիի փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի Անարատ Հղության հայ քույրերի, Հայաստանում և Վրաստանում ծառայող լատին կաթողիկէ վարդապետների, Հայկական Կարիտասի, ամերիկյան բարեգործական CNEWA կազմակերպության աշխատակիցների և Գյումրիի ժողովրդապետության հավատացյալների մասնակցությամբ:

    18623193_10203365825424401_687375928_n 18644295_10203365825104393_371541880_n

    Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին ներկաներին ուղղված իր խոսքում նախ անդրադարձավ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. հունիսի 25-ին Գյումրի այցելության ընթացքում Վարդանանց հրապարակում արտասանած քարոզի շեշտադրություններին.

    «Քահանայապետի այցը գեղեցիկ խորհրդանիշը եղավ ձեր համայնքի վերածննդյան: Նա իր Սուրբ Պատարագի մատուցման որպես նշանաբան ընտրեց Եկեղեցու հոգևոր կյանքի վերակառուցման թեման:

    Այս տաճարը, Տաշիրի և մյուս հայ կաթողիկէ եկեղեցիները տեսանելի նշաններն են Եկեղեցու վերազարթոնքի: Բայց քրիստոնյա համայնքի հոգևոր կյանքը վերակառուցելը քարեղեն տաճարներ կառուցելը չէ միայն: Այս մասին շեշտեց Քահանայապետը Գյումրիում՝ ընդգծելով երեք կարևոր կետ, որոնք անհրաժեշտ են հոգևոր կյանքը վերակառուցելու և հետագան հանգրվաններն ապահովելու համար՝ հիշողություն, հավատք, եղբայրասիրություն:

     

    IMG_2454

    Վերակառուցելու համար քրիստոնյա մի կյանք, որը քանդվել է, նախ պետք է հիշողություն՝ այն վերակենդանացնելու համար, բայց անցյալը հիշելը պետք է օգնի՝ ներկան հասկանալու և դեպի ապագա գնալու համար:

     

    Երկրորդ՝ անհրաժեշտ է հավատքը.Աստված Ի՛նքն է զորավիգ կանգնում՝ մեր կյանքը վերակառուցելու համար:

     

    Եղբայրասիրությունը՝ ողորմած սերը.այս կետի վրա Պապը  հատուկ ուշադրություն դարձրեց:

    Քրիստոնեական կյանքում քանդման պատճառը բաժանումն է: Համայնքի վերածնունդը կապված է միության, համայնքի անդամների միջև սիրո զոդի ստեղծման հետ: Այս միությունը ողորմած սիրո պտուղն է, որը համայնականները փոխանակում են և փոխադարձաբար տալիս միմյանց…

     

    Սերը ամենաազդու գործիքն է քրիստոնյայի համար՝ վերականգնելու այն ամենը, ինչ քանդված է բաժանման հետևանքով:

    Ձեզ հրավիրում եմ ընթանալու առաջ՝ հավատքով և հույսով, եղբայրասիրությամբ:

    Շատ դժվար է մարդկային հարաբերություններում կամուրջներ վերակառուցելը: Բայց մենք ունենք վսեմ մի օրինակ՝ մեր Տերը և Իր սերը, որով գնաց մինչ ի մահ.սրա համար է, որ Տերն ասում է.«Սիրեցե՛ք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի»:

     

    Իմ կողմից երախավորում եմ, որ աղոթելու եմ ձեզ համար ամենուրեք, ուր որ գնամ:

     

    Այս հինգ տարիներին ես առաջին անգամ խոր հարաբերություններ հաստատեցի Հայ Եկեղեցու հետ: Այս ժամանակահատվածում կարողացանք ապրել պահեր, որոնք իրոք արտակարգ էին ձեր համայնքի համար: Բավական է հիշել այս երեք կետերը, որոնք պատմական էին՝

    2015թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում մատուցված Սբ. Պատարագը՝ ձեռամբ Սրբազան Քահանայապետի, 2015-ի սեպտեմբերին Գյումրիի Առաջնորդանիստ տաճարի օծումը և Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան և նաև Վրաստան…

     

    Ձեր համայնքի հետ այս շփումները անջնջելի հետք են թողել իմ հոգում…»:

     

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր խոսքում ևս անդրադարձ կատարեց Սրբազան Քահանայապետի՝ Հայաստան կատարած հովվական այցին՝ այն համարելով մի առիթ՝ որպես հայ Եկեղեցի, մեր շնորհակալությունը հայտնելու Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

    IMG_2470

    «Ես պետք է փոխադարձ սիրո խոսքեր ասեմ: Սիրելի Սրբազանը ապրեց մեզ հետ, որպեսզի մեր ընթացքը հեշտանա, որպեսզի մենք կարողանանք լավագույն կերպով ներկայանալ և հայտնել մեզ՝ որպես կաթողիկէ՛ և որպես հա՛յ: Իր աշխատանքի մեջ մշտապես կար միասնականության նպատակը, որն ինքն ընդհանրապես լռությամբ կատարեց, բայց կարողացավ հարթել, պաշտպանել, օգնել մեզ:

    Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Սրբազան, ձեր բոլոր զոհողությունների համար:

    Կարող եմ վկայել, որ ամենախրթին պահերին և եղբայրասիրական արտահայտություններով Սրբազանը կարողացավ պահպանել եղբայրասիրությունը մեր մեջ»:

     

    Եվ որպես եղբայարսիրութան գեղեցիկ մի քայլ, Ռաֆայել արքեպս. Մինասյանը հայկական օբսիդիանից պատրաստված մի սկիհ նվիրեց Մարեկ արքեպս. Սոլչինսկիին:

    Պապական նվիրակը հականե հանվանե շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և ասաց.

    «Շնորհակալությու՛ն բոլորին, ում հավատքի շնորհիվ այս համայնքը վերածնվեց:

    Ձեր սերունդը կրողն եք մի հոգևոր ժառանգության, որով պետք է նեցուկ լինեք Սրբազան Քահանայապետին, ում հույսը միայն դուք եք:

    Բոլորս պետք է գիտակցենք մեր՝ մեկ Եկեղեցու անդամ լինելը»:

    IMG_2491 IMG_2498

    Սուրբ Պատարագի վերջում պապական նվիրակը խնդրեց բեմ բարձրանալ նաև Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանին և երեք եպիսկոպոսներով միասին իրենց օրհնությունը բաշխեցին հավատացյալներին:

     

    Սուրբ Պատարագի ավարտից հետո պապական նվիրակի պատվին կազմակերպվեց ճաշկերույթ, որին իր մասնակցությունը բերեց նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

    Ճաշկերույթի ժամանակ համերգային ելույթներով հանդես եկան Արվեստի վաստակավոր գործիչ երգիչ Մուրադ Մալխասյանը, Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու երգչախմբի երգչուհի Մերի Մկրտչյանը, երգիչ Կարեն Մայիլյանը:

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց