Մենք Մայր ունենք, որ մեր հույսի աղբյուրն է
Տ. Հովսեփ քհն. Գալստյան
2017թ. մայիսի 12-13-ը Սուրբ Պետրոսի հաջորդը ուխտագնացություն կատարեց դեպի Պորտուգալիայի Ֆաթիմայի սրբավայր, որ Աստվածամորը նվիրված մեծագույն կաթողիկէ սրբավայրերից է: 2017թ. մայիսի 13-ին լրացավ հարյուրամյա հոբելյանը Աստվածամոր երևումների մեկնարկի, որ տեղի ունեցավ պորտուգալական այդ փոքրիկ գյուղի մոտ, 8, 9, 10 տարեկան երեք մանուկների՝ Լուսիայի, Հակինթայի և Ֆրանցիսկոսի ներկայությամբ: Այս երեք մանուկները աշխարհին փոխանցեցին Աստվածամոր շուրթերից իրենց ստացած կարևորագույն պատգամները, որոնք մինչ օր վերլուծվում են: Այս երևումների մասին առավել մանրամասն կգրեմ առանձին հոդվածում:
Այս մանուկների բերանով աշխարհին ուղղված իր պատգամների մեջ Աստվածամայրը մշտապես շեշտում էր երեք բան՝ ամեն օր աղոթել իր Վարդարանը, ապաշխարել և կատարել զոհողություններ կամ քավության գործեր՝ մեր և բոլոր մարդկանց մեղքերի ներման համար:
Ամեն օր միասին Վարդարան աղոթել.
սա մի վստահելի ճանապարհ է աշխարհում խաղաղություն հաստատելու, պատերազմների դադարեցման համար, և սա Սուրբ Կույսի խնդրանքն է: Սուրբ Կույսի այս պատգամի նվիրյալ հետևորդ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, մայիսի 12-ի երեկոյան, Ֆաթիմայի Երևումների տաճարում, վառված մոմերը ձեռքներին մոտ 1մլն հավատացյալների բազմության հետ միասին, Ֆաթիմայի Աստվածամոր սպիտակ արձանիկի դիմաց խոնարհությամբ, ինքնամոռաց աղոթում էր Սուրբ Վարդարանը: «Մենք կարող ենք խորհրդածել Մարիամի մասին՝ իր կյանքի տխուր, ուրախ, լուսավոր, փառավոր պահերի հերթագայության ընթացքում, որոնցում մասնակցում ենք Վարդարան աղոթելիս: Քրիստոսի և Մարիամի հետ մենք հանձնվում ենք Տիրոջը,-ասաց Քահանայապետն հավատացյալներին ուղղված իր խոսքում և հիշեցրեց իր նախորդի՝ Պողոս 6-րդ Քահանայապետի՝ 1970թ.-ի խոսքը,-«Եթե ուզում ենք լինել քրիստոնյա, հարկ է, որ լինենք մարեմյաններ, այլ խոսքով, մենք պետք է ի գիտություն ընդունենք էական, կենսական և նախախնամական այն հարաբերությունը, որ միացնում է մեր Տիրուհուն և Հիսուսին, մի հարաբերություն, որ մեր առջև բացում է դեպի Աստված տանող ճանապարհը»:
Մարիամի նվիրյալ Ֆրանցիսկոսն առաջարկում է մեզ լավ մտածել ու հասկանալ, թե ո՛ր Մարիամին ենք մենք նվիրվում՝ «հոգևոր կյանքի ուսուցչի՞ն, ով առաջինը հետևեց Հիսուսին Խաչի նեղ ճանապարհով և օրինակ եղավ մեզ համար, թե՞ մի Տիրուհու, որ անհասանելի է մեզ համար…մի օրհնյալ Կնո՞ջ, որ միշտ հավատում է Աստծո խոսքերին, թե՞ մի արձանիկի, ումից միշտ ինչ-որ էժանագին բաներ ենք խնդրում…մեր ստեղծած Մարիամի՞ն, թե՞ մեկին, ով բռնում է վրեժխնդիր Աստծո բազուկը»:
Մարիամը մեզ համար Աստծո ողորմության մի գեղեցիկ արտահայտություն է, որ մեզ առիթ տալիս մտածել աստվածային սիրո և մեր ապերախտության, մեր անհրաժեշտ դարձի մասին: «Երբ էլ որ նայենք Մարիամին, վերստին սկսում ենք հավատալ սիրո և քնքշության հեղափոխական բնույթին: Նրանում մենք տեսնում ենք, որ խոնարհությունը և քնքշությունը ոչ թե թույլերի, այլ՝ ուժեղների առաքինությունն են, ովքեր կարիք չունեն ուրիշներին վատ վերաբերվելու, որպեսզի իրենք իրենց կարևոր զգան…»: Այսու Ֆրանցիսկոսը մեզ հիշեցնում է իր կարևորագույն գրություններից մեկի՝ «Ավետարանի ուրախության» տողերը (288) և Մարիամին անվանում ավետարանացման մոդել:
Քահանայապետն իր սակավ, բայց միշտ դիպուկ խոսքերը մայիսի 12-ի Հսկման այդ երեկոյան ավարտեց ապաշխարության հուզիչ և քնքուշ մի աղոթքով, որ կարելի է միշտ կրկել Վարդարան աղոթելիս.
«Սրտիս հպարտությունն ինձ հեռացրեց քեզնից՝ հետևելով սեփական նկրտումներիս և հետաքրքրություններիս՝ առանց փառքի պսակ վաստակելու: Փառքիս միակ հույսը, Տէ՛ր, այս է, որ Մայրդ ինձ իր գի՛րկն առնի, ապաստան տա ինձ իր թիկնոցի ներքո և ինձ մոտեցնի Քո սրտին, Ամէն»:
Մենք Մայր ունենք, որ մեր հույսի աղբյուրն է
Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ճիշտ այն օրը, երբ Տիրամայրը առաջին անգամ երևաց երեք մանուկներին, Nossa Senhora do Rosário de Fatima տաճարի բակում Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց 1,5 մլն բազմության առջև: Արևի ջերմ ճառագայթների ներքո հնչում էին Քահանայապետի քարոզի հանդարտ, բայց շատ զորեղ խոսքերը. «Մենք մի Մա՛յր ունենք, «այնքա՛ն գեղեցիկ մի Տիկին», ինչպես ասացին Ֆաթիմայի փոքրիկները միմյանց, երբ վերադարձան տուն, մայիսի 13-ին, հարյուր տարի առաջ…»:
Քահանայապետի խոսքի գլխավոր շեշտը հու՛յսն է, որ տալիս է մեզ Աստվածամայրը.
«Մենք մայր ունենք, սիրելինե՛ր, նրան միանալով զավակների նման՝ մենք ապրում ենք մի հույսով, որ հենված է Հիսուսի վրա…»: Այս հույսն արժևորվում է Հարության լույսի ներքո.«երբ Հիսուս երկինք բարձրացավ, Նա իր Հոր մոտ տարավ մեր մարդկությունը, որը նա վերցրեց Մարիամի արգանդում և երբեք չի թողնի»:
Այս հույսով զորացած՝ Քահանայապետը կոչ է անում մտածել այն շնորհների մասին, որ անցած հարյուր տարիներին մենք վայելել ենք Մարիամի բարեխոսությամբ՝ «նրա թիկնոցի լույսի ներքո, որ տարածվեց աշխարհի չորս կողմը», որի մեջ ընկղմված էին երեք փոքրիկները: Այդ լու՛յսն էր նրանց աղբյուրը զորության՝ դիմագրավելու հակառակությանը և տառապանքին, որոնց նրանք առերեսվեցին՝ պատմելով Աստվածամոր երևումների իրենց փորձառության մասին: Քահանայապետը մեզ խնդրում է օրինակ վերցնել փոքրիկ Ֆրանցիսկոսից և Հակինթայից, որոնց նույն Սուրբ Պատարագի ընթացքում՝ մայիսի 13-ին, սուրբ հռչակեց: «Աստծո ներկայությունը մշտական դարձավ նրանց կյանքում, ինչպես անկհայտ է նրանց ջերմեռանդ աղոթքներից՝ հանուն մեղավորների…», ասաց Քահանայապետը և խոստովանեց, որ չէր կարող չայցելել ֆաթիմա՝ պատվելու Սրբուհի Աստվածամորը և նրան վստահելու «նրա բոլոր որդիներին ու դուստրերին»: Պետրոսի այս արժանի հաջորդը չէր կարող չհիշել նաև աղքատներին ու արհամարվածներին.Մարիամից հայցեց հույս և խաղաղություն՝ ամբողջ մարդկության համար, հատկապես, հիվանդների, հաշմանդամների, բանտարկյալների ու գործազուրկների, աղքատների ու լքյալների համար»:
Քահանայապետը մեկ կարևոր շեշտադրություն էլ արեց.
«Աստված մեզ ստեղծել է՝ լինելու հույսի աղբյուր՝ ուրիշների համար…Մենք չենք ուզում լինել կանխածին հույս: Կյանքը կարող է շարունակվել միայն ուրիշ կյանքերի առատաձեռնությամբ: «Եթե ցորենի հատիկը չընկնի հողի մեջ և չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, բայց եթե մեռնի բազում արդյունք կտա», Հվհ., 12:24»:
Մի՛ ամաչեք լինել Եկեղեցու գանձերը
Սուրբ Պատարագից հետո Քահանայապետը մոտեցավ հիվանդներին, օրհնեց նրանց Սուրբ Հաղորդությամբ և դարձյալ խոսեց հույսի մասին՝ տալով նրանց մխիթարության, զորության մի ամուր կռվան՝ հետևյալ խոսքերով.
«Երբ մենք խաչ ենք կրում, Հիսուս արդե՛ն մեզնից առաջ կրել է այդ Խաչը, իր Չարչարանքի մեջ Նա իր վրա կրեց մեր բոլոր տառապանքները: Հիսուս գիտի ցավի իմաստը, Նա հասկանում է մեզ, նա մխիթարում է մեզ և զորացնում, ինչպես Սուրբ Հակինթային և Սուրբ Ֆրանցիսկոսին»: Այս մանուկները ևս խաչ կրեցին՝ նախ ծաղրն ու անհավատություն իրենց համայքնում, երբ սկսեցին պատմել Աստվածամոր երևումների մասին, ապա հիվանդություն և մահ, Հակինթան մահացավ 10 տարեկանում, իսկ Ֆրանցիսկոսը՝ 11:
Հիսուս ներկա է մեր եղբայրների ու քույրերի վերքերում, ովքեր հիվանդ են և տառապում են, նրանց մեջ մենք տեսնում ենք Հիսուսին վերքերը: Քահանայապետը հրավիրում է բոլոր հիվանդներին նվիրվել և սեփական ցավը նվիրել Հիսուսին և հիշեցնում է, թե ինչպես Մարիամը հարցրեց երեք փոքրիկներին.«Ուզու՞մ եք նվիրվել Աստծուն»: Նրանց «այո՛»-ն մեզ օգնում է հասկանալ ու նմանվել նրանց, որ իրենց ուրախություններն ու վշտերը նվիրեցին Տիրոջը:
Սրբազան Հայրը շատ զորեղ բառերով հրավիրում է հիվանդներին իրենց կյանքը ապրել որպես մի նվեր և ամբողջությամբ կիսելով Եկեղեցու առաքելությունը.
«Ձեր լուռ ներկայությունը, որն ավելի պերճախոս է, քան բառերի տարափը, ձեր աղոթքները, ձեր ամենօրյա տառապանքի նվիրումը՝ Խաչյալ Հիսուսի չարչարանքների հետ միասին, ձեր վիճակի համբերատար և նույնիսկ ուրախ ընդունումը, այս բոլորը հոգևոր պաշար են յուրաքանչյուր քրիստոնեական համայնքի համար: Մի՛ ամաչեք լինել Եկեղեցու թանկարժեք գանձերը»:
Մայիսի 14-ին, արդեն Հռոմում, Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ Ֆրանցիսկոս Քահանայապետն ասաց.
«Շնորհակալ եմ Տիրոջը, որ ինձ թույլ տվեց գնալ Կույս Մարիամի ոտքերի առաջ՝ որպես հույսի և խաղաղության ուխտավոր»: